«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն վերանայման պատրաստակամությունը նրան այնուամենայնիվ տարբերում է նախորդներից

Փետրվարի 16-ին ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլ» թերթում հրապարակած հոդվածով Ռոբերտ Պոլոքը խստագույն քննադատելով Թուրքիայում միանձնյա իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությանը, կառավարամետ «Ենի շաֆաք» թերթին մեղադրել էր, թե «հանցավոր անցյալ» ունի: Վերլուծաբանը փետրվարի 19-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ինտերնետային էջում տեղադրված հարցազրույցով խոստովանել էր, որ իր հոդվածն արտահայտում է Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական տեսակետները: Դրանք բնույթով բացասական են:

Ինչո՞վ են պայմանավորված այդ տեսակետները եւ ինչո՞ւ են բացասական, բոլորովին այլ հարց է: Բայց որ «Ենի շաֆաքն», անկախ Պոլոքի մեղադրանքից, որպես կառավարամետ թերթ գոնե Հայաստանի հարցում անհամեմատ հավասարակշիռ է, քան ազատ խոսքի, ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագովների մեջ ախոյանի կոչմանը հավակնող «Հյուրիեթը», ակնհայտ է: Էլ չենք խոսում «Թերջումանի», «Աքշամի», առավել եւս «Ենիչաղի» մասին, որը փետրվարի 25-ի համարում Հայոց ցեղասպանության եւ Սեւրի պայմանագրի ճանաչման հարց բարձրացնելու համար ֆրանսիացի խորհրդարանական Ժակ Թուբոնին լկտիաբար «շուն» է անվանում:

«Ենի շաֆաքը» պաշտպանելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի դիրքորոշումն ու Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականությունը, այնուամենայնիվ, փորձում է զերծ մնալ հայերի ազգային արժանապատվությունը վիրավորելու գայթակղությունից, մեր հանրապետության նկատմամբ չի դիմում սանձարձակությունների, չնայած ժխտողականությանն, այնուամենայնիվ, ընդունում է, որ Հայոց ցեղասպանությունը ծանր հետեւանքներ է ունեցել հայ ժողովրդի համար, դա համարում է չկարգավորված հարց նաեւ Թուրքիայի համար, թերեւս դրանով էլ հարցը պահում է թուրքական հասարակության օրակարգում:

Դրանում կարելի է համոզվելՙ ծանոթանալով «Ենի շաֆաքի» «Հայկական հանդիպում» խորագրով հոդվածին, որն Ալի Բայրամօղլու ստորագրությամբ հրապարակվել է 2004 թ. նոյեմբերի 21-ին: Այլ կերպ, այս թերթը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության հարցերում ի տարբերություն մյուսների, թուրքական իրականության մեջ հարաբերական հանդուրժողականություն է ցուցաբերում: «Ենի շաֆաքի» կառավարամետության հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ դրան ակամա նպաստում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:

Օգտվելով առիթից նշենք, որ Էրդողանի կառավարությունը երկրի համար կենսական խնդիրների հետ նախորդներից ժառանգություն է ստացել նաեւ Թուրքիայի հայկական քաղաքականությունը: Թեեւ ազգային անվտանգության խորհրդում որոշակի կրճատվել է զինվորական իշխանության ներկայացուցիչների թիվը, սակայն դա չի խանգարում, որ բանակը երկրում շարունակի վերահսկել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների գործունեությունը: Այս ամենը, անկախ ցանկությունից, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պահանջներից, ակամա կաշկանդում է Էրդողանի կառավարությանը:

Այս պայմաններում նա ուժի մեջ թողնելով Հայաստանի նկատմամբ նախորդ կառավարությունների որդեգրած քաղաքականության հակահայկական դիրքորոշումը, դրա վերանայման պատրաստակամություն է հայտնում: Թեեւ այդ պատրաստակամությունը չի հանգեցնում քաղաքականության վերանայմանը, բայց եւ այնպես թուրքական հասարակությանը հետզհետե համոզում է, որ վերանայումը դառնում է անհրաժեշտություն:

Դա յուրատեսակ զսպաշապիկի դեր է խաղում վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի համար: Նրանք հակառակ Սուլեյման Դեմիրելի, Թանսու Չիլլերի, առավել եւս Բյուլենթ Էջեւիթի, Հայաստանի վրա ո՛չ հոխորտում են, ո՛չ պետության ղեկավարին անհարիր արտահայտություններ թույլ տալիս, ո՛չ էլ տեղի անտեղի սպառնում մեր հանրապետությանը: Այլ կերպՙ եթե Էրդողանի կառավարությունը նույնիսկ չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գոնե երկու երկրների միջեւ լարվածության հավելյալ պաշարներ չի ստեղծում: Սա դրական զարգացում է:

Անկախ արդյունքներից, դրական պետք է համարել Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը վերանայելու Էրդողանի կառավարության պատրաստակամությունը, որի վկայությունը «Պետությունը տաբուներ է վերացնում» խորագրով թուրքական «Ռադիկալ» թերթի փետրվարի 25-ի համարում հրապարակված հոդվածն է, որտեղ մատնանշվում են արտաքին քաղաքականության մեջ արմատացած «կաղապարների» հաղթահարման ջանքերը:

Ջանքերի պարագայում խնդրո առարկան ազգային անվտանգության խորհրդի նույն օրվա նիստն էր, որին փետրվարի 26-ի համարում անդրադարձել է «Ազգը» եւ որոշակի տեղեկություններ հաղորդել նիստի որոշումների մասին: Թուրքիայի արտաքին քաղաքականության «կաղապարների» մեջ «Ռադիկալն» առանձնակի տեղ է հատկացնում Հայաստանի առնչությամբ Թուրքիայում գոյություն ունեցող տեսակետներին եւ համեմատում է նոր տեսակետների հետ: Ըստ թերթի, Անկարայի վրա Բաքվի ճնշումներով պայմանավորվող նախկին տեսակետը բացառում էր Հայաստանի հետ որեւէ երկխոսությունը, քանի դեռ նա դուրս չի եկել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:

Ինչ վերաբերում է նոր տեսակետին, ապա «Ռադիկալը» դա հետեւյալ կերպ է ներկայացնում. «Թուրքիան ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ի վիճակի է լուրջ դեր խաղալ Ղարաբաղից Հայաստանի դուրսբերման գործում: Դրա համար առաջընթաց է անհրաժեշտ երկկողմ հարաբերություններում: Թուրքիայի հայկական սահմանի բացմանը Հայաստանը կարող է պատասխանել հողային պահանջներից հրաժարվելու կարգի պատմական քայլերով եւ այլ նախաձեռնություններով: Վաշինգտոնի աջակցությունն ստանալու դեպքում հնարավոր են ղարաբաղյան հիմնահարցում Հայաստանի զիջումները: Դա կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աշխուժացմանը»:

«Ռադիկալի» ներկայացրած հին ու նոր տեսակետների տարբերությունը մեծ չէ, չհաշված այն, որ Հայաստանի հարցում Թուրքիան հետայսու չպետք է Ադրբեջանի պատանդը դառնա: Սակայն կարեւորը սոսկ տեսակետները չեն, այլ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության դիրքերի սպառումը, որը վերանայում է ենթադրում: Ըստ երեւույթին դրա անհրաժեշտությունը թուրքական հասարակության հետ սկսել է գիտակցել նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ այդ քաղաքականությունը վերանայելու Էրդողանի կառավարության պատրաստակամությանն ի պատասխան, Հայաստանի հարցում արմատացած տեսակետներին գոնե ձեւականորեն նորերն է հակադրում: Սա, որպես տեսակետները վերանայելու պատրաստակամության դրսեւորում, նույնպես դրական պետք է համարել այն առումով, որ վերանայումն օրակարգային է դառնում նաեւ ազգային անվտանգության խորհրդի համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4