Սամցխե-Ջավախքի նոր լիազոր
Մցխեթա Մթիանեթի երկրամասում Վրաստանի նախագահի նախկին լիազոր Գեորգի Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքում Միխայիլ Սաակաշվիլու լիազորը (կամ ինչպես ընդունված է ասելՙ նահանգապետ), այդ պաշտոնում փոխարինելով Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուն, այդ մասին, ըստ «Նովոստի» գործակալության, ասել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:
Վարչապետը նկատել է, որ 31-ամյա Խաչիձեն շատ լավ է աշխատել Մցխեթա Մթիանեթում եւ այնտեղ կուտակած փորձն ու գիտելիքները կօգտագործի Սամցխե-Ջավախքում: Խաչիձեն մասնագիտությամբ կենսաբան է: 2004 թ. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել նախագահ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով:
Փաստորեն Սամցխե-Ջավախեթիում, որի բնակչության մոտ կեսը հայեր են, իսկ Ջավախքումՙ բնակչության բացարձակ մեծամասնությունը, տեղի է ունենում իշխանության վերաբաշխում: Հայտնի է, որ Շեւարդնաձեի իշխանության տարիներին եւ Սաակաշվիլու իշխանության առաջին տարում այս երկրամասում տնտեսական լծակները կենտրոնացած էին հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի համախոհների ձեռքում: Ժվանիայի մահից կամ սպանությունից հետո, ինչպես կանխատեսում էին քաղաքական վերլուծաբանները, Սաակաշվիլին իր թիմակիցներին է նշանակում Սամցխե-Ջավախքի կարեւորագույն պաշտոններում: