«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2005-02-22 | #32, 2005-02-23 | #33, 2005-02-24


ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵԿԵՂԵՑԻ

Անցյալ դարի 30-ական թվականներին Երեւանի բանուկ թաղամասերից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա անվանի բարերար, ՀԲԸՄիության հիմնադիր նախագահ Նուբար փաշան կառուցեց մի թաղամաս, որ կոչեցին հենց նույն բարեգործի անունով: Այնտեղ բնակվեցին հայրենադարձներ, որոնց ավանդույթներն այս կամ այն կերպ պահպանվել են մինչ հիմա: Սակայն այսօր այնտեղ շատ են աղանդավորները, որի պատճառ է համարվում եկեղեցու արդեն ժամանակավոր բացակայությունը:

Դրան զուգահեռ Նուբարաշենը կամ նախկին Սովետաշենը համարվում է «Երեւանի յոթ հրաշալիքների թաղամաս»: Ցավոք, այս որակավորումը սեւ հումորի ոլորտից է, քանի որ Նուբարաշենին հարակից է քաղաքի ամենամեծ գերեզմանոցը, ինչպես նաեւ «զիբիլանոց» կոչված աղբավայրը: Այս թաղամասում են գտնվում ծերանոցը, դժվար դաստիարակվող երեխաների մանկատունը, գիշերօթիկ դպրոցը եւ այլն: Շարունակելով սեւ հումորըՙ կարելի է ասել, որ այստեղ մարդիկ «ճոխ» են ապրում, մանավանդ որ մոտ 10 000 բնակիչ ունեցող այս համայնքում մի մատուռ անգամ չկա, որ մարդիկ աղոթեն իրենց հարազատների առողջության, հաջողության ու արեւշատության համար: Նույն վիճակն է նաեւ հարակից մի քանի գյուղերում, որոնց եւս 10-15 000 բնակչությունը հոգեւոր կարիքները քրիստոնյային վայել բավարարելու խնդիր ունի: Այս ամենի մեջ մխիթարական է թաղապետ Ռոբերտ Ասատրյանի նախանձախնդրությունը: Թաղամասին հոգեւորական տրամադրելու նրա խնդրանքներն արձագանք գտան Արարատյան Հայրապետական թեմում: Արդեն 2004-ի դեկտեմբերից «յոթ հրաշալիքների» թաղամասն իր հարակից գյուղերով ստանում է նորանշանակ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի օրհնությունը: Նա ասում է. «Այնպիսի համագործակցություն եւ փոխհասկացողություն, ինչպիսին իմ ու թաղապետի միջեւ է, կմաղթեի բոլոր համայնքների ղեկավարներին ու հոգեւորականներին: Գարնան գալուն պես Նուբարաշենի գլխավոր զբոսայգում կսկսվեն թաղամասի եկեղեցու կառուցապատման աշխատանքները: Թաղամասի գերեզմանոցին կից կկառուցվի փոքրիկ մատուռ եւ հոգեհացի սրահ: Բացի այդ, մի նոր թափով պիտի արթնանա մշակութային կյանքն այս թաղամասում: Մասնավորապես կունենանք Նուբար փաշայի հիշատակության օր, որ պետք է անցկացնենք հոգեհանգստյան կարգի կատարմամբ, ապա մշակութային գեղեցիկ միջոցառումներով»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4