«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2005-02-22 | #32, 2005-02-23 | #33, 2005-02-24


ՍՈՑՔԱՐՏԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԻՍԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸՙ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ

Սոցհիմնադրամի տարածքային կենտրոններում շարունակում են զանգվածաբար տեղեկանքներ պահանջել

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկու ամիս էլ չի անցել, ինչ աշխատավարձերից, թոշակներից ու նպաստներից զրկելու սպառնալիքներով մարդկանց պարտադրվեցին սոցիալական քարտերը: Ընտրելով մտրակի եւ մեղրաբլիթի քաղաքականությունը, որպես մեղրաբլիթ իշխանությունները թմբկահարում էին սոցիալական քարտերի առավելությունները: Դրանցից գլխավորն այն էր, որ քաղաքացիներն այսուհետեւ հարկադրված չեն լինի նյարդեր քայքայել եւ ժամանակ վատնել տարբեր տեղեկանքներ ներկայացնելու համար: Սակայն պարզվում է, որ սոցքարտի այդ առավելությունները ենթադրյալ են, իսկ բոլոր պաշտոնյաների հավաստիացումներն այդ մասինՙ սկսած հանրապետության նախագահից, վարչապետից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից մինչեւ նույն նախարարության վարչության պետը, ոչ այլ ինչ են, քան բացահայտ կեղծիք:

Սոցիալական հիմնադրամի տարածքային կենտրոններում թոշակառուներից եւ նպաստառուներից ԲՇՏ-ի (ԺԵԿ-ի) տեղեկանք պահանջելն այս օրերին զանգվածային բնույթ է կրում: Չխոսելով այն մասին, որ այդ ապօրինի պահանջն, օրինակՙ հիմնադրամի Շահումյանի տարածքային կենտրոնում ուղեկցվում է հիմնադրամի աշխատակիցների բղավոցներով եւ կոպտությամբ, այն դեպքում, երբ թոշակառուներն ու նպաստառուները չեն էլ համարձակվում հարցնել, թե ո՞ր օրենքի կամ որոշման հիման վրա է պահանջվում տեղեկանքը:

Բնականաբար, սոցհիմնադրամի աշխատակիցներին նրանք չեն հիշեցնում նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանիՙ սոցիալական քարտի շնորհիվ չինովնիկների կամայական պահանջներից ազատվելու, զանազան տեղեկանքներ ներկայացնելու անհրաժեշտության վերանալու գունազարդ հեռանկարների մասին խոսքերը: Նախարարը դրանք հիշո՞ւմ է, իսկ եթե հիշում է, ապա ի՞նչ կարող է ասել վերոնշյալ երեւույթի մասին: Քիչ հավանական ենք համարում, որ նա որեւէ կերպ կարող է հիմնավորել դա: Առավել եւս անհավանական ենք համարում, որ նման հիմնավորում կարողանա ներկայացնել նաեւ սոցհիմնադրամի նորանշանակ նախագահ Վազգեն Խաչիկյանը: Նման եզրակացության հանգեցինք տեղեկանք պահանջելը հիմնավորելու մեր դիմումներին ի պատասխան այս կառույցներից ստացած պարզաբանումներից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ քանի դեռ չի գործում տվյալների փոխանակման համակարգը, տեղեկանք պահանջելու անհրաժեշտություն կլինի: «Մինչեւ ե՞րբ» հարցին դժվարացան պատասխանել, բայց «ո՞ր օրենքի կամ որոշման հիման վրա» հարցին ի պատասխան մատնացույց արվեց կառավարության 2004 թ. հունիսի 25-ի թ. 963 որոշումը:

Մանրակրկիտ ուսումնասիրելով կառավարության այդ որոշումը, տեղեկանքներ պահանջելու կամ դրա հնարավորության մասին ոչ մի հիշատակում չգտանք: Ճիշտ է, սոցքարտերի եւ դրանց համարների կիրարկումն ապահովող կարգի մեջ մի կետ գտնվեց, որտեղ նշված էր, որ «տեղեկատվական բազաներում քաղաքացու սոցքարտի համարը ներառելու նպատակով կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման համար դիմող անձինք», դրանք նշանակող մարմնին, «բացի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերից», պետք է ներկայացնեն նաեւ սոցքարտն ու նրա պատճենը: «Օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի» մեջ կառավարության մեկ այլ որոշմամբ մտնում են օրինակՙ անձնագիրը, աշխատանքային գրքույկը եւ այլն, բայց ոչ տեղեկանքը բնակության վայրից: Նման տեղեկանք պահանջվում է, երբ թոշակառուն կամ նպաստառուն փոխում է բնակության վայրը: Սակայն ընդգծում ենք, երեւույթը զանգվածային է, իսկ թոշակառուների եւ նպաստառուների ներհանրապետական այդպիսի միգրացիա Հայաստանում հունվարի 1-ից հետո չի նկատվել: Բացի այդ, բնակության վայրի տեղեկանք նախատեսող այդ որոշումը, ինչպես տեղեկացանք արդեն սոցիալական հիմնադրամից, կառավարությունն ընդունել է 2003 թ. մայիսին, երբ սոցիալական քարտերի մասին խոսք չկար: Եվ վերջապես այն փաստը, որ չի նշվում, թե մինչեւ երբ է տեւելու տեղեկանքներ պահանջելու գործելաոճը, անուղղակի վկայում է, որ նման պահանջը ոչ մի օրինական հիմք չունի:

Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ կառավարության 2004 թ. որոշմամբ սոցիալական քարտերի կիրարկումն ապահովող բոլոր միջոցառումները պետք է կատարված լինեին մինչեւ սույն թվականի հունվարի 1-ը: Շուտով կավարտվի փետրվարը, իսկ տվյալների փոխանակման համակարգը, փաստորեն, չի գործում: Հարց է առաջանում, եթե տվյալների փոխանակման համակարգը դեռ անպատրաստ է, ապա ո՞րն էր սոցքարտերի նման հապճեպությամբ ներդնելու պատճառըՙ որպեսզի դրանից ընդամենը մեկ-երկու ամիս հետո՞ էլ չինովնիկն իրավունք ունենա սեփական նախաձեռնությամբ կամ վերադասի հրահանգով տեղեկանք պահանջելու: Եվ ընդհանրապես, անկախ այն բանից, թե ի՞նչ պատճառներով եւ ո՞ւմ հրահանգով կամ նախաձեռնությամբ են տեղեկանքները պահանջվում, պատասխանատուն ժողովրդին փաստորեն խաբած իշխանություններն ենՙ ի դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4