Օրերս լրացավ անգլո-ֆրանսիական ուժերի Կ. Պոլիսը գրավելու նպատակով Դարդանելում ձեռնարկած ռազմածովային ձախողված գործողությունների 90-րդ տարելիցը: Թեեւ 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո Անտանտի զորքերը նախ գրավեցին Դարդանելի նեղուցը, ապա եւ Ստամբուլը, այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ Թուրքիան պաշտոնական հանդիսություններ կազմակերպի տարելիցի առթիվ:
Թերեւս այս տարվա հանդիսություններից պետք է առանձնացնել «Դարդանելի հերոսամարտը 90 տարվա վաղեմությամբ» խորագրով Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի Պատվո սրահում լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է նաեւ Թուրքիայում Մեծ Զելանդիայի դեսպանը:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը: Նա ընդգծել է Դարդանելի հերոսամարտի 90-ամյակը տոնելու կարեւորությունը, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանըՙ ասելով. «Հայերն էլ երազում են նշել, իրենց բնութագրմամբ, ցեղասպանության 90-րդ տարելիցը: Նրանց անհիմն պնդումներին ի լուր աշխարհի հակադրում ենք պատմության ամենամեծ ճշմարտությունը, որը Դարդանելն է: Ազնվացեղ մեր ազգի զավակները, որոնք իրենց հացի փշրանքներն ու ջրի վերջին կաթիլները կրակագծում կիսում էին թշնամու զինվորների հետ, չէին կարող երբեւէ ցեղասպանություն իրագործել»:
Հ. Չ.