Մինչ Հայաստանի համար նոր Մոսկվա դարձած Ստրասբուրգում մեր քաղաքական այրերը վրդովված իրենց նեղացած ելույթներն էին արտասանում, սակայն խոսքն ուղղելով ոչ թե եվրոպացի պատգամավորներին, որոնք արդեն հասցրել էին զզվել ու ձանձրանալ իրենց կաճառին խառնվել փորձող նորաբնակների հարուցած բազմադարյան խնդիրներից, այլ իրենց ընտրազանգվածին, ասես հերթական մի հանրահավաքում լինեն. մինչ մի խումբ գրիչներ, որ փափագում են, որ իրենց գրող կոչենՙ իրենց լեզուները սրելով, պատրաստվում էին գրական հերթական գոյամարտին, գրող, հրապարակախոս, պետական գործիչ ու շարքային զինվոր Սամվել Շահմուրադյանը դարձավ 50 տարեկան:
Այո, դարձավ, թեեւ նրա ապրած երկրային տարիների համրանքն ընդհատվել է 13 տարի առաջ: Ճշմարիտ է նաեւ այն, որ նա միակ հայ գրողն է, որ առանց դույզն-ինչ ափսոսանքիՙ իր կյանքը մատուցեց իր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի զոհասեղանին: Քավ լիցիՙ ես այն կարծիքին չեմ, որ մենք նահատակ այլ գրողներ էլ պիտի ունենայինք անպայման, ապացուցելու համար, որ հայ գրողը միշտ իր ժողովրդի ճակատագրի կրողն է: Մանավանդ որ Շահմուրադյանի գրչընկերներից մի քանիսն էլ զենք վերցրեցին ու մասնակցեցին Արցախի ազատագրությանը: Բայց միայն Սամվելին էր վիճակված այդ պայքարն այնքան հավաստի դարձնել, իր արյան գնով: Աստված ամեն զոհ չի ընդունում: Դրան պիտի արժանանալ ճշմարիտ ինքնատրմամբ, սեփական եսի անտեսմամբ:
Սամվելի հոբելյանին ավելի թանկագին նվեր մատուցել, քան նրա կնոջՙ Նելլիի կազմած հոդվածների ու էսսեների ժողովածուի հրատարակումը, անհնար էր: Այդ գրքի հրատարակման ճանապարհը, չգիտես ինչու, երկարատեւ ու դժվարին էր, բայց այլ կերպ հնարավոր չէ ընթերցել այն, մեկիկ-մեկիկ, ակնածանքով թերթելով դրա էջերը, եւս մեկ անգամ համոզվելու համար, թե ինչքան անվրեպ էին Սամվելի միտքն ու գրիչը: Ոչ, իր գրական, ավաղՙ կարճատեւ գործունեության ընթացքում նա ոչ մի ավելորդ հոդված, իսկ հոդվածներումՙ ոչ մի ավելորդ տող չի գրել: Այն ամենը, ինչ նա գիտնական-հրապարակախոսի իր առանձնահատուկ, պատմական, դրա հետ մարդկային տեսողությամբ արծարծել է, ավելի քան ժամանակակից է ու միտված ապագային: Ոչ միայն արժեր, այլեւՙ պարտադիր է, որ ոչ միայն քաղաքական խաղերում ընդգրկված նորաթուխ լրագրողները, այլեւ դրանցից որոշակիորեն տուժած հայ գրողներս ուշի-ուշով կարդանք Սամվելի լրջմիտ հետազոտությունները Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Դոնի Ռոստովի հայության խրթին ճակատագրի մասին: Եթե մեր շատ բազմազբաղ գրականագետներն ավելի շատ ժամանակ գտնեին հետեւելու գրող-կյանքՙ հակադրության ուսուցողական արժեք ստացած լուծմանը, նրանց խորհուրդ կտայինք հետեւել Սամվել Շահմուրադյանի գրական կարճ կենսագրության տրամաբանությանը, որը մտավորականի քաղաքացիական հարցադրումներից Սումգայիթի նախճիրի արհավիրքների միջով նրան մղեց առաջՙ դեպի իսկական, առնական պայքար հանուն մեր ժողովրդի կայացմանը:
Այսօրվա պես հիշում եմ Սամվելի սենյակը գրողների միության երկրորդ հարկում, որտեղ միշտ կապտացած էր իրար հետեւից ճարակվող սիգարետների ծուխը: Երբեւիցե այդ սենյակը պետք է դառնա հայ գրողիՙ իր ժողովրդի նկատմամբ ունեցած պարտքի խորհրդանշանը: Այդ սենյակում պետք է իրենց միակ հասկացողին ու իրենց հարցերը լուծողին գտնեին Սումգայիթի ջարդերից մազապուրծ հայերը: Բայց հենց այդտեղ Շահմուրադյանի սրտում պետք է հասունանար միակ հնարավոր լուծումը, որ հայ մտավորականը, որ բացում է իր ժողովրդի աչքերը, ինքն էլ պետք է յուրաքանչյուր հայորդու հետ նետվի պատերազմի դաշտ: Որովհետեւ նա ինքն է սկսել կռիվը, եւ ինքը պիտի տա պատասխան ամեն ինչի համար:
Սամվելն ընտրեց այդ ճանապարհը: Դա միմիայն իրենն էր, որի ապացույցն իր պապենական Բանանց գյուղի մի տապանաքարի արձանագրությունն է, վերաբերող իր անմիջական նախնիներից մեկին.
«Այս տապանի տակ կը հանգչի բանանցեցի քաջ զինվոր Զաքար Շահմուրադյանցը, որը նահատակվել է Բանանցի այգիներում, 1906 թ. մայիսի 16-ին 34-ամեա հասակում: Իմ ընկերներ, քաջ կռվեցեք թուրքերուն դեմ ամեն օր, իմ վրեժը նրանցից առեք, մոսիններով ձեր հզոր»...
Սամվելը թեեւ այսօր մեր կողքին չէ, բայց մեզ թողել է իր պատգամները, առաջին հերթինՙ Սումգայիթի եղեռնագործության մասին իր փաստավավերագրական, անհերքելի արձանագրությունները: Ավաղ, այն չդրվեց մեր պետական քարոզչության հիմքում, ու Ստրասբուրգում ելույթ ունեցողներն արդարացողներ էին, ոչ թե մեղադրողներ: Բայց թեկուզ եւ միայն այդ վրիպմամբ էլ մեր սիրելի գրչընկերն այսօր իր տագնապներով, խռովքներով ու դրանց արդյունքն հանդիսացող նահատակությամբ մեր կողքին է: Նա մեն-մենակ տառապում է հայրենադարձված, բայց չգիտես ինչ մի կուրությամբ փախստական կոչվող ամեն մի սումգայիթցու, բաքվեցու հետ: Մինչ ստրասբուրգյան քաղբյուրոյի առջեւ մեր պատվիրակները թպրտում են, նա իր նվաճած հավերժությունից, ավաղՙ դեռեւս ապարդյուն, փորձում է նրանց փաստաթղթերի փաթեթի մեջ մտցնել իր կյանքի, արյան կանչն այսօր պատմական անհերքելի մի վավերամատյան դարձած «Սումգայիթ» աշխատությունը:
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ