Այս պահին հանրակրթական 160 դպրոցների համար 1200 համակարգիչ է բերվում հանրապետություն: Համաշխարհային բանկի ֆինանսավորած «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագիրը մեկնարկել է անցած տարվա աշնանից: Այս մասին էր կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանի հաշվետվությունը, որ նա երեկ ներկայացրեց ԱԺ կրթության, գիտության ու մշակույթի հանձնաժողովի նիստում:
Նոր կրթակարգ նախատեսող վարկային ծրագիրը մի քանի բաղադրիչներ ունի, որոնցից ամենաուշագրավը հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների համակարգչայնացումն է:
Առայժմ համակարգիչներ ունեն հանրապետության 337 դպրոցներ միայն, նվազագույնը գոնե մի հատ: 2003-2004 թվականների ընթացքում մոտ 1000 համակարգիչներ դպրոցներ են մտել հովանավորների միջոցով, եւ կրթության նախարարի կանխատեսմամբ, այս տարի էլ հնարավոր է, որ նման քանակ հայտնվի այնտեղ:
Առայժմ միջին հաշվով 360 երեխայի մեկ համակարգիչ է ընկնում: Նոր նախագծի համաձայն, յուրաքանչյուր 40 երեխայի հաշվարկով տրամադրվելու է 1 համակարգիչ: Այն դպրոցները, որոնց աշակերտների թիվն ընդամենը 100-ի սահմաններում է, գոնե 4 համակարգիչ կունենան:
Վարկային ծրագրի ընդհանուր արժողությունը 19 մլն դոլար է, որից 6,8 մլն-ը նախատեսված է համակարգիչների գնման համար: Վարկը տրամադրվում է 35 տարի ժամկետով եւ համարվում է արտոնյալ պայմաններով փոխառություն: Դրա մարումը կսկսվի 15 տարի հետո:
Ծրագրի մասնակից 100-ից ավելի տեղացի մասնագետներ միջին հաշվով 300 դոլարին համարժեք աշխատավարձ կստանան: Միջազգային մասնագետների վճարման համար նախատեսված է ծախսել գումարի 3,5 տոկոսը:
Սակայն բարձր տեխնոլոգիաներին հաղորդակցվելու հնարավորություն կունենան միայն Երեւանի եւ նրան հարակից 4 մարզերիՙ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի դպրոցները: Ծրագրից դուրս են մնում Սյունիքը, Լոռին, Վայոց ձորը, Շիրակը, Տավուշը:
Խնդիրն այն է, որ Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր ինտերնետային կապ ունենալու տեխնիկական հնարավորություններ չունեն, ներդրումների լուրջ կարիք կա, որ «Արմենտելը» գոնե առաջիկայում մտադիր չէ իրականացնել:
Մյուս կողմից լուրջ խնդիր է, եթե ոչ այնքան էժան, գոնե մատչելի գներով ինտերնետ կապի տրամադրումը դպրոցներին: Այս առթիվ ամենատարբեր մակարդակներով շարունակվում են բանակցությունները «Արմենտելի» ղեկավարության հետ, բայց առայժմ` անարդյունք: «Արմենտելը» ոչ մի հուսադրող խոստում չի տալիս:
Անկախ ամեն ինչից, ինտերնետի վճարման ծախսերը հոգալու են ոչ թե դպրոցները, այլ պետբյուջեն:
Իսկ աշակերտները պիտի վճարեն վերազինման ծախսերը
Տրամադրելով պատկառելի գումարներ դպրոցների համակարգչայնացման համար, այնուամենայնիվ, Համաշխարհային բանկը դպրոցների վրա է թողել համակարգիչների ֆիզիկական ու բարոյական մաշվածության փոխհատուցումները, ասենք, 5,10 տարի հետո: Դա հնարավորություն կտա ունենալ դրամական ֆոնդ, եւ դպրոցի համար նոր համակարգիչներ ձեռք բերել, երբ նախկիններն արդեն պիտանի չեն լինի շահագործման համար: Այդ բեռի ծանրությունը կրթության մեր իրավասուները կրկին որոշել են բարդել աշակերտների ծնողների վրա: Յուրաքանչյուր աշակերտ համակարգիչ սովորելու դիմաց պիտի վճարի 15-20 դոլարին համարժեք դրամ: Սակայն ինչպես դասագրքերի պարագայում, այս դեպքում էլ վճարումները կարող են ծանր խնդիր լինել անապահով կամ 2, 3, 4 երեխաներ ունեցող ընտանիքների համար, եւ դպրոցների հանդեպ անհանդուրժողականության նոր ալիք բարձրացնել:
Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը, սակայն, հավաստիացրեց, որ ինչպես դասագրքերի դեպքում, երեխաներից ոչ մեկը չի զրկվի համակարգիչ սովորելու հնարավորությունից, անկախ այն բանից, ծնողները վճարե՞լ են, թե` ոչ:
Իսկ ընդհանրապես, վճարման այս սկզբունքը մեջտեղից հանելու համար որոշվեց վճարման այլընտրանքային տարբերակներ փնտրել, օրինակ, դպրոցների հովանավորներին խնդրել կամ հովանավորներ գտնել համակարգիչների վերազինման ծախսերը փոխհատուցելու համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ