«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ «ՓՈՐՁԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ...»

«Ես ստեղծում եմ նկարներ ու հավատում եմ նրանց հավաստիությանը: Ոչինչ չի կարելի ասել նկարչության մասին, չի կարելի նկարելն առանձնացնել կյանքից: Նկարելն ապրելաձեւ է, կեցություն: Ոչ մի տարբերություն չկա նկարելու, թե քնելու, սիրելու, թե ճամփորդելու եւ այլնի միջեւ: Սրան ես հավատում եմ»:

Աբստրակտ ուղղության նկարիչ Ալբերտ Հակոբյանն ապրում եւ ստեղծագործում է Էջմիածնում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1984 թ.-ից դարձել է հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից: Ալբերտի աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի տարբեր քաղաքների պատկերասրահներում: 2004 թ. Երեւանի Գեւորգյան պատկերասրահում տեղի ունեցավ նրա անհատական ցուցահանդեսը:

Ալբերտը նկարում է բացարձակ աբստրակտ ոճով, իմպրովիզատոր է, հանպատրաստից ստեղծագործող: «Աշխատանքի ընթացքում ամբողջովին տրվում եմ ենթագիտակցությանը եւ չեմ կարող գուշակել, թե տվյալ պահին ինչ եմ նկարում: Նկարներս ծնվում են տարերայնորեն: Գուցե դա է պատճառը, որ նկարներս չեմ վերնագրում»:

Թեեւ Ալբերտի նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, բայց որքան էլ զարմանալի է, նա չի սիրում մասնակցել մրցույթներին: «Չեմ մասնակցել եւ չեմ էլ պատրաստվում մասնակցել որեւէ մրցույթի: Դա ինձ համար հետաքրքրական չէ: Ինձ ավելի հաճելի է նկարել եւ ներկայացնել հանդիսատեսի դատին»:

- Աբստրակտ նկարչությունը պահանջում է բացառապես զգայական ընկալում, սա էլ իր հերթինՙ բարձր ու նուրբ ճաշակ: Եվ երբ հետաքրքրասերների մի բանակ ինձ տալիս է ավանդական հարց. «Իսկ ի՞նչ էիք ուզում սրանով ասել», պատասխանում եմ. «Փորձեք հաղորդակցվել եւ կզգաք կտավի արժեքը»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4