«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդը կվստահի ընդդիմությանը հանուն վերջինիս ազնվության»

Հավատացած է Ստեփան Դեմիրճյանը

Խաղաղ ճանապարհով ժողովրդավարություն հաստատելու ձգտում ունեցող քաղաքական ուժերի հետ համագործակցելու պատրաստ հայրենական ընդդիմության պահանջներն ու ելակետերը չեն փոխվել: Հաղթանակի հասնելու երաշխիքն էլ նույնն էՙ հասարակության ակտիվությունը. «Հայերի մենթալիտետը թույլ չի տա հանդուրժել անարդարությունները», երեկ Մամուլի ազգային ակումբում վերահաստատեց Ստեփան Դեմիրճյանը. «Ժողովուրդը կվստահի, գիտի, որ դաշինքն ազնիվ է գործել»: Այս փաստարկի վրա էլ կառուցվեց ողջ ասուլիսը, որի ընթացքում Դեմիրճյանը մի քանի անգամ ասաց. «Կոնկրետ քայլերի մասին թույլ տվեք այսօր չխոսել, վերլուծություններ չներկայացնել: Ես ոչ էլ երբեւիցե ժամկետներ եմ նշել: Ուղղակի վերահաստատում եմ, որ շատ հետեւողական ենք լինելու»: Թե այդ հետեւողականությունը քաղաքական ուժերի ո՞ր ձեւաչափով է դրսեւորվելու, բանախոսը չհստակեցրեցՙ պատճառաբանելով. «Քանի դեռ ընտրություններ չկան, ավելորդ եմ համարում ձեւաչափերից խոսելը: Ասեմ միայն, որ մենք պատրաստ ենք ընտրություններին, իսկ ընդդիմությունը երբեք չի սպասել»: Սակայն սա չի նշանակում, թե չսպասող ընդդիմությունը կարող է իշխանափոխության հարցում արտաքին միջամտություն հանդուրժել:

Եվս մեկ անգամ ժողովրդին ապավինած ընդդիմության առաջին դեմքերից մեկըՙ Ստեփան Դեմիրճյանը հայտնեց, որ այս իշխանությունն անկախ ընդդիմության ուժեղ կամ թույլ լինելուց, անկախ նրանիցՙ դաշինքում հակասություններ կա՞ն, թե՞ ոչ, դատապարտված է, քանի որ ուժով իշխանությունը պահելն անհնար է: Թերեւս այսքանով ավարտվեց ապագային առնչվող զրույցը, իսկ անցյալին անդրադարձը հետեւյալն է. «Հայրենական ընդդիմությունը հաղթել է, պարզապես ուժի կիրառման եւ լրագրողների մասնագիտական պարտքի կատարման մեջ թերանալու պատճառով այդ հաղթանակը չի ամրագրվել: Բայց վերջակետը չի դրվել, գործընթացը չի ավարտվել: Իսկ ընդդիմությունն ի վիճակի է այն հասցնել տրամաբանական ավարտին»: Այդ ավարտին հասնելու գործողությունները չմասնավորեցնելով, Դեմիրճյանը վստահեցրեց, որ ընդդիմությունն ակտիվ է լինելու ու քանի որ երկիրը զարգանում է նախադեպերով, ապա իշխանության քաղաքակիրթ փոխանցման նախադեպ է ստեղծելու, հատկապես որ «դաշինքում ամեն ինչ նորմալ է, երկրում նորմալ չէ»: Նախադեպի ստեղծման ժամկետների մասին հարցին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Ինձանից օր, ամիս չեք լսի»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ. - Ընդդիմության գործունեությունը, Ստեփան Դեմիրճյանի հավաստմամբ, իրենց կողմից վաղուց վերլուծվել ու գնահատվել է: Սակայն գնահատականը չհրապարակվեց, որպես այդպիսին կարելի է ընկալել միայն վերը ներկայացված մեջբերումը: Ինչը, սակայն, լիարժեք հիմք չի տալիս գնահատելով բանախոսի մատնանշած ընդդիմության ազնիվ գործունեությունը, եւս մեկ անգամ նույն ուժին վստահելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4