Լինարեսի շախմատային մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում Գարի Կասպարովի եւ Վիշվանաթան Անանդի մրցախաղն էր: Հաղթողի գլխավոր հավակնորդները բավական գեղեցիկ պարտիա խաղարկեցին: Սպիտակներով խաղացող Անանդը առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն իրացնել: Կասպարովին հաջողվեց հավերժական շախի միջոցով հասնել ոչ-ոքի արդյունքի: Մրցակիցները 45-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այսպիսով, Կասպարովը պահպանեց առաջատարի դիրքըՙ 5 հնարավորից վաստակելով 3,5 միավոր: Անանդը, Թոփալովը եւ Կասիմջանովն իրենց օգտին գրանցել են 3-ական միավոր, ընդ որում վերջինս անցկացրել է 6 հանդիպում:
Թոփալովը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալյեխոյին, իսկ Կասիմջանովը ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ: Հետաքրքրական է, որ երկու շախմատիստներն էլ առայժմ բոլոր պարտիաներն էլ ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Պետեր Լեկոն 5 հնարավորից ունի 2,5 միավոր: Ադամսի հաշվին գրանցված է 2 միավոր: Մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է իսպանացի Վալյեխոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ