«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


«ԳՈՐԾԱԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆԸ ՉԷ, ԳՈՐԾԱԴԻՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆՆ Է»

«Որոշ քաղաքական ուժերի կամ մարդկանց ու մամուլի ցանկությունը բավարարելու համար կոալիցիան չի քանդվի»

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ազգային ժողով եւ կառավարություն հարցուպատասխանից հետո ավանդույթի համաձայն վարչապետը ճեպազրույց տվեց ներքաղաքական իրավիճակի եւ կուլիսներից դուրս ու ներսում շրջանառվող կանխատեսումների վերաբերյալ:

Խնամքով անդրադարձավ մասնավորապես կոալիցիոն տրամադրություններին, վստահաբար ընդգծելով, որ դրա քայքայվելու մասին խոսակցություններն արհեստածին են, եւ ընդամենը այստեղ գործ ունենք 3 տարբեր կուսակցությունների միջեւ քաղաքական սովորական գործընթացների հետ:

«Կոալիցիայի քանդվելու նախադրյալներ չկան: Մինչ այժմ կոալիցիայի հռչակագրի ոչ մի կետ չի խախտվել: Որոշ քաղաքական ուժերի կամ մարդկանց ու մամուլի ցանկությունը բավարարելու համար կոալիցիան չի քանդվի», ասաց նա:

Ճիշտ այդպես էլ նա չի համարում, որ երկրում նախընտրական տրամադրություններ են տիրում: Այնուամենայնիվ, չժխտեց, որ քաղաքական որոշ ուժեր ժամանակից շուտ են նախապատրաստվում ե՛ւ նախագահի իրավահաջորդի պայքարին, ե՛ւ խորհրդարանական ընտրություններին: Համարեց, որ «որոշակի ճշմարտություն կա Գալուստ Սահակյանի այն գնահատականի մեջ, թե ԱԺ նախագահը խորհրդարանը վերածել է «Օրինաց երկրի» նախընտրական շտաբի, եւ պետական ռեսուրսները օգտագործվում են քարոզարշավի համար»:

Նախորդ օրը հայտարարությունների ժամին գործադիրի հասցեին «Օրինաց երկրի» հնչեցրած քննադատությանը գիշերային մրցույթների վերաբերյալ վարչապետը պատասխանեց. «Գործադիրը ոչ իմն է, ոչ Հանրապետականինը, ինչ որ հնչում է նրա հասցեին, հավասարապես վերաբերում է կոալիցիայի բոլոր կուսակցություններին: Դաշնակցությունը պատասխանատու է իր 3 նախարարների համար, «Օրինաց երկիրը»` իր 3-ի համար, Հանրապետականը` 7 կամ 8 նախարարությունների գործունեության համար»:

Եվ Դաշնակցությանն ու «Օրինաց երկրին» խորհուրդ տվեց կրիմինալի եւ իշխանության սերտաճման մասին իրենց հնչեցրած հայտարարությունների փոխարեն կոնկրետ փաստեր ներկայացնել իրենՙ գործադիրի ղեկավարին:

Հանրապետականի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման առաջիկա ընտրություններում կուսակցությունը կջանա պահպանել իր 30 տոկոսանոց ներկայությունը տեղական իշխանության ասպարեզում:

Հայտնի է, որ կոալիցիոն կուսակցություններն առանձին-առանձին են գնում տեղական ինքնակառավարման ընտրությունների, առայժմ նրանց միջեւ թեկնածուների կամ վերաբաժանումների վերաբերյալ բանակցություններ չեն եղել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4