Երեկ խմբագրությունը գրություն ստացավ քաղաքացի Վարդգես Գասպարյանից, որտեղ նշվում էր, թե նա սկսում է «Հայռուսգազարդի» դեմ հացադուլի վեցերորդ շաբաթը: Հիշեցնենք, որ «Ազգի» փետրվարի 18-ի համարում տպագրվել էր Վարդգես Գասպարյանի բողոք-նամակը, որտեղ նա մեղադրում էր «Հայռուսգազարդին» եւ նրա հովանու տակ գտնվող ՍՊԸ-ներին` անօրինությունների, տասնյակ հազարավոր բնակիչներից մեծ գումարներ շորթելու համար:
Քաղաքացին նամակում նշում է, որ ինքը բողոք-հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ թույլ կտան իր ուժերը եւ քանի դեռ հրապարակավ պատասխանատվության չեն ենթարկվել անօրինականություն, քաղաքացիական եւ մարդու իրավունքների ոտնահարություն թույլ տված «Հայռուսգազարդը», նրա հովանու տակ աշխատող «Աշլիտ» ՍՊԸ-ն եւ ոստիկանության կենտրոնական բաժանմունքը:
Այնուհետեւ Վ. Գասպարյանը ավելացնում է. «Հարկ եմ համարում ընդգծել` ինձ կբավարարի ոչ թե որեւէ «խոհանոցային» լուծում, այլ հրապարակային, քանի որ իմ բողոքն ունի հասարակական բնույթ եւ միտված է հասարակությանը»: