«Ցեղասպանության եւ ստրեսի ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերությունն» ու «Աղետների եւ զանգվածային վնասվածության ուսումնասիրությունների ասոցիացիան» (նախաձեռնողՙ դոկտ. Անի Գալայճյան) մարտի 5-ին Նյու Յորքում կազմակերպում են իրենց միասնական տարեկան երրորդ հավաք-բանավեճն Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժած բոլոր հայերի համար, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված հաղորդագրությունը: Հավաք-բանավեճը փորձելու է հասկանալ, թե ինչ է նշանակում տեղահանության հետեւանքով կորցնել երկիր, ունեցվածք, արժանապատվությունՙ մի փորձառություն, որն ուսուցողական նպատակներով պետք է փոխանցվի առաջիկա սերունդներին: Քննարկվելու է ինչպես իրագործողների ժխտման, այնպես էլ կատարվածն անուշադրության մատնած քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը եւ այդ բոլորի անդրադարձը մարդկային հոգեբանության վրա:
Միջոցառումը վարելու են հոգեբույժ Անի Գալայճյանն ու հոգեբան խորհրդական Լաուրա Ավետսանոն, որոնք ավելի քան երկու տասնամյակ զբաղվել են ցեղասպանության խնդիրներով:
Հ. Ծ.