Իսկ Ֆրանսիայինՙ Պանկիսի կիրճը, որտեղ արտադրում են քիմիական եւ կենսաբանական զենք
«Վրաստանն անհանգստացած է իր սահմանների հարեւանությամբ ատոմակայանի առկայությամբ», ըստ «Ազատության» երեքշաբթի օրը ասել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին: Անդրադառնալով Վրաստանին սպառնացող վտանգներին, նա Թբիլիսիում լրագրողներին ասել է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում եւ ամեն մի վթար կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, ինչը «մահացու կլինի ողջ տարածաշրջանի համար»:
«Ազգի» կողմից հիշեցնենք, որ տարիներ շարունակ եւ այսօր Մեծամորում արտադրվող էլեկտրաէներգիան արտահանվում է նաեւ Վրաստան, ընդ որում անհամեմատ ավելի ցածր գներով, քան հասնում է հայ սպառողներին: Մի շարք առիթներով վրաց պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել Հայաստանինՙ անխափան էլեկտրաէներգիա մատուցելու համար: Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը Հայաստանին հորդորում են փակել Մեծամորի ատոմակայանը, դրա դիմաց առաջարկելով շուրջ 100 մլն եվրո: Մինչդեռ Երեւանի պաշտոնյաները նշում են, որ այլընտրանքային էներգիայի հզորություններ ստեղծելու համար երկրին անհրաժեշտ է 1 մլրդ դոլար:
Ի դեպ, եթե Վրաստանին մտահոգում է Մեծամորի ատոմակայանը, ապա Ֆրանսիան անհանգստացած է Վրաստանի Պանկիսի կիրճով: «Միջազգային ահաբեկիչները քիմիական եւ կենսաբանական զենք են արտադրում Պանկիսի կիրճում», Լիոն քաղաքում երեքշաբթի օրը կենսաահաբեկչությանը նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարել է Ֆրանսիայի ներքգործնախարար Դոմինիկ դե Վիլլեպենը:
Ըստ վրացական «Կավկազպրես» գործակալության, Ֆրանսիայի հատուկ ծառայությունների տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են վրաց-չեչենական սահմանի մերձակայքում «Ալ Ղաիդայի» կողմից զանգվածային բնաջնջման զենքի արտադրության մասին: Ֆրանսիացի նախարարը նշել է, որ սիբիրախտով, ռիսինով եւ բոտուլիզմով թունավոր վարակիչներ օգտագործելուՙ Աֆղանստանում վերապատրաստում անցած «Ալ Ղաիդայի» խմբերը «Թալիբանի» պարտությունից հետո տեղափոխվել են Վրաստանի Պանկիսի կիրճ, որտեղ շարունակել են իրենց փորձերը քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության ուղղությամբ:
Վրաստանի ներքգործնախարար Վանո Մերաբիշվիլին, ըստ Ինտերֆաքսի, մեկնաբանելով ֆրանսիացի իր գործընկերոջ հայտարարությունը, ասել է, որ Թբիլիսին այդ մասին որեւէ տեղեկություն չունի: