Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կշարունակվի Անթալիայում
Աշտարակի «Միկան» ավարտելով ելույթներն Աշգաբադում, որտեղ ութ թիմերի մրցավեճում գրավել էր չորրորդ տեղը, վերադարձավ Երեւանՙ շարունակելով նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային մարզասրահում, թիմի հերթական պարապմունքից հետո հանդիպեցինք «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Աբրահամ Խաշմանյանին, որի ղեկավարությամբ հանրապետության փոխչեմպիոնը հանդես էր եկել Աշգաբադում:
- Կարծում եմ «Միկան» ընդհանուր առմամբ հաջող հանդես եկավ Աշգաբադում: Համենայնդեպս, Թուրքմենբաշու գավաթի խաղարկություններին մասնակցած հայաստանյան թիմերից «Միկայի» գրաված 4-րդ տեղը լավագույն արդյունքն է: Ինչպե՞ս եք գնահատում թիմի ելույթները:
- Հաճելի է նման գնահատանքի արժանանալը: Նույնպիսի կարծիքի էր նաեւ Թուրքմենստանում Հայաստանի դեսպան, ֆուտբոլի մեծ երկրպագու Արամ Գրիգորյանը: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում նրան եւ դեսպանատան աշխատակիցներինՙ տեղում մեզ աջակցելու, թիմի համար ջերմ մթնոլորտ ստեղծելու համար: Նրանք մշտապես ներկա են գտնվել մեր հանդիպումներին: Թեեւ փոքրաթիվ էր հայ երկրպագուների քանակը, բայց հայկական եռագույնով, իրենց բացականչություններով անընդհատ ոգեւորում էին տղաներին:
Առաջին հանդիպումը «Նովբախորի» հետ դժվար էր, քանի որ տղաները գիշերը չէին քնել, միայն առավոտյան ժամը 6-ին էինք հյուրանոցում տեղավորվել: Ժամանակը շատ քիչ էր հանգստանալու, խաղին նախապատրաստվելու համար: Ինչպես ասում ենՙ նավից ընկանք պարահանդես: Ի պատիվ տղաների, շատ կազմակերպված խաղացին, ու Արտյոմ Ադամյանի գոլի շնորհիվ հաղթեցինք: Նշեմ, որ «Միկան» առաջին անգամ էր արհեստական խոտածածկի վրա խաղում, որի որակը բարձր չէր:
- Թուրքմենստանի փոխչեմպիոն «Նիսան» «Միկայի» հետ հանդիպմանը զգալիորեն համալրել էր կազմը: Դուք տեղյա՞կ էիք այդ մասին:
- Խաղի ժամանակ տեղեկացանք: Նշեմ, որ առաջին տուրում մրցավարները չխանգարեցին ազնիվ մրցակցության ծավալմանը: Թուրքմենստանի թիմերը պարտվել էին եւ պայքարը շարունակելու համար հարկ էր հաղթել: Փաստորեն, մենք առաջինն ընկանք հարվածի տակ: «Նիսայի» մասնակցությամբ առաջին խաղը դիտել էի եւ տղաներին համապատասխան ցուցումներ տվել: Սակայն երբ խաղադաշտ մտանք, պարզվեց, որ 6 նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել թիմում: Ըստ մրցակարգի, հայտերը վաղուց էին տրվել, եւ փոփոխություն պիտի չկատարվեր: Ինչեւէ, վատ չխաղացինք, նույնիսկ առավելություն ունեինք: Առաջին գոլը մրցակիցը խփեց մեր պաշտպանների դիրքային սխալից օգտվելով: Ընդմիջումից հետո հաջողվեց շտկել իրավիճակը: Արտյոմ Ադամյանը Տիգրան Դավթյանի փոխանցումով հիանալի գոլ խփեց: Դրանից հետո, ցավոք, մրցավարներն իրենց «սեւ» գործը կատարեցին: 2-րդ գոլը խփվեց բացահայտ «խաղից դուրս» վիճակից, երեւի մի 3 մետր մրցակցի խաղացողն առաջ էր գտնվում մեր պաշտպանից: 3-րդ գնդակն էլ խփվեց 11 մ հարվածով: Մրցավարի գործողությունները հունից հանեցին մեր ֆուտբոլիստներին, նաեւ երկրպագուներին: Մի կերպ կարողացանք հանգստացնել նրանց: Իհարկե, պարտությունում նաեւ մեր պաշտպանների մեղքը կար:
Ղազախստանի «Օկժետպեսն» ուժային ֆուտբոլ ցուցադրեց, ֆիզիկապես ամուր, բարձրահասակ ֆուտբոլիստներ էին խաղում թիմում: Առաջին գնդակը խփեցին ստանդարտ դրությունից: Տղաներին ցուցում էի տվել գործել արագ, ցածրից փոխանցումներ կատարել, քանի որ մրցակիցն այնքան էլ շարժունակ չէր: Առաջին խաղակեսի ավարտին Բեռնեցյանին տուգանային հրապարակի մատույցներում վայր գցեցին, եւ Կարեն Ասատրյանը հիանալի իրացրեց տուգանային հարվածը: Ընդմիջումից հետո Մարատ Մկրտչյանը ներխուժեց տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց հետՙ Ադամյանին, որն էլ հաղթանակ պարգեւեց «Միկային»:
Տաջիկստանի «Ավիատորի» հետ 3-րդ տեղի համար մրցավեճը կարելի է ողբերգություն համարել մեզ համար: Արդեն 3-րդ րոպեին Պետիկյանը փորձելով գնդակը լայնակի փոխանցումով հասցեագրել հակադիր եզրը, անսպասելիորեն դարպասապահի գլխավերեւով ուղարկեց սեփական դարպասը: 2-րդ գնդակն անկյունայինի խաղարկումից հետո, դիպչելով Վիտալի Հակոբյանի ոտքին ու շեղելով ուղղությունըՙ հայտնվեց մեր դարպասում: Ի պատիվ տղաների, չընկճվեցին, եւ Բեռնեցյանին հաջողվեց 2 անգամ ստիպել մրցակցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Ցավոք, շուտով մեր պաշտպանների կոպիտ սխալի պատճառով թիմը պատժվեց: Կարծես շղթայական ռեակցիայով նախ սխալվեց Վարդան Հովհաննիսյանը, ապա Հովհաննես Հարությունյանը, Պետիկյանն էլ չհասցրեց ժամանակին փոխապահովել խաղընկերոջը եւ ստիպված տուգանայինի մատույցներում վայր գցեց մրցակցին: Տաջիկները հիանալի օգտագործեցին տուգանայինըՙ վճռելով հանդիպման ելքը: Ցավալի պարտություն կրեցինք:
Ընդհանուր առմամբ տղաների ելույթից շատ գոհ եմ: Նրանց ֆունկցիոնալ վիճակը նորմալ էր, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեցին, պարզապես պաշտպանների կոպիտ սխալների հետեւանքով չհաջողվեց մրցանակակիր դառնալ:
- Ինչպե՞ս կգնահատեք խաղային օղակների խաղը:
- Պաշտպանություննՙ անբավարար, կիսապաշտպանությունըՙ բավարար, հարձակման գիծըՙ լավ: Հարձակման գիծը ներկայացրած Արտյոմ Ադամյանն ու Արտյոմ Բեռնեցյանը շատ լավ տպավորություն թողեցին: Խփված 6 գոլերից 5-ը նրանց օգտին գրանցվեց: Գիտեք, որ թիմը կորուստներ ունեցավ: Բացակայում են Շահգելդյանը, Դավիթ եւ Գրիգոր Գրիգորյանները, Կասպարովը, Տիգրան Հովհաննիսյանը: Այնպես որ թիմի կազմը զգալիորեն փոփոխվել է: Ամենամեծ կորուստը գլխավոր մարզչիՙ Սուրեն Բարսեղյանի մեկնումն էր Լիբանան: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: 2,5 տարի աշխատել եմ նրա հետ, մեծ դպրոց եմ անցել նրա շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանից: Բարսեղյանը թույլ կողմ չուներ:
- Թիմի մյուս նորեկներն ինչպիսի՞ տպավորություն թողեցին:
- Տիգրան Դավթյանն ու Կարեն Ասատրյանն էլ լավ տպավորություն թողեցին: Արտաշես Անտոնյանը դեռեւս երիտասարդ է, շատ պիտի աշխատի, շտկի թերությունները:
- Շահգելդյանից ի՞նչ տեղեկություն ունեք: Հնարավո՞ր է, որ մնա Լիբանանում, մանավանդ որ թիմի ղեկը ստանձնել է Սուրեն Բարսեղյանը:
- Արմենի պայմանագիրը «Միկայի» հետ ավարտվել է: Այսօր ֆուտբոլիստներն էլ, մարզիչներն էլ հնարավորության դեպքում գերադասում են հանդես գալ արտերկրում: Այնպես որ Շահգելդյանի հարցում առայժմ պարզություն չկա:
- Աշգաբադում թիմի ֆուտբոլիստներին առաջարկներ չեղա՞ն:
- Ֆուտբոլիստներինՙ ոչ, իսկ ահա «Միկային», որի խաղը շատ էին հավանել, հրավիրեցին հաջորդ տարի էլ մասնակցելու Թուրքմենբաշու գավաթի խաղարկությանը: Սակայն եթե մրցավարները շարունակեն կողմնակալ մրցավարությունը, շատ թիմեր, այդ թվում եւ մենք, հնարավոր է հրաժարվենք մասնակցությունից: Բայց չնայած դրան, մրցաշարն ամեն դեպքում օգտակար էր մասնակիցների համար: Չորս խաղ անցկացրինք տարբեր խաղաոճի թիմերի հետ:
- Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն ինչպե՞ս է շարունակվելու:
- Փետրվարի 24-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ենք մեկնում Անթալիա: Նախատեսել ենք ստուգողական չորս հանդիպում: Մարտի 10-ին կվերադառնանք Երեւան ու մի քանի օր անց կներգրավվենք գավաթի խաղարկությանը:
- Այսօր թիմին ներկայացվեց նոր գլխավոր մարզիչը:
- Արմեն Ադամյանի հետ մանկության ընկերներ ենք, միասին խաղացել ենք: Նա առաջին անգամ է Հայաստանում աշխատելու, մի քիչ երեւի դժվար կլինի, սակայն ամեն ինչ կանենք, որ ինքն արդ հարցում չնեղվի: Նեցուկ կլինենք գլխավոր մարզչին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ