«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՌԻ

Հայերի սումգայիթյան ջարդերի կազմակերպիչները դարձան «Խոջալուի» կեղծարարներ։

Կացինը ձեռքին դահիճըՙ Ադրբեջանի ազգային հերոս է։

Չկա «Ղարաբաղի խնդիր», կա Ադրբեջանի խնդիր։

Սկզբում սեպտեմբերի 11-ն էր, ապա միայն հետո հրթիռային ռմբակոծություններ ահաբեկիչների որջի վրա։

Խոջալու 1988-1992 թթ.ՙ Ադրբեջանի չարագույժ կրակակետ։

Ծիծեռնակաբերդում կայացած բազմահազարանոց ցույցի ժամանակ, որը նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակինՙ կազմակերպված Ադրբեջանի կողմից Սումգայիթում 1988 թ. եւ Բաքվումՙ 1990 թ., գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը հրապարակեց դիմում-ուղերձ հասցեագրված ԱՄՆ Կոնգրեսին եւ աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին։

Ցույցի մասնակիցները պաստառներով եւ կարգախոսներով ուղղեցին իրենց քայլերը դեպի Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը եւ փոխանցեցին ուղերձը դեսպանատան պատասխանատու աշխատակցին։ Ժամանակավորապես երթեւեկությունը կանգնեցվել էր Բաղրամյան պողոտայում։ Ցույցի մասնակիցները երախտագիտություն հայտնեցին նախագահ Բուշին եւ բոլոր նրանց, ովքեր անխոնջ պայքար են մղում ահաբեկչության դեմ։ Մի միտք հնչեց, որ եթե ժամանակին «Սումգայիթը» եւ «Բաքուն» ստանային քաղաքական եւ իրավական գնահատական, ապա չէին լինի «Սեպտեմբերի 11-ը», «Բեսլանը» եւ այլ ողբերգություններ Երկիր մոլորակի վրա։


Ուղերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին եւ աշխարհի բոլոր երկրների պառլամենտներին

Վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեն Բարտոնն իր ելույթում գործընկերներին կոչ է արել` քննարկել, այսպես կոչված, Խոջալուի հարցը: Անվիճելի է, որ ցանկացած հարցի շուրջ յուրաքանչյուրն անքակտելի իրավունք ունի ազատ արտահայտելու իր տեսակետը, առավել եւս, եթե խոսքը մարդու իրավունքների եւ մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների մասին է: Բնականաբար, տվյալ կոնկրետ դեպքում ոչ ոք չի կարող կոնգրեսմեն Բարտոնին զրկել այդ իրավունքից: Սակայն կան հարցեր, որոնց միակողմանի քննարկումը եւ ներկայացումը, շրջանցելով իրավագիտության կարեւորագույն սկզբունքը`«լսել մյուս կողմին» անհնար է, նույնիսկ վտանգավոր:

Եվ ահա մենք` միտինգի մասնակիցներս, հավաքվել ենք խաչքար-հուշարձանների մոտ, ոչ միայն խոնարհվելու Սումգայիթում (1988 թ.) եւ Բաքվում (1990 թ.) Ադրբեջանի կազմակերպած մեր հայրենակիցների ջարդերի անմեղ նահատակների լուսավոր հիշատակի առաջ, այլեւ պարտադրելու ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ անձամբ Դեն Բարտոնին` լսել, այսպես կոչված, մյուս կողմին:

Այս ուղերձի հետ միասին, որպես հավելված, ուղարկում ենք անառարկելի փաստաթղթեր: Դրանք հաստատում են այն փաստը, որ չորս տարի շարունակ Խոջալու ավանը հանդիսացել է չարագույժ այն կրակակետը, որ մահ է սփռել երկրամասի մայրաքաղաք Ստեփանակերտի, շրջկենտրոն Ասկերանի, ինչպես նաեւ Նորագյուղ, Այգեստան, Բադարա, Շոշ, Կարմիր եւ այլ գյուղերի վրա: Եվ դա կատարվել է ոչ միայն ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ, որոնք այսօր շողոքորթաբար ջանում են համոզել աշխարհին, իբր կարող են երաշխավորել հայ բնակչության անվտանգությունը` խոստանալով լայն ինքնավարություն, այլ իրականացվել է Բաքվի անմիջական ղեկավարությամբ: Միայն Խոջալուի կրակակետից զոհվել եւ վիրավորվել են Հայկական Ղարաբաղի հազարավոր խաղաղ բնակիչներ, ավերվել են հազարավոր բնակելի տներ եւ կենսագործունեության շինություններ: Հույսը, որ սովետական իշխանությունը, կամ միջազգային հանրությունը կսանձազերծի մինչեւ ատամները զինված բանդիտական կազմակերպություններին, աստիճանաբար վերացավ: Այնպես որ , իրավունքի, բարոյականության եւ միջազգային բոլոր նորմերով եւ օրենքներով հայերը պարտավորված էին խլացնել այդ կրակակետը, որտեղ գործնականում բացակայում էր խաղաղ բնակչությունը : Խոջալուում տեղակայված էին զինված բանդաներ եւ նրանց ծառայող միայն մի քանի ընտանիքներ, ինչի մասին վկայում են նկարահանված տեսանյութերը: Այն, որ այնտեղ ոչ մի ջարդ լինել չէր կարող, վկայում են հենց իրենք` ադրբեջանցիները, այդ թվում` տվյալ իրավիճակին առավել քաջածանոթ եւ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը, որի հարցազրույցը մոսկովյան «Նեզավիսիմայա գազետայում» կցվում է:

Խոսքը, կրկնում ենք, անհերքելի փաստերի մասին է: Սակայն, եթե նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ լինի ԱՄՆ-ի կոնգրեսականը, ապա ընդդիմախոսներին հարկ է հիշեցնել հետեւյալ տրամաբանությունը: Պատահական չէր, որ ինչպես ԱՄՆ-ի պառլամենտի Ստորին Պալատը, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, հենվելով, առաջին հերթին, տրամաբանության վրա, սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո հարգել ԱՄՆ-ի նախագահ Բուշի խնդրանքը եւ որոշում կայացրին վերացնել ԱՖղանստանում թաքնված գլխավոր տեռորիստի, ըստ էության, կրակակետը եւ որջը:

Կցանկանայինք հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսականներին` ծանոթ են արդյոք նրանք Խոջալուի նախորդող իրավիճակին, եթե նույնիսկ հավատալու լինեն ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածվող անհեթեթություններին, գիտեն արդյոք նրանք, որ այդ դեպքում եւս հարկավոր է հարցնել թե ինչ է կատարվել դրանից 4 տարի առաջ Սումգայիթում, ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում 2 տարի անց: Արդյոք գիտե՞ն նրանք, թե որքան խաղաղ բնակիչներ են զոհվել Ստեփանակերտում, Ասկերանում, Խնաբադում, Քարինտակում:

Մի՞թե պարզ չէ, որ հաջողվել է երկրամասի մայրաքաղաքն ազատել արյան, մեծ կորուստների գնով:

Չէ որ հայկական բնակավայրերը ռմբակոծում էին »Գրադ« կայանքներից եւ հեռահար հրետանուց:

Կրակում էին ոչ միայն Խաջալուից, այլեւ Շուշիից, Աղդամից, Մելիբեյլից եւ տասնյակ այլ կրակակետերից: Հայտնի է արդյոք նրանց գոնե մեկ դեպք Սումգայիթի ողբերգությունից, որի մասին խիստ գաղտնի փաստաթուղթ է կազմվել ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյում: Մենք ներկայացնում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսին այդ սարսափելի փաստաթուղթը, որից կարելի է տեղեկանալ, թե ինչն է նախորդել այն դեպքին, որ այսօր կոչում են «Խոջալու»:

Երեք օր ու գիշեր Սումգայիթում, որտեղ հիմնադրման առաջին օրից ապրում էին տասնյակ հազարավոր հայեր, ուր տեղակայված էին համապատասխան պետական եւ իշխանական կառույցներ, անպատիժ իրականացվում էր հայ ազգաբնակչության եղեռն: Վերոհիշյալՙ ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստում պատմում էին, որ Սումգայիթում ոչ թե պարզապես սպանում էին հայերին, այլեւ «կտրում էին նրանց գլուխները, կանանց կրծքերն էին կտրում, քերթում աղջիկների մաշկը, կենդանի մարդկանց դուրս էին նետում բարձրահարկ շենքերի պատուհաններից, կենդանի այրում էին մարդկանց»: Այս բոլորը կատարվում էր ոչ թե Միջնադարում, ոչ թե 20-րդ դարի սկզբին, երբ Թուրքիան իրականացնում էր հայերի զանգվածային եղեռնը, այլ` 1988 թվականին:

Այս ողջ վայրագության, այս գազանության մասին, բնական մանրամասներուվ, ասվել եւ գրանցվել է ՍՄԿԿ Կենտկոմի պաշտոնական փաստաթղթում, որը կցվում է սույն ուղերձին:

18 հազար հայեր Սումգայիթում մի ակնթարթում զրկվել են շատ ու շատ հարազատ-մտերիմներից, իրենց տներից, ունեցվածքից, զրկվել ոչ միայն Ադրբեջանի, այլ եւ հսկա երկրի քաղաքացու կարգավիճակից: Իսկ աշխարհը լուռ էր: Ոչ ոք պատիժ չի կրել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ Խորհրդային Միության 12 քաղաքներում ժողովրդական դատավորները որոշումներ կայացրին Սումգայիթի եղեռնը իրականացնողների հանդեպ, ոչ ոք պատասխանատվության չկանչվեց:

Այսպիսի չլսված անիրավությունը եւ մարտնչող ցինիզմը բերեցին այն բանին, որ 2 տարի անց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. մորթվեցին, կոտորվեցին եւ բռնի կերպով տեղահանվեցին մոտ քառորդ միլիոն հայեր: Եվ կրկին ոչ ոք պատիժ չկրեց: Արդյունքում, իրենց պատմական հայրենիքից շատ կարճ ժամանակամիջոցում տեղահանվեցին հարյուր հազարավոր հայեր` թողնելով իրենց իսկ նախնիների եւ իրենց ձեռքերով կառուցված հարյուր հազարավոր տներ:

Ադրբեջանական իշխանությունները, օգտվելով Խորհրդային Միության փլուզումից, Խորհրդային Միության զինված ուժերի 4-րդ բանակի 75-րդ դիվիզիայի, Կասպիական նավատորմի ողջ սպառազինումից, չեչեն գրոհայինների ու ավղանական մոջահեդների հետ միասին, աննախադեպ պատերազմ պարտադրեցին քրիստոնեական փոքրիկ կղզուն` Լեռնային Ղարաբաղին: Մենքՙ լայն հասարակայնության ներկայացուցիչներս եւ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Նախիջեւանի ինքնավար հանրապետության, Գարդմանքի, Շահումյանի շրջանի փախստականները, խորհուրդ կտայինք ԱՄՆ-ի հարգարժան Կոնգրեսին` գոնե մակերեսորեն հետեւել այն իրադարձությունների ժամանակահատվածին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել այդ տարածահատվածում: Մինչեւ «Խոջալու» աշխարհագրական անվանումը հիշատակելը` նախ պետք է իմանալ, թե ինչ է կատարվել այնտեղ իրականում, երբ է այն կատարվել: Չի կարելի հաշվի չառնել, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի խոսքերով ասած, իրադարձությունների տրամաբանությունը եւ հաջորդականությունը: Նախ եղել է 2001-ի սեպտեմբերի 11-ը, այնուհետեւ նոր ռմբակոծային հարվածը տեռորիստների տեղակայման ուղղությամբ: Այսօր ադրբեջանական իշխանությունները, հույս դնելով համընդհանուր հիշողության կորուստի վրա, հենվելով նավթատարների վրա, իրենց գեբելսյան պրոպագանդան դարձնում են քաղաքական խաղաքարտ եւ չարագույժ զենքՙ այս անգամ արդեն մեզ պարտադրված ինֆորմացիոն պատերազմում: Ողջ աշխարհին քաջ հայտնի է, թե Խորհրդային Միության համար ինչով ավարտվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթուրքիստների անվերջ սադրանքները, անպատիժ կազմակերպվող անվերջ «սումգայիթները» ամբողջ երկրով մեկ: Հազարավոր անգամներ նրանք փորձել են Ղարաբաղյան հակամարտությանը տալ կրոնական բնույթ, որպեսզի մեր դեմ տրամադրեն ողջ իսլամական աշխարհը: Սակայն,ֆաշիստական գաղափարախոսության ջատագովներն ամեն անգամ պարտություն են կրել, քանզի կյանքը ապացուցում է, որ հայ ժողովուրդը միշտ խստագույնս պահպանել է իր համար ճակատագրական սկզբունքները` «սիրո գինը` սերն է, ընկերության գինը` ընկերությունը», «հարգանքի գինը` հարգանքը»:

Գտնվելով պատմական եւ աշխարհաքաղաքական խաչմերուկում` մեր ժողովուրդը որ, առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն, կտրականապես մերժել եւ մերժում է էթնիկական եւ կրոնական անհունդուրժողականությունը: Երբեք Հայաստանում չի արմատավորվի ոչ հակասեմիտը, ոչ մարտնչող «հարավարեւմտայինը», ոչ էլ կրոնամոլը:

Ինչպես եւ աշխարհի բոլոր ազգերը, հայ ժողովուրդը դարեր շարունակ ամենից վեր է դասել արդարությունը, որը առաքինություններից բարձրագույնն է:

Մեր նախնիները հաճախ են ասել. «Մի ժողովրդի հանդեպ թույլ տրված անարդարությունը վտանգ է հանդիսանում բոլոր ժողովուրդների համար»:

Որքան անարդար է, երբ մի ժողովուրդ, որը տեսել է Սումգայիթի եւ Բաքվի սարսափները, զրկվել նորմալ կյանքով ապրելու հնարավորությունից, զրկվել է նախնիների գերեզմաններին ծաղիկներ բերելու հնարավորությունից, այս ամենին գումարած պետք է կրի ստորացում եւ վիրավորանք: Իսկ այդ նույն պատերազմի եւ ջարդերի կազմակերպիչները, պարտություն կրելով իրենց իսկ նախաձեռնած պատերազմում, ապրելով իրենց իսկ զոհերի տներում, աշխարհով մեկ թմբկահարում են, որ տեսեք, իրենք տուժած կողմ են, եւ որ իրենք շատ փախստականներ ունեն: Իսկ ովքե՞ր են քնում այն միլիոն մահճակալներին, որոնք ոչ այնքան վաղուց հայերին էին պատկանում: Իսկ ո՞վ պետք է կառուցի եւ վերականգնի Խոջալուից եւ այլ կրկակետերից ռմբակոծված, հողին հավասարեցրած հայերի տները:

Միթե այդքան բարդ է ստուգել ադրբեջանական պրոպագանդիստների սուտը, որը առասպելական թվեր է բերում այսպես կոչված Խոջալուի զոհերի մասին: Իսկ կոնգրեսմեն Դեն Բարտոնը, կրկնելով կեղծարարներին հայտնում է Կոնգրեսին, որ Խոջալուում «ոչնչացվել է 613 բնակիչ»: Չէ՞ որ իրադարձությունների գրեթե շեմին անցկացվել է խորհրդային վերջին մարդահամարը եւ կարելի է այն վերցնել եւ ստուգել: Խոջալուում հաշվվում էին մեկ եւ կես հազար ադրբեջանցիներ, որոնք տեղափոխվել էին մինչեւ պատերազմ սկսվելը, իսկ նրանց տեղերում, պրովոկացիոն նպատակներով բնակեցվել էին Միջին Ասիայից մի քանի հարյուր թուրք-մեսխեթներ:

Խոջալույում, ինչպես արդեն նշվեց, միայն հանցագործներ էին, որոնք մահ եւ սարսափ էին տարածում շուրջը, ամեն օր այրում հայերի տները: Եվ սա նույնպես կարելի է ստուգել: Եվ այնժամ կպարզվի վերջապես, որ մեսխեթներին սպանել են արդեն իսկ Ադրբեջանի տարածքում, որի մասին մամուլում հայտնել է հենց ինքըՙ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը:

Մենք, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, բոլոր նրանց հիշատակի, ովքեր զոհ են դարձել ռասայական, շովինիստական,մարդատյալ ոգու կրողների ձեռքով, մենք հավաստիացնում ենք ողջ աշխարհին, որ երբեք չենք լռելու: Երբեք չենք հանդուրժի դահիճներին` չարախոսելու զոհերին: Մենք հավաստիացնում ենք նաեւ, որ մեզ պարտադրված ինֆորմացիոն պատերազմում կկարողանանք արժանի հակահարված հասցնել պատմության խեղաթյուրողներին:

Դիմելով ԱՄՆ-ի Կոնգրեսին, կոնգրեսմեն Բարտոնի վերջին հայտարարության առիթով, մենք ուզում ենք նաեւ մեր անհանգստությամբ լի խոսքը ուղղել այլ երկրների պառլամենտներին եւ կոչ անել չենթարկվել թուրք եւ ադրբեջանցի հրահրիչներին, որոնք ավանդորեն շարունակում են օգտագործում են նավթի գործոնը, ճարպկորեն եւ կեղծարար մանեւրում են ստեղծած իրավիճակում` Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հակասություններում ընդհանրապես, իսկ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում` մասնավորապես, որպեսզի, ինչպես դա մեկ անգամ չի որ եղել է, նենգությամբ լուծել Ղարաբաղի հարցը իրենց օգտին: Մենք չենք հանդուրժի Սումգայիթի, Բաքվի եւ Բուդապեշտի զոհերիՙ ողջ հայ ժողովրդի հանդեպ երկակի ստանդարտի քաղաքականությունը: Դա նշանակում է, որ եթե աշխարհը թույլատրեց տեղին ոչնչացնել բեն Լադենի եւ թալիբների հրակետերը, ապա չի կարելի նույնիսկ մտածել Ադրբեջանի կրակակետերը վերացնելու մասին (ի դեպ պատմական Հայաստանի տարածքում) ստեղծված, այն կրակակետերը, որոնցից միջազգային տեռորիստները, այդ թվում եւ մոջահեդները մահ են տարածելու Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

Ազնիվ մարդու հիշողությունը չի կարող օգտագործվել երկակի ստանդարտի սկզբունքով: Մենքՙ հայերս, հավասար ցավով եւ կարեկցությամբ ենք հիշում ինչպես Սումգայիթի, Բաքվի զոհերի, այնպես էլ Նյու Յորքի եւ Բեսլանի զոհերի մասին:

Ծով արյան գնով ենք մենք նվաճել խաղաղությունը, որի պայմաններում արդեն 11 տարի է, որ ապրում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները: Եվ այժմ գործող համամարդկային հիշողությունը չպետք է թույլ տա, որ մեկ կաթիլ թանաքի գնով կրկին գլուխ բարձրացնի Չարիքը, որը միշտ միայն Չարիք կարող է ծնել:

Հարգանքներով` Սումգայիթի եւ Բաքվի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միտինգի մասնակիցներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4