Լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը ադրբեջանական մամուլին պատմում է ԼՂՀ-ում իր տեսածն ու զգացածը
Ադրբեջանական «Մոնիտոր» ամսագրի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաեւը, որ փետրվարի 11-20-ը այցելել էր ԼՂՀ եւ Աղդամի շրջան, վերադառնալով Բաքու, իր տպավորությունների մասին պատմել է «Զերկալո» եւ «Էխո» թերթերին: «Զերկալոն» իր հոդվածը վերնագրել է հետեւյալ կերպ. «Երեխայական միամտությո՞ւն, թե՞ դավաճանություն»:
«Փետրվարի 10-ին ժամանեցի Երեւան եւ 1 օր անց սկսեցի աշխատանքը Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ «ԼՂՀ» իշխանությունները մնացին հավատարիմ իրենց պարտավորություններին: Իմ գործունեության համար ստեղծվել էին բոլոր պայմաններըՙ առանց որեւէ սահմանափակման: Միակ արգելքը եղավ Աղդամի շրջանում, այնտեղ ինձ թույլ չտվեցին որեւէ բան նկարել կամ տեսագրել: Մնացած տեղերում գործունեության լիովին ազատություն էր ինձ տրված», «Էխոյին» ասել է Ֆաթուլաեւը:
Հարցին, թե ի՞նչն է ավելի շատ զարմացրել, «Մոնիտորի» թղթակիցը պատասխանել է. «Քաղաքացիական եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Ղարաբաղում: Ինձ ասացին, որ նման ինստիտուտներն ավելի են զարգացած, քան Երեւանում: «ԼՂՀ նախագահ» Արկադի Ղուկասյանի խոսքերով, աշխարհը «ԼՂՀ»-ին չի ների ավտորիտար ու հակաժողովրդական վարչակարգի համար, եւ այդ պատճառով մենք պարտավոր ենք զարգացնել քաղաքացիական ինստիտուտները»:
«Ես գրավյալ տարածքներում եղել եմ 5 տարի առաջ եւ, անկեղծ ասած, այդ ժամանակաընթացքում եղել են մեծ փոփոխություններ: Ռազմաքաղաքական վարչակարգը վերափոխվել է կիսաժողովրդավարականի: Բայց ընդհանուր առմամբ «ԼՂՀ»-ն ժողովրդավարական անվանել չի կարելի, չնայած Ղարաբաղում արդեն անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ: 2004 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց ընդդիմության ներկայացուցիչը: Ղուկասյանի գլխավոր հակառակորդ Էդուարդ Աղաբեկյանը դարձավ քաղաքագլուխ: Բացի այդ, Ղարաբաղում կան անկախ լրատվամիջոցներ: Ես ծանոթացել եմ ընդդիմադիր պարբերականների աշխատակիցների հետ: Նրանք բավականաչափ կոշտ քննադատում են «ԼՂՀ» իշխանություններին, եւ դա նյարդայնացնում է, բայց նրանք ցուցաբերում են զսպվածություն», ասել է Ֆաթուլաեւը:
Ադրբեջանցի լրագրողը Արկադի Ղուկասյանի, արտգործնախարար Արման Մելիքյանի, այլ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներում այն տպավորությունն է ստացել, որ հայկական կողմը որեւէ պայմաններում չի վերադարձնի Լաչինը եւ Քելբաջարը. «Այդ պատճառով էլ նրանք վերաբնակեցնում են այդ շրջանները»:
«Լաչին շրջկենտրոնը գրեթե 80 տոկոսով բնակեցված է: Կառուցվել են դպրոցներ, բուժհիմնարկներ, պոլիկլինիկա, մի խոսքովՙ վերականգնվել են ողջ շրջանի ենթակառուցվածքները: Չափազանց հետաքրքրական է Լաչինի շրջանի բնակիչների կազմը: Այնտեղ բնակվում են հայեր Իրաքից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիբանանից: Շատ են Լաչինի շրջանում սպիտակցի հայերը, որոնք իրենց տները կորցրել են երկրաշարժի պատճառով», ասել է Ֆաթուլաեւը եւ հավելել, որ 11 օրվա ընթացքում ոչ մի անգամ էլեկտրականությունը չի անջատվել, Ղարաբաղի ողջ բնակչությունն ապահովված է բնական գազով:
Ադրբեջանցի լրագրողը հանդիպել է նաեւ իր հայրենակիցներին: «Ստեփանակերտում եւ Ասկերանում ապրում են ադրբեջանական ընտանիքներ, ընդ որումՙ շատ նորմալ: Ստեփանակերտում նրանց թիվը 10-15 է, Ասկերանումՙ ընդամենը 10: Ես նրանցից վերցրի հարցազրույցներ «Մոնիտոր» ամսագրի համար: Օրինակ, ինձ տուն հրավիրեց ասկերանցի Թոֆիկ Ռասուլովը: Նա ծնունդով Ուջարի շրջանից է: Ընտանիքով Ասկերան է տեղափոխվել 60-ականներին: Հայտնի իրադարձությունների պատճառով 1989-90 թթ. նա վերադարձել է Ուջար: Բայց այնտեղ չի կարողացել ապրել եւ հետ է վերադարձել: Նա եւ իր ընտանիքն Ասկերանում ապրում են շատ հանգիստ եւ բնական կյանքով»:
«Զերկալո» թերթին հատկապես նյարդայնացրել է, որ Ֆաթուլաեւը Խանքենդիի փոխարեն գործածում է Ստեփանակերտ անունը եւ ընդհանրապես այն, որ լրագրողն իր տեսածն ու զգացածը ներկայացնում է ազնվորեն եւ առանց կրքերի:
Արկադի Ղուկասյանի եւ Արման Մելիքյանի հետ երկարատեւ զրույցներից ադրբեջանցի լրագրողը եկել է այն մտքին, որ նրանք «բաց մարդիկ» են. «Ինձ հետ զրույցում Ղուկասյանը նկատեց, որ Ադրբեջանի իշխանություններին չի հորդորում իրենց հետ խոսել հայերենով, ինչպես Սաակաշվիլին էր աբխազների եւ օսերի հետ խոսում նրանց լեզվով: Ընդգծվում էր, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղի հայերին համարում է իր քաղաքացիները, ապա ինչո՞ւ է նրանց հետ խոսում ուժի դիրքերից: Սկզբունքորեն ես տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են երկխոսության: Ինչպես ինձ ասաց «ԼՂՀ» բարձրաստիճան մի պաշտոնյաՙ այսօր նրանք չեն բացառում մեկ ընդհանուր պետության շրջանակներում պաշտոնական Բաքվի հետ հորիզոնական հարաբերությունների հաստատումը»:
«Այժմ Ղարաբաղում մեծանում է մի սերունդ, որն ընտելացել է այն մտքին, որ Ղարաբաղը առանձին վարչական սուբյեկտ է եւ չի մտնում Ադրբեջանի կազմի մեջ: Մի քանի տարի անց այդ սերունդը գալու է քաղաքականություն, բիզնես, իր տեղն է զբաղեցնելու ղարաբաղյան հասարակությունում: Եվ այդ ժամանակ այդ մարդկանց հետ պայմանավորվելն ավելի դժվար է լինելու, քան այսօրվա իշխող խմբի հետ: Այդ կապակցությամբ Ղարաբաղի իշխանություններն ընդգծում են, որ պատրաստ են բանակցություններ վարելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետՙ անգամ նախարարների մակարդակով», ասել է Ֆաթուլաեւը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ