«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ Վայոց ձորի տարածքն ընդգրկող բնակավայրերի շուրջ 80 տոկոսը խոսում է Խոյ-Սալմաստի, իսկ շուրջ 20-ըՙ հնաբնակների բարբառով: Խոյի բարբառը գիտական գրականության մեջ վաղուց ուսումնասիրված է. հայտնի են Հրաչյա Աճառյանի, Արարատ Ղարիբյանի, Մանվել Ասատրյանի եւ այլ լեզվաբանների մենագրություններն ու հոդվածները: Վայոց ձորի տեղաբնիկ բարբառը, սակայն, առանձին քննության չի ենթարկվել եւ անվանվել է Արարատյան բարբառի մի ճյուղՙ չնայած Հրաչյա Աճառյանը չի ընդգրկել ո՛չ Արարատյան եւ ո՛չ էլ որեւէ այլ բարբառի տարածման սահմաններում:

Այս ճյուղը շուրջ երկու տասնամյակ մանրամասն ուսումնասիրել է ծնունդով նախիջեւանցի ազգագրագետ, բանահավաք, բարբառագետ Արտակ Վարդանյանը: Ամբողջացնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս Վայոց ձորի մարզի, մինչեւ 1988 թվականը նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանակից բնակավայրերից առանձնացող ավելի քան մեկ տասնյակ գյուղերի (Վայոց ձորի Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Հորս, Չիվա, Ռինդ, Վերին Ազնաբերդ, Նախիջեւանի Ազնաբերդ եւ Ճահուկ-Շահապունիքի Օծոփ գյուղեր) ավանդական լեզվաճյուղի վերաբերյալ հրատարակած իր գիտական հոդվածներն ու բարբառագիտական նյութերըՙ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտում այս տարի նա պաշտպանել է «Վայոց ձորի խոսվածքների լեզվաաշխարհագրական բնութագիրը» թեմայով թեկնածուական ատենախոսություն, որի արդյունքում վերջերս լույս է տեսել նրա «Վայոց ձորի միջբարբառը» գիրքը:

Մենագրության մեջ մանրամասն քննության են առնված Վայոց ձորի խոսվածքների հնչյունաբանությունը, ձեւաբանությունը, բառագիտությունը, վեր են հանված ինչպես բնակավայրերի լեզվական տարբերությունները, այնպես էլ արտաքին առնչությունները մերձակա բարբառների նկատմամբ: Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման սկզբունքների կիրառմամբ պարզվել է, որ Վայոց ձորի խոսվածքը միջակա դիրք է գրավում Արարատյան եւ Ջուղայի բարբառների միջեւ, մի փոքր հեռացած է Արցախի բարբառից: Խոսվածքի եւ մերձակա բարբառների միջեւ աշխարհագրական եւ լեզվական մերձավորությունների փաստը հաստատում է խոսվածքի տեղաբնիկ լինելու իրողությունը: Ուսումնասիրության արդյունքները թույլ են տվել եզրակացնել, որ Վայոց ձորի խոսվածքը միջբարբառ է հայ բարբառների արեւելյան խմբակցության Արարատյան (հյուսիսարեւելյան) բարբառախմբի Արարատյան եւ Ջուղայի բարբառների միջեւ, ուստի առաջարկվել է բարբառագիտական գրականության մեջ խոսվածքն այսուհետ անվանել Վայոց ձորի միջբարբառ:

Ըստ ուսումնասիրությանՙ մյուս բնակավայրերից ամենամեծ տարբերություններն արձանագրում են Օծոփ եւ Հորս գյուղերը (Հորսը 1918 թ. բնակեցվել է օծոփցիներով)ՙ մինչեւ 10,5 միավոր, ապա Աղավնաձորըՙ մինչեւ 8,5 միավոր: Ամենափոքր տարբերությունները միմյանց նկատմամբ արձանագրում են Խաչիկը եւ Գնիշիկը (0 միավոր), իսկ Ազնաբերդի եւ Արենիի միջեւ բարբառային «հեռավորությունը» կազմում է ընդամենը 0,5 միավոր:

Աշխատանքը կատարված է գիտական մեծ բարեխղճությամբ եւ խնամքով, այն հարուստ է նաեւ բառարանագրական, բանահյուսական նյութերով եւ լրացնում է հայերենի բարբառների մասին մինչեւ այժմ լույս տեսած մի քանի տասնյակ մենագրությունների շարքը:

Գիրքը հրատարակել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը:

ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4