«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՎՃՌՎԻ ԱՅՍՕՐ

Կենտրոնական բանկը հասել է գլխավոր նպատակին

ՀՀ Կենտրոնական բանկը 1998 թ. մարտի 3-ից ղեկավարում է Տիգրան Սարգսյանը: Լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման նոր փուլի համար առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս երեկ խորհրդարանականներին ներկայացրեց ԿԲ 7 տարվա գործունեությունը բանավոր եւ գրավոր տեսքով, ինչը ողջունելի համարեցին ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ բանախոսին հարցեր ուղղող պատգամավորները: Իսկ Տիգրան Սարգսյանը որպես 7 տարիների աշխատանքում տեղ գտած ակնառու թերացում ընդգծեց ԿԲ-հասարակություն կապի ոչ պատշաճ մակարդակը, որպես ձեռքբերումՙ ԿԲ գլխավոր նպատակիՙ գների կայունության ապահովումը: Միջին տարեկան սղաճն այդ տարիներին կազմել է 2,4 տոկոս: Հայաստանին, ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետությունների, ներառյալ եւ բալթյան երկրների, հաջողվել է նաեւ խուսափել բանկային համակարգի ճգնաժամից:

Ազգային դրամի շրջանառության մեջ դնելու պահից հռչակված լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումն էլ պահպանելու է գների կայունությունը: 1998-2004 թթ. ընկած ժամանակահատվածը Կենտրոնական բանկի գործունեության ձեւավորման ընթացք գնահատելով, Տիգրան Սարգսյանը հաջորդող փուլը որակեց որպես զարգացման եւ նշեց, որ ՀՀ ֆինանսական համակարգն առողջ է, սակայն փոքր, եւ դրա մեծացման համար առաջին հերթին քայլեր են արվելու ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Կենտրոնական բանկը ծրագրում է հարեւան եւ ԱՊՀ երկրների համեմատ ավելի արագ իրականացնել բարեփոխումներ, որոնք պետք է ձեւավորեն ժամանակակից տնտեսական համակարգի պահանջներին համապատասխան ֆինանսական համակարգ:

Տիգրան Սարգսյանի հաշվետվության այսօր խորհրդարանում մեկնարկած քննարկումը կշարունակվի վաղվա նիստում, եւ քվեարկությամբ կորոշվի նրա պաշտոնավարման խնդիրը: Իսկ ինքըՙ Տիգրան Սարգսյանը, հանրապետության նախագահի կողմից իր թեկնածության առաջադրումը գնահատում է հետեւյալ կերպ. «Նախագահը 7 տարվա իմ հրապարակային գործունեությունը գնահատելու հնարավորություն ունի»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4