«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2005-02-23 | #33, 2005-02-24 | #34, 2005-02-25


ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԲԱՇԽՎԵՑԻՆ

Մոսկվայում ամփոփվեցին Աերոֆլոտի հովանու ներքո անցկացված շախմատային փառատոնի արդյունքները: Ինչպես արդեն նշել էինք, ուժեղագույնների խմբում Վլադիմիր Հակոբյանը չորս շախմատիստների հետ վաստակել է առավելագույնըՙ 6,5 միավոր: Ըստ մրցակարգի, հավասար միավորների դեպքում լրացուցիչ գործակիցները հաշվարկելիս առաջին հերթին հաշվի էր առնվելու սեւ խաղաքարերով անցկացրած պարտիաների քանակը: Իսրայելը ներկայացնող Էմիլ Սուտովսկին անցկացրել էր 5 պարտիա, նրա հակառակորդներըՙ 4: Այսպիսով, Սուտովսկին ճանաչվեց գլխավոր մրցաշարի հաղթողՙ ստանալով 21,5 հազար դոլար: Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց 5-րդ տեղը եւ արժանացավ 8 հազար դոլար դրամական պարգեւի: Ուժեղագույնների խմբում ընդհանուր առմամբ խաղարկվում էր դրամական 30 մրցանակ: Դրանց արժանացածների թվում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (13-րդ տեղ), Լեւոն Արոնյանը (15-րդ տեղ), Կարեն Ասրյանը (26-րդ տեղ) եւ Արտաշես Մինասյանը (29-րդ տեղ):

«A2» խմբի մրցաշարում Արսեն Եղիազարյանը ստացավ 10 հազար դոլար: «B» խմբում Զավեն Անդրեասյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զիջեց ադրբեջանցի Էլմիր Հուսեյնովին եւ արժանացավ 3,5 հազար դոլար պարգեւի: Դրամական մրցանակների արժանացան նաեւ Հրանտ Մելքումյանը (10-րդ տեղ), Դավիթ Պետրոսյանը (15-րդ), Արթուր Չիբուխչյանը (27-րդ) եւ Լեւոն Բաբուջյանը (34-րդ):

«C» խմբում հայ շախմատիստներից լավագույնը Երվանդ Հովհաննիսյանի արդյունքն էր, որը գրավեց 5-րդ տեղը եւ արժանացավ 2000 դոլարի: Մրցանակ ստացավ Աշոտ Ավետիսյանը, որը 35-րդ տեղն էր գրավել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4