Հեյդար Ալիեւ. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Մենք չպետք է խառնվենք իրադարձությունների ընթացքին»
1992 թ. փետրվարի 25-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը դիրքավորվելով Խոջալուի արեւմուտքում, հակառակորդից պահանջեցին հեռանալ ավանից եւ իրենց տրամադրած մարդասիրական միջանցքով դուրս բերել խաղաղ բնակչությանը: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետայի» ապրիլի 2-ի համարում խոստովանեց, որ, «այնուամենայնիվ, հայերի կողմից միջանցք էր տրվել, որով մարդիկ կարող էին հեռանալ»:
Ամերիկացի մի սենատոր Առաջին աշխարհամարտի ավարտին ասել է, որ «պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»: Ամերիկացի սենատորի այս խոսքերը կարելի է օգտագործել նաեւ Խոջալուի դեպքում: Մինչեւ այսօր որեւէ մեկը չի կարողացել վերջնական պատասխան տալ հարցին, թե ինչու ադրբեջանական զինուժը, որի համար Շուշին եւ Խոջալուն ռազմական կարեւորագույն հենակետեր էին, Խոջալուից չհանեց խաղաղ բնակչությանն այն դեպքում, երբ ղարաբաղյան կողմը նման միջանցք էր տրամադրել:
Անկախ ամեն ինչից, Խոջալուում տեղի ունեցածը ողբերգություն էր, որին, ըստ ադրբեջանական տվյալների, զոհ գնացին 613 քաղաքացիներ: Խոջալուում տեղի ունեցած մարտերի ընթացքում փետրվարի 25-27-ը սպանվեցին 34 հայեր:
1992 թ. փետրվարը ղարաբաղյան պատերազմիՙ հայկական կողմի համար ամենածանր շրջաններից էր: Ադրբեջանական զինված խմբավորումներն օկուպացրել եւ տեղահանել էին ԼՂՀ տարածքի ավելի քան 40 տոկոսը, Խոջալուից, Աղդամից եւ Շուշիից օր ու գիշեր հրթիռակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը: Շուշիից եւ Խոջալուից ռմբահարումների պատճառով Ստեփանակերտում սպանվել եւ վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ: ԼՂՀ մայրաքաղաքը մեծ մասամբ ավերվել էր:
Խոջալուում էր գտնվում նաեւ Ղարաբաղի միակ օդակայանը: 1992 թ. ղարաբաղյան ուժերը դեռեւս չէին բացել Լաչինի մարդասիրական միջանցքը, չէին ազատագրել Շուշին, որը դարձել էր նաեւ չեչեն եւ աֆղան ահաբեկիչների ֆորպոստը: Փաստորեն, Ղարաբաղի եւ Հայաստանի միակ կապը կարող էր լինել օդայինը, սակայն Խոջալուն, որտեղ գտնվում էր օդակայանը, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր: Ըստ էության, Ղարաբաղը խեղդվում էր:
1992 թ. ապրիլին այն ժամանակ Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց, որ Խոջալուի ողբերգության մեղավորն Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է, ավելի կոնկրետՙ Այազ Մութալիբովը: Ըստ ադրբեջանական «Բիլիք դունյասը» գործակալության, Ալիեւը Խոջալուի ողբերգությունից անմիջապես հետո ասել է. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Մենք չպետք է խառնվենք իրադարձությունների ընթացքին»:
Խոջալուի դեպքերի մասին միջազգային մամուլում առաջին հրապարակումը, ըստ մեր ունեցած նյութերի, եղել է փետրվարի 27-ին, միաժամանակ «Վաշինգտոն փոստում» եւ Լոնդոնի «Սանդեյ թայմսում»: Երկուսի հեղինակն էլ եղել է ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը, որի կինն, ի դեպ, եղել է ադրբեջանուհի, եւ որը հետագայում գրեց «Ադրբեջանի օրագիր» գիրքը: Գոլցը Խոջալուի մասին գրել է Բաքվից, եւ հոդվածները հրապարակվելուց մի քանի օր անց է միայն այցելել դեպքի վայր:
Խոջալուի ողբերգությունից անմիջապես հետո արտասահմանցի մի շարք այլ լրագրողներ եւս գրել են այդ մասին, սակայն, ի տարբերություն Գոլցի, հրապարակումը պատրաստել են դեպքի վայր ժամանելուց հետո: Այսպես, Լոնդոնի «Թայմսի» թղթակիցներ Անատոլ Լիվենը եւ Ռոռի Պեկը առաջին լրագրողներն էին, որոնք անձամբ ժամանել եւ նկարահանումներ էին կատարել Խոջալուում: Մեկուկես տարի անցՙ հոկտեմբերի 3-ին Ռոռին սպանվեց Մոսկվայում «Օստանկինոյի» հայտնի իրադարձությունների ժամանակ:
Չեխ լրագրող Յանա Մազալովան Խոջալուի ողբերգությունից մի քանի շաբաթ անց հարցազրույց է վերցրել իշխանությունից արդեն հեռացված Այազ Մութալիբովից: Վերջինս բառացիորեն ասել է. «Կոտորածների պատահարը բեմականացված էր»: 1992 թ. նոյեմբերի 13-ին «Իզվեստիան» Սոխբեդ Մամեդովի գրչով հրապարակված հոդվածում նկատում է. «Խոջալուի ողբերգությունը կարող էր կանխվել»:
Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը, որն Ադրբեջանի ժողճակատի վերահսկողության տակ գտնվող Աղդամում եւ շրջակա տարածքներում նկարահանումներ էր կատարել փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին, կասկածի տակ է դրել Ադրբեջանի պաշտոնական վարկածը, թե իբր հայերը Խոջալուում խաղաղ բնակիչների սպանդ են իրականացրել: Հետաքննող լրագրողի առաջին նյութի հրապարակումից հետո, որում ակնարկվում էր Ժողճակատի մեղսակցությունը Խոջալուի ողբերգությանը, Մուստաֆաեւի վրա չափազանց թանկ նստեց: Որոշ ժամանակ անց լրագրողը սպանվեց Աղդամի շրջակայքում, որն այդ ժամանակ Ժողճակատի զինված խմբավորումների վերահսկողության տակ էր:
Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Թամերլան Գարաեւն ասել է. «Խոջալուի ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները, բարձրաստիճան այրերից ինչ-որ մեկը»: Ի դեպ, մի քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆեդ Ասկերովը, ըստ «Զերկալո» թերթի, Խոջալուի իրադարձությունների հիմնական մեղքը բարդել է Այազ Մութալիբովի, նրա շրջապատի եւ այն ժամանակվա ընդդիմությանՙ Ժողճակատի վրա:
Ստեփանակերտում այն կարծիքն են հայտնում, որ Բաքուն փորձում է 1988 թ. փետրվարի 25-28-ի Սումգայիթի հայ խաղաղ բնակչության կոտորածները «ծածկել» Խոջալուի իրադարձություններով:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ