Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկը» պարտությամբ սկսեց տաշքենդյան մրցաշարըՙ 1-2 հաշվով զիջելով Ուզբեկստանի երիտասարդական հավաքականին: Ըստ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ինտերնետային կայքի, հաշիվը հեռահար հարվածով բացել է Տաշքենդի «Պախտակորի» կիսապաշտպան Սադրիդին Աբդուլաեւը: Նա աչքի ընկավ նաեւ 48-րդ րոպեինՙ սուր անկյան տակ խոցելով Ապուլա Բետեի պաշտպանած դարպասը: 52-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել է Սարգիս Հովսեփյանը: Չնայած «Փյունիկը» մնացած ժամանակահատվածն անցկացրել է 10 հոգով, բայց կարողացել է կրճատել հաշիվը: 57-րդ րոպեին Մամադու Դիավարան անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Ուզբեկ ֆուտբոլիստները չեն իրացրել գոլային մի քանի պահերը, իսկ խաղավերջում արդեն «Փյունիկը» կարող էր խույս տալ պարտությունից, սակայն վերջին պահին Աբդուլաեւը գնդակը հեռացրել է անպաշտպան դարպասից:
«Փյունիկն» այդ խաղում հանդես է եկել հետեւյալ կազմով. Ապուլա Բետե, Վալերի Ալեքսանյան, Մխիթար Գրիգորյան, Սարգիս Հովսեփյան, Օկան Աբանկ (Տիգրան Դավթյան, 46), Աղվան Մկրտչյան, Ռաֆայել Նազարյան, Ալեքսանդր Պետրոսյան, Լեւոն Փաչաջյան, Կառլ Լոմբե, Մամադու Դիավարա: Հինգ ֆուտբոլիստՙ Աբանկը, Ալեքսանյանը, Մկրտչյանը, Նազարյանն ու Դավթյանը զգուշացվել են:
Ինչպես նկատեցիք, «Փյունիկի» կազմից բացակայում էին պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանն ու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը: Առաջինը ներկայումս փորձաշրջան է անցնում Մախաչկալայի «Անժիում», երկրորդը 3 տարվա պայմանագիր է կնքել Մոլդովայի «Զիմբրուի» հետ, որտեղ այս տարի հանդես է գալու նաեւ «Փյունիկի» հարձակվող Գալուստ Պետրոսյանը:
Նշենք նաեւ, որ մինչ տաշքենդյան մրցաշարի մեկնարկը, «Փյունիկը» Ուզբեկստանի մայրաքաղաքում ստուգողական երկու հանդիպում է անցկացրել տեղի «Տրակտորի» հետ: Առաջինում մեր չեմպիոնը զիջել է (0-3), երկրորդումՙ հաղթել (1-0):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ