ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկա պայմաններում Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության, ինչպես նաեւ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ստեղծված իրավիճակի քննարկմանն էր նվիրված մարտի 2-ի «կլոր սեղանը»: Միջոցառումը կազմակերպել էին Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Սոցիալիստական ուժերի եւ մտավորականության միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը եւ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Միակ ուղին, որը հնարավորություն կտա նորմալ պետություն կառուցելու, ժողովրդավարությունն է, որի զարգացումը պետք է ամրագրված լինի սահմանադրության համապատասխան դրույթներով», հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Այսպես, ըստ նրա, Հայաստանի դատարանների կախվածությունը գործադիր իշխանությունից բացատրվում է ոչ միայն ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ավանդույթներով, այլեւ նրանով, որ, ըստ էության, գործող սահմանադրությունը չի ապահովում դատարանների իրական անկախությունը: Մանուկյանն ափսոսանք հայտնեց նաեւ այն առնչությամբ, որ ժողովրդավարությունը Հայաստանում դարձել է ոչ թե բնական գործընթաց, այլ «ինչ-որ ցուցադրական բան»: Նրա գնահատմամբ, այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանը սոսկ արտաքին ուժերին ցուցադրում է իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:
Աշոտ Մանուչարյանն իր ելույթը նվիրեց այն իրավիճակի բնութագրմանը, որ ստեղծվել է հետխորհրդային տարածքում: Այսպես, ըստ նրա, հետխորհրդային որոշ երկրներում հաստատվել է կառավարման քրեական համակարգ, որի հիմքում ընկած է միայն իշխանության գագաթին գտնվող անձանց նեղ շրջանակի շահերի սպասարկումը: Նա հայտարարեց, որ այդ երկրներում հաստատված կարգը ոչ մի դեպքում չի կարելի անվանել սահմանադրական: Նման «քրեական կարգը» ենթադրում է իշխանությանը մոտ կանգնած քրեածին խմբերի կամքի կատարում այդ երկրների դատարանների կողմից: Բացի այդ, շատ կուսակցություններ եւ զանգվածային լրատվամիջոցներ ներքաշվում են նյութական արժեքների վերաբաշխման յուրատեսակ համակարգի մեջ: «Շատ հաճախ այս կամ այն հետխորհրդային պետության վարքագիծը որոշվում է այս կամ այն հանցավոր խմբի շահերով, որոնք գործում են բացառապես իրենց անձնական շահերի օգտին», նշեց Մանուչարյանը:
Դրա հետ մեկտեղ, երկու քաղաքական գործիչներն էլ դժվարացան հստակ պատասխանել հատկապես այժմ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին: