Վերջապես գիտակցում են Մ. Նահանգներում
Ամերիկյան հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջոռնլ» թերթն անցյալ շաբաթ «Եվրոպայի հիվանդ մարդը... վերստին» խորագրով ցնցող հոդված տպագրեց Թուրքիայի դեմՙ զայրույթի ալիք առաջացնելով ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ամերիկայում: Առաջնորդող հոդվածը գրել էր ոչ թե Թուրքիայի հետ հաշիվներ ունեցող ինչ-որ մեկը, այլ «Ջոռնլի» խմբագրական էջի ավագ աշխատակից Ռոբերտ Լ. Պոլոքը, որն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում իրեն բնութագրել է որպես Թուրքիայի բարեկամ:
«Ուոլ սթրիթ ջոռնլը» պատահական թերթ չէ, որ նման անբարյացակամ հոդված է տպագրում Թուրքիայի դեմ: Որպես ամերիկյան գործարար աշխարհի եւ ռազմավարական շահերի անպաշտոն խոսափող, թերթն անցյալ 50 տարիներին ջանասիրաբար պաշտպանել է Թուրքիային եւ եթե այդ հրատարակությամբ կտրուկ շրջադարձ է կատարում ու իր երկարամյա «հովանավորյալին» քննադատում, նշանակում է, որ այդ կտրուկ շրջադարձն ընդհանրապես ամերիկյան վերաբերմունքի մեջ է: Պոլոքն «Ամերիկայի ձայնին» ասել է, որ իր հոդվածում արտահայտված է Թուրքիայի վերաբերյալ Ամերիկայի ներկա տեսակետը, եւ որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ համակարծիք են իր մտահոգություններին:
Նա իր երկար հոդվածը սկսում է գրելով Ստամբուլում կազմակերպված մի ցուցահանդեսի մասին, որտեղ կտավները ներկայացրել են «գիրուկ կապիտալիստներ քեռի Սեմի գլխարկներովՙ շրջապատված հյուծված բանվորներով»: Դա ցույց է տվել նրան, որ «50 տարվա հատուկ հարաբերությունները» չեն կարողացել վերափոխել Ստամբուլի էլիտար շրջանակների մտավոր անկումայնությունը, որ 2002 թ. ընտրությունները ջախջախել են կոռումպացված գլխավոր կուսակցություններին, որոնք թուրք-ամերիկյան հարաբերություններն էին թմբկահարում, եւ փոխարինել դրանք «Արդարության եւ զարգացման իսլամիզմով»: Հին ձախակողմյանների եւ նոր իսլամիստների այս համակցությունն էլ պատճառ է դարձել հարաբերությունների վատացման: Փետրվարի սկզբներին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դուգլաս Ֆեյթի հետ իր Անկարա այցելության ժամանակ Պոլոքն այնտեղ հայտնաբերել է «թունոտ մի միջավայր», որտեղ յուրաքանչյուր քաղաքագետ եւ լրատվամիջոց (աշխարհիկ թե կրոնական) այնպիսի ծայրահեղության է հասցնում ամերիկա-հրեական ատելությունը, որ գերազանցում է արաբական աշխարհի պետականորեն հսկողության ենթարկված մամուլի հաղորդումներին:
«Եթե ես խուսափում եմ «նացիստական» անվանել այդ երեւույթը, պարզապես այն պատճառով է, որ Գեբելսն ինքը կմերժեր այդ միջոցներից շատերըՙ որպես չափազանց կոպիտ», նշում է Պոլոքըՙ ավելացնելով, որ թուրքական մամուլն առիթը բաց չի թողել այդ օրերին պաշտպանության նախարարի օգնականին պիտակավորել «եւս մեկ հրեա» բառերով: Նա շարունակում է մեջբերումներ կատարել «Հյուրիեթից», որն իսրայելական զինվորական ջոկատներին ամբաստանել է Մոսուլում Թուրքիայի անվտանգության անձնակազմի անդամների սպանության համար, «Սաբահից», որտեղ անցյալ աշնանը մի լրագրող ամբաստանել էր Թուրքիայում Մ. Նահանգների դեսպան Էրիկ Էդելմանինՙ գրելով, որ «էթնիկական ծագումով է պայմանավորված նրա վարքագիծը»ՙ ակնարկելով նրա հրեական ծագումը: Պոլոքը գրում է, որ ըստ թուրքերի «այն ամենը, ինչ Մ. Նահանգներն անում է աշխարհում, նույնիսկ ցունամիից տուժածներին օգնության հասնելը, հետապնդում է չար նպատակներ», որ մենք «պարզապես հրեաների թելադրանքներով ենք շարժվում»:
Նա նույնիսկ հիշեցնում է, որ թուրք խորհրդարանականները «ցեղասպանության» մեջ մեղադրեցին Մ. Նահանգներին, եւ «վարչապետ Էրդողանը (որը, հավատացած էինք, ժողովրդավարության օրինակ կծառայի) աշխարհի այն փոքրաթիվ առաջնորդներից էր, որ հարցականի տակ դրեց Իրաքում ընտրությունների օրինականությունը»: Առանց բառեր խնայելու, Պոլոքը թուրքերի վարչապետին «պրոֆեսիոնալ կեղծավոր» է անվանում: Էրդողանը Կոնդոլիզա Ռայսին բողոքել էր «West wing» («Արեւմտյան թեւ») հեռուստատեսային շոուի ընթացքում Թուրքիան անբարենպաստ ձեւով ներկայացնելու համար: Այդ շոուի դրվագներից մեկը պատկերում է, որ Թուրքիայում իշխանության գլուխ է եկել մի հետամնաց կառավարություն, որը ճնշում է կանանց իրավունքները: Պոլոքը հեգնական տոնով նշում է. «Բայց դա իրոք այդպես է»:
Պոլոքն իր հոդվածում նշում է Թուրքիայի օգտին Մ. Նահանգների վարչակարգի կատարած քայլերը: «Մոռացվել է, որ նախագահ Բուշն առաջիններից էր, որ ողջունեց վարչապետ Էրդողանին»: Այդ ժամանակ դեռ Թուրքիայում անգամ կասկածներ կայինՙ այդ պաշտոնի համար նա բավականաչափ աշխարհի՞կ է, թե՞ ոչ: Մոռացվել է տասնամյակների ռազմական օժանդակությունը: Մոռացվել են կասպիական նավթը Ջեյհան հասցնելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության բանաձեւերը Կոնգրեսում ձախողելու ամերիկյան ջանքերը: Մոռացվել է նաեւ Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու օգտին Ամերիկայի հարատեւ քարոզչությունը»:
Ի դեպ, հակաթուրքական մթնոլորտի ստեղծման շրջանակներում «Ուոլ սթրիթ ջոռնլն» առաջին անգամ Հայոց ցեղասպանությունն օգտագործում է առանց «այսպես կոչված» բառերի:
Պոլոքն իր հոդվածն ավարտում է չարագուշակ բառերով. «Թուրքիան հեշտությամբ կարող է անցնել երկրորդ կարգի երկրների շարքը, որովհետեւ ԱՄՆ-ի հետ բարեկամությունն սպառած, Եվրոպայում անընդունելի, նեղմիտ, պարանոյիկ եւ լուսանցքային երկիր է»:
Հարաբերությունների նման ավարտը ողջունելի է բոլոր նրանց համար, ովքեր երկար ժամանակ փորձում էին ցույց տալ թուրքական վարչակարգի իսկական դեմքը:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»