«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2005-02-18 | #30, 2005-02-19 | #31, 2005-02-22


ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արծրուն Պեպանյանի «Կալիգուլա» պատմավեպը

Ինձ միշտ էլ զարմացնում են արվեստի աշխարհի մարդիկՙ նկարիչները, գրողները, երաժիշտները... Հատկապես մեր ժամանակներում, մեր ժամանակների Հայաստանում: Շարունակում են գրել, նկարել, ստեղծագործել, թեեւ այսօր հեռուստատեսային էկրանն ու համակարգիչները պարզապես կլանել են մարդկանց, նրանց հասցրել ինքնաոչնչացման եզրինՙ ամեն օր, ամեն ժամ քաղաքական տեղեկատվություններ, սպանություններ, սեւ պատմություններ ժայթքելով: Սրանով բավարարվում ենք եւ շատ արագորեն վերածվում զոմբիիՙ պատրաստ ամեն վայրկյան քաղաքական գործիչ կամ հեղափոխական դառնալու: Բանաստեղծություն, պատմվածք կարդալու ժամանակ չի մնում: Իսկ վե՞պ, հատկապեսՙ պատմավեպ... Բայց կան գրողներ, ովքեր շարունակում են պատմավեպեր գրել: Ավելինՙ միջոցներ են գտնում դրանք հրատարակելու համար:

Այդպիսի գրողներից է Արծրուն Պեպանյանը, որի «Կալիգուլա» վեպը կարդացի վերջերս:

Հռոմեացի հզոր կեսարներից մեկիՙ Գայոս Կեսար Գերմանիկոսի (կամ ինչպես նա մնացել է պատմության մեջՙ Կալիգուլայի) մասին պատմող այս գործը բարդ է իր հանգուցալուծումներով: Սակայն ի պատիվ Արծրուն Պեպանյանի ասենք, որ հեղինակը կարողացել է ոչ միայն հետաքրքրաշարժ կենսագրություն ներկայացնել, այլեւ հոգեբանական լուրջ վերլուծություններ կատարել:

Նախապես մեզ ներկայացվող բարի, անհիշաչար կայսրը, ով իր ժողովրդի համար ջրմուղ էր կառուցել Տիբուի մարզում, երկու անգամ գումարներ էր բաշխել իր երկրի բոլոր հպատակներին, ով Սամոսատում կառուցում էր Պոլիկրատեսի պալատը, Միլեթումՙ Դիդիմեական տաճարը, Ալպիական լեռներում քաղաք էր հիմնում եւ այլն, կարճ ժամանակ անց լիովին փոխում է իր վարքը: Մահվան Վեներայի պանդոկ այցելության ժամանակ նրան խունացած մագաղաթների կապկպված երեք փաթաթ են տալիս: Այդ մագաղաթներում բանսարկություններ, մատնություններ ու բամբասանքներ էին: Բամբասանքներից խորշող կեսարը համարյա կաթվածահար է լինում: Նա չէր կարող երեւակայել, որ իր հորՙ Գերմանիկոսի եւ իրՙ Գայոսի հովանավորության տակ են եղել շառլատաններն ու բանսարկուները: Եվ իրեն ուղեկցող Մակրոնին նա հռետորական մի հարց է տալիս.

«- Եվ ի՞նչ է մնում ինձ անել, Մակրոն: Ես կարո՞ղ եմ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրել եմ»:

Իհարկե, չի կարող, չի կարող, որովհետեւ հոգեբանական հզոր հարված է ստանում թիկունքից:

Արծրուն Պեպանյանը կարողացել է նուրբ ու վարպետորեն գծել կեսարի վերափոխման գործընթացը: Տառապալից է այդ ճանապարհըՙ Գայոս Գերմանիկոսից Կալիգուլա դառնալու ուղին (ի դեպ, նշենք, որ Գայոսի կենդանության ժամանակ նրան ոչ ոք չի անվանել Կալիգուլա: Կալիգա նշանակում է կոշիկ, Կալիգուլան այդ բառի փաղաքշական ձեւն է):

Դեռեւս Կալիգուլայից առաջ Տիբերիոսն ու Սուլլանՙ հին Հռոմի պատմության այս երեւելի դեմքերը հեռացան, որովհետեւ Հռոմում քծնում էին բոլորը:

«Նրանք երկուսն էլՙ Տիբերիոսը եւ Սուլլան, հեռացան, քանի որ երկյուղում էին խեղդվել քծնանքի ծովում, նրանք զզվել էին ամեն քայլափոխի անարժանապատիվ դեմքեր տեսնելուց, ինչպես տեսնում է, ահա, ինքը...»: Այս նկարագրությունը հին Հռոմի, թե՞ մեր օրերի Հայաստանի մասին է: Դժվար է ասել: Ու հենց նաեւ սրանով է արժեւորվում Արծրուն Պեպանյանի պատմավեպը:

Սովորություն չունեմ պատմելու լավ գրքի սյուժեն: Միայն ուզում եմ մեջբերում անել պատմավեպի վերջին մասից, ուր մահացող Կալիգուլան ասում է, որ Հռոմի այդ ժամանակներում բանական ամեն մարդ, դառնալով կեսարը մարդու այդ տեսակին (որն իր ժամանակի հին Հռոմի մարդն էր) անխուսափելիորեն պիտի խելագարվեր: «Դուք ինձ պատմությանը որպես խելառ կմատուցեքՙ ձեր ոչնչությունը քողարկելու համար, կանչեց Կալիգուլան մարդկային խռնված կույտի միջից արդեն նվաղող ձայնով, բայց դա չի հաջողվի, քանզի ճշմարիտը կհայտնվի նորից, երբ Աստվածը երկրի վրա կլինի երկու հազար տարեկան, իսկ դա ակնթարթ է նրա համար»:

«Աշխարհը մնաց կարգի բերելու», գրում է Արծրուն Պեպանյանը: Հավատանք, որ այդպես էլ կլինի:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4