Երեկ «Ֆեմիդա» ՀԿ-ն Եվրոհանձնաժողովի «ԶԼՄ-ների դերն իրավական պետության կայացման գործում» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման եւ քննարկման էր հրավիրել ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության (ԹԱՇ) դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Մկրտչյանին եւ հասարակության հետ կապի ու լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանին: Պրն Մկրտչյանը նախ համառոտ ներկայացրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի մանրամասներն ու նշեց, որ համաշխարհային հանրության գերխնդիրն է վերը նշված հանցագործությունը: Ըստ նրա, «եթե համեմատելու լինենք եվրոպական եւ հարեւան երկրների հետ, ապա մեր հանրապետությունում իրավիճակը համեմատաբար «հանգիստ» ու վերահսկելի է»: Հայաստանը, գտնվելով թմրամիջոցների տարածման մի շարք երկրների խաչմերուկում, շատ լուրջ խնդիրներ կունենա, եթե դառնա տարանցիկ թմրամիջոցներ տարածողների համար:
Անդրադառնալով տրաֆիկինգին, պրն Մկրտչյանը նշեց, որ մեզանում այն ի հայտ է եկել շուրջ 10 տարի: Սակայն «մի շարք ՀԿ-ներ, լրատվամիջոցներ շատ մեծ թվեր են ներկայացնում, դա իրականությանը չի համապատասխանում: Կան կավատներ, որոնք կազմակերպում են այդ գործը, բայց դա այնքան էլ մեծ թիվ չի կազմում»: 2000 թ. ԹԱՇ-ը հայտնաբերել է 22, 2001-ինՙ 19, 2002-ինՙ 26, 2003-ինՙ 21, 2004-ինՙ 32 արտագնա աշխատանքի եւ պոռնկության դեպքեր արտերկրներում, որոնցից 2-ը մարդկանց առեւտրով էր զբաղվում: Արաբական էմիրություններում հայտնաբերվել են 13 արտագնա մարմնավաճառ-հանցագործներ: Այսօր էլ կավատության համար հետախուզման մեջ է 9 կին, որոնք գտնվում են Արաբական էմիրություններում: Մինչեւ այժմ 13 հանցագործ խումբ է դատապարտվել մինչեւ 5 տարի: Պրն Մկրտչյանը գտնում է, որ այդպիսի պատիժը շատ մեղմ է ու վերանայման խնդիր ունի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ