Փետրվարի 11-ից 17-ը Լոնդոնի Ֆրանսիական ինստիտուտի «Լյումիեր» կինոդահլիճում տեղի ունեցավ հայ կինոյի փառատոնՙ «Վերադարձ Ավետյաց երկիր» խորագրով: Կազմակերպիչներն էին անգլիացի կինոլրագրող, «Թայմ աութ» շաբաթահանդեսի աշխատակից եւ «Վըրթիգո» կինոամսագրի գլխավոր խմբագիր Գարիթ Էվանսը եւ ամերիկաբնակ դերասանուհի եւ ֆիլմարտադրիչ Նորա Արմանին: Փառատոնի հովանավորներն էին Լոնդոնի Ֆրանսիական ինստիտուտը, Մեծ Բրիտանիայի Կինոյի խորհուրդը, «Ֆիլմ Լոնդոն», «Բենլյան թրասթ», Լոնդոնում եւ Նյու Յորքում գործող «Բեմ արթ» կազմակերպությունները, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը եւ այլք: Հայ կինոյի փառատոնը ֆրանսիական ինստիտուտի կինոծրագրի մաս էր կազմում, որին հաջորդեց Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի ցուցադրությունը:
Լոնդոնում հայ կինոյի փառատոն առաջին անգամ կայացել էր 25 տարի առաջՙ անգլիական թատրոնի բեմադրիչ եւ գրող Հովհաննես Փիլիկյանի ջանքերով: Երկրորդ անգամ էր հայ կինոյի մեծ փառատոն կազմակերպվում Անգլիայում, ուստիեւ պատահական չէր հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը եւ ակտիվությունը ցուցադրություններից հետո: Դահլիճը մշտապես լեփ-լեցուն էր, մարդիկ հերթ էին կանգնում տոմս գնելու համար, իսկ նրանց մեջ քիչ չէին ոչ հայերը: Մինչեւ անգամ տարբեր երկրներից մարդիկ էին ժամանել Լոնդոնՙ հատկապես այս փառատոնին ներկա գտնվելու համար, որոնց թվումՙ ամերիկացի կինոբեմադրիչ Բրեյդոն Քինգը, որը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին:
Փառատոնը բացվեց Տիգրան Խզմալյանի «Պիեռլեկինո կամ օդից թեթեւ» (Հայաստան, 2000) շարժանկարով, որ ներկայացրեց հեղինակը: Հաջորդ օրը հանդիսականները դիտեցին Կարինե Թորոսյանի (Կանադա) փորձարարական ժապավենների մի փունջ եւ ֆրանսաբնակ քուրդ բեմադրիչ Հիներ Սալեմի «Լիմոնի օղի»ՙ Հայաստանում նկարահանած կինոնկարը (Հայաստան-Ֆրանսիա-Իտալիա-Շվեյցարիա, 2003): Փետրվարի 13-ին հանդիսականները դիտեցին Ատոմ Եղոյանի (Կանադա) հայ-կանադա-գերմանական արտադրության «Օրացույց» ֆիլմը (1993) եւ Արտավազդ Փելեշյանի (Հայաստան) կարճամետրաժ կինոնկարների ծրագիրը: Նույն օրը տեղի ունեցավ «Հայ ազգային կինոն» վերնագրով կլոր սեղան, որին մասնակցում էին Գարիթ Էվանսը, Նորա Արմանին, Կարինե Թորոսյանը եւ Հայաստանից հրավիրված հյուրերըՙ կինոբեմադրիչ Տիգրան Խզմալյանը եւ Կինոգետների եւ կինոլրագրողների ընկերակցության հայկական մասնաճյուղի փոխնախագահ Արծվի Բախչինյանը: Հայաստանում եւ Սփյուռքում այսօր առկա կինոյի ներկա վիճակը քննելուց հետո նրանք պատասխանեցին հանդիսասրահում գտնվողների հարցերին:
Հաջորդ օրերին ներկայացվեցին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Հայաստան, 1969), Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիր» (Հայաստան, 1991) եւ «Վերջին կայանը» (Հայաստան-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա, 1995), Սերժ Ավետիքյանի եւ Լեւոն Մինասյանի «Terra Emota» եւ «Lux Aeterna» (Հայաստան-Ֆրանսիա, 1999), Ատոմ Եղոյանի «Արարատ» (Կանադա-Ֆրանսիա, 2002), Դոն Ասկարյանի «Կոմիտաս» (Գերմանիա, 1988) ֆիլմերը: Փետրվարի 16-ին տեղի ունեցավ քննարկումՙ «Արարատը», ցեղասպանության հիշողությունը եւ հայ կինոն» թեմայով, որին մասնակցում էին Գարիթ Էվանսը, Արշիլ Գորկու մասին ծավալուն կենսագրական հատորի հեղինակ Նուրիցա Մաթոսյանը, պատմաբան Արա Սարաֆյանը, Նորա Արմանին եւ Արծվի Բախչինյանը: Հանդիսասրահում ներկա էր նաեւ Եղոյանի «Լուսավոր գալիք» եւ «Արարատ» կինոնկարների դերակատար Յան Հոլմը: Փառատոնը փակվեց Տիգրան Խզմալյանի «Սերտեմբեր» («Lovember», Հայաստան, 2004) կինոնկարի ցուցադրոթյամբ:
Կինոթատրոնի սրահում ներկայացված էին ամերիկացի լուսանկարչուհի Ան Դոհերթիիՙ Հայաստանում կատարած լուսանկարները եւ Կարինե Թորոսյանիՙ իր կինոնկարների առանձին կադրերի պատկերներ: Հանդիսատեսներին անվճար տրամադրվում էին գեղեցիկ տպագրությամբ իրականացված փառատոնի կատալոգը եւ ծրագիրը: Կանադայից ժամանած Յան Բալֆուրը «Արարատ» ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկայացրեց իր եւ Ատոմ Եղոյանի խմբագրությամբ վերջերս հրատարակված «Տակագրեր. կինոյի օտարության վերաբերյալ» գիրքը: Իսկ կինոլրագրողներ, Հայաստանի եւ հայ կինոյի մասին հոդվածների հեղինակներ Գարիթ Էվանսը եւ Ջեյմս Նորթոնը հաճելի անակնկալ մատուցեցինՙ փառատոնի հայաստանցի հյուրերին ընծայելով 2004-ին Վիեննայում լույս տեսած «Արտավազդ Փելեշյան. Մեր դարը» անգլերեն ծավալուն ժողովածուն, որ ընդգրկում է հայ կինոյի մեծ վարպետի ֆիլմերից պատկերաշարեր, ինչպես նաեւ հատվածներ սցենարներից, հարցազրույց, ֆիլմագրություն եւ այլ արժեքավոր նյութեր:
Փառատոնին երկու անգամ անդրադարձավ Բի-Բի-Սի-նՙ միջազգային լրատվությունը ու նաեւՙ թուրքական ծառայությունը. ցուցադրվելիք կինոնկարները նախօրոք ներկայացված էին «Թայմ աութ» հանդեսում: Թե՛ Ֆրանսիական ինստիտուտի, թե՛ փառատոնի կազմակերպիչների եւ հյուրերի համար հաճելի անակնկալ էր ամեն անգամ դահլիճը բազմամարդ տեսնելը: Լոնդոնում գտնված օրերին «Օփեն դիմոքրասի» ինտերնետային կայքէջից պատվեր ստացանքՙ հոդված գրելու հայ կինոյի վերաբերյալ: Ծանոթացանք կինոգետ Թիմ Քենեդիի հետ, որն աշխատություն է գրում կինոյում ազգային ինքնության դրսեւորումների մասին եւ ուսումնասիրության մեջ ներառել է նաեւ հայ կինոն: Շատերը հայ կինոգործիչների հետ համագործակցության ուղիներ էին փնտրում եւ ցանկություն հայտնում ավելի հաճախ դիտելու հայկական ժապավեններ: Հիրավի ուրախալի էր տեսնել միջազգային շրջանակներում հայ կինոյի հանդեպ հետաքրքրությունը, ինչը եւս մեկ անգամ մեզ համոզում է, որ հայ կինոյի ապագան այնքան էլ մռայլ չէ...
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ