Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն այս շաբաթ հավանաբար չի կայանա
Մարտի 2-ին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների պրահյան հանդիպումն այս շաբաթ հավանաբար չի կայանա, այս մասին «Ազգը» տեղեկացավ արտգործնախարարության վստահելի աղբյուրներից:
Վարդան Օսկանյանը հիվանդ է շուրջ մեկ ամիս, բուժումներն ընդունում է տնային պայմաններում: Արտգործնախարարը մրսեցրել է թոքերը: Բժիշկները նրան թույլ չեն տվել մեկնել Չեխիայի մայրաքաղաքՙ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:
Հայաստանի արտգործնախարարությունից հերքեցին ադրբեջանական եւ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները, համաձայն որոնց մարտի 3-ին պետք է տեղի ունենար Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ընդ որում ոչ թե Պրահայում, այլ Փարիզում:
Առաջիկա շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կգտնվեն Եվրոպայում, հետեւաբար Վարդան Օսկանյանի առողջական վիճակի բարելավումից հետո նրա հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ հավանաբար կկայանա:
Մարտի 1-ին, ըստ Բաքվի «Էխո» թերթի, Մամեդյարովը Պրահայում առանձին հանդիպում է ունեցել համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Սթիվեն Մանի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Մեթին Միրզայի, Մամեդյարովը համանախագահների հետ քննարկել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում «հայերի անօրինական բնակեցման» խնդիրը:
Թ. Հ.