2004 թ. վերջին Նյու Յորքում հրատարակվել է Փրովիդենսի (Ռոդ Այլենդ, ԱՄՆ) Բրաուն համալսարանի Մարդու զարգացման ուսումնասիրության կենտրոնի հրավիրյալ դասախոս, պրոֆեսոր Վիտալի Յանկոյի առաջին վիպակը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
1975-1991 թթ. Հայաստանում ապրած ինժեներ Վիտալի Յանկոն հաճախ է իր արձակուրդը կնոջ հետ անցկացրել Սուխումում: Այստեղ էլ նա ծանոթացել է Նարգիզ Ժամկոչյանի հետ, որի հիշողությունները հիմք են դարձել իր ներկա կենսագրական արձակ պատումի համար:
Նարգիզ Ժամկոչյանը մեկն էր նրանցից, ովքեր մահից մազապուրծ էին եղել դարասկզբին: Սուխումում կայացած հանդիպումների ժամանակ Վ. Յանկոն գրի է առնում նրա հիշողությունները մաս առ մաս` խոստանալով տպագրել նրա ընտանիքի պատմությունը:
4-ամյա աղջկա առաջին հիշողությունն այն է, թե ինչպես ինքը եւ իրենից 2 տարով փոքր եղբայրը` Հակոբը, Սեւ ծովի թուրքական ափին պառկած սպասում են մի նավակի, որն իբր իրենց պետք է փրկի, բայց դա իրականում ծուղակ է: Այսպես նրանց ուժասպառ անող թուրքը պարզապես մտադրվել էր տանջամահ անել երեխաներին ծարավով: Ինչ-որ ձեւով աղջկան հաջողվում է փախչել, բայց եղբորը նա կորցնում է ընդմիշտ: Այդ օրվանից նա չի կարողանում առանց մղձավանջային տեսիլների անցնել ծովի կողքով:
Նարգիզի պապին` հաղթանդամ մի տղամարդու, թուրքերը տանում են` կտրելով մատը, որ հանեն ոսկե մատանին: Հորեղբայր Սիմոնը խելագարվում է` չկարողանալով դիմանալ հոր կորստին: Նրան փրկում է Բաքրո անունով մի քուրդ, եւ նա հետագայում կրոնափոխ է լինում:
Թուրքական սարսափների մասին հիշողությունները միախառնվում են խորհրդային ժամանակների սարսափներին: Խորհրդային Միությունում անցկացրած կյանքի, մյուս հորեղբոր` Հարութի սիրո պատմության ու ձերբակալման, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմաճակատում զոհված ամուսնու եւ այլ տխուր պատմությունների շարքում կենտրոնական տեղ է զբաղեցնում ծովափին թողած եղբոր մասին ծանր հիշողությունը: Նարգիզն իրեն այդպես էլ երբեք չի ներում նրան լքելու համար:
Յանկոյի «Ծովափին տրված խոստումը» գիրքը հետաքրքրական է նրանով, որ հեղինակին հաջողվել է յուրահատուկ ոճով ու հմտությամբ ելեւէջելով հայկական անցյալի եւ խորհրդային իրականությանն առնչվող հիշողությունների միջով` թույլ չտալ, որ վիպակը լինի սոսկ հերթական պատմություն:
ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի 5-րդ կուրսի թարգմանչական խմբի ուսանողուհի