Հազվադեպ է պատահում, որ թիմում հանդես գան միեւնույն անուն-ազգանունով ֆուտբոլիստներ: Այսօր Երեւանի «Արարատում» նույն անուն-ազգանունով երկու ֆուտբոլիստ կա: Թիմի ավագ Արթուր Հրանտի Մինասյանը ներկայում վարձավճարով հանդես է գալիս Թեհրանի «Արարատում», իսկ Արթուր Սերգեյի Մինասյանը 7-ամյա ընդմիջումից հետո կրկին վերադարձել է «Արարատ» եւ թիմի հետ նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Եթե «Արարատի» ավագը 1999 թ. հանդես է գալիս հարազատ կոլեկտիվում, որի կազմում անցկացրել է 106 խաղ եւ խփել 8 գնդակ, ապա Արթուր Սերգեյի Մինասյանը հասցրել է հանդես գալ բարձրագույն խմբի 7 թիմումՙ ընդհանուր առմամբ անցկացնելով 115 խաղ եւ խփելով 18 գնդակ: 1996/97 թթ. 2-րդ շրջանում եւ 1997 թ. առաջնությունում Արթուր Սերգեյի Մինասյանը հանդես է եկել «Արարատում»ՙ ընդհանուր առմամբ անցկացնելով 27 խաղ, խփելով 8 գնդակ:
- Արթուր, վերջին երկու մրցաշրջաններում կարծես թե ֆուտբոլային ասպարեզից հեռացել էիր: Ի՞նչն էր պատճառը:
- Պատճառը թերեւս հոգեբանական էր: Գործող ֆուտբոլիստի համար իհարկե դժվար է չխաղալ: Իսկ ես փաստորեն 2 տարի զրկված էի գործնական ֆուտբոլից եւ այդ տարիները ֆուտբոլային իմ կենսագրությունում կորած պիտի համարել: 2003 թ. շատ անհաջող դասավորվեց ինձ համար: Մրցաշրջանի սկզբում ընդամենը 3 խաղ անցկացնելով «Բանանցում», հեռացա թիմից: Երկրորդ շրջանում ընդգրկվեցի «Փյունիկում», սակայն միայն չորս անգամ խաղադաշտ մտաՙ այն էլ փոխարինման դուրս գալով խաղավերջում: Փաստորեն «Փյունիկը» իմ վերջին թիմն է եղել:
- Դու երկրորդ անգամ ես ընդգրկվում «Արարատում»: Քեզ հրավիրեցի՞ն, թե՞ ինքդ ցանկացար կրկին հանդես գալ արարատցիների կազմում: Այլ թիմերից հրավերներ չունեի՞ր:
- Հրավերներ չեն եղել: Իմ ցանկությամբ եմ ընտրել «Արարատը», որի կազմում ելույթներիս հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ: «Արարատում» խաղալը միշտ էլ մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, քանի որ այն լոկ թիմ չէ, այլ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը, ազգային արժեք է: Երբ թիմը կրկին գլխավորեց Արկադի Անդրեասյանը, որոշեցի կրկին փորձել իմ ուժերն «Արարատում»: Չէ՞ որ 1997 թ. հենց Անդրեասյանի հրավերով ես առաջին անգամ հագա «Արարատի» մարզահագուստը: Փորձառու ու բանիմաց մարզչի հետ աշխատելը միշտ էլ օգտակար ու հաճելի է, կարեւոր ֆուտբոլիստի ձեւավորման գործում:
- Երկարատեւ ընդմիջումից հետո քեզ համար դժվար չէ՞ր ծանրաբեռնված մարզումներ անցկացնել: Ինչպիսի՞ մարզավիճակում ես այժմ:
- Շատ դժվար էր: Բայց ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, եթե ցանկություն ունես: Հարկավոր էր առավել մեծ ուշադրություն դարձնել բարոյահոգեբանական որակների վրա, կամքի ուժ դրսեւորել, հավատալ սեփական ուժերին: Իհարկե, միանգամից դժվար էր ծանրաբեռնված մարզումների ռիթմին հարմարվելը: Աստիճանաբար պարապմունքների շնորհիվ բարելավում եմ ֆիզիկական տվյալներս, վերականգնում խաղային որակներս: Կարծում եմ, մինչեւ մրցաշրջանի մեկնարկը կհասցնեմ լրիվ վերականգնել նախկին որակներս ու նոր մրցաշրջանը կազմ ու պատրաստ կդիմավորեմ: Շատ եմ ցանկանում օգտակար լինել թիմին, ապացուցել, որ դեռեւս ասելիք ունեմ ֆուտբոլում: Իսկ դա հնարավոր է միայն ամենօրյա ծանրաբեռնված մարզումների շնորհիվ: Իսկ դրանց արդյունքներն առաջնության ընթացքում անպայման կերեւան:
- Ակումբի հետ պայմանագիր արդեն կնքե՞լ ես:
- Մինչեւ մրցաշրջանի ավարտը ես «Արարատի» ֆուտբոլիստ եմ եւ ուժերիս ներածի չափով կաշխատեմ օգնել թիմին:
- Նոր մրցաշրջանի շեմին անորոշ իրավիճակ է, թե ո՞ր խմբում է հանդես գալու «Արարատը»: Դա հոգեբանորեն չի՞ ազդում ֆուտբոլիստներիդ վրա:
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի վրա, իհարկե, դա չպետք է բացասաբար ազդի: Սակայն ֆուտբոլիստի իմ կենսագրությունում հենց նման բաներին ուշադրություն դարձնելով, տուժել եմ: Այնպես որ պետք է կենտրոնանալ մարզումների վրա: Ակումբի ղեկավարությունը ինչպես հարկն է, կլուծի ծառացած խնդիրները: Ճիշտ է, բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստների համար մի փոքր անսովոր կլինի առաջին խմբում խաղալը, ինչը կարող է հետընթաց քայլ համարվել: Սակայն եթե ստիպված լինենք համակերպվել դառը իրականությանը եւ հանդես գալ առաջին խմբում, ապա պետք է ձգտենք արժանավայել խաղ ցուցադրել եւ բոլորին ապացուցել, որ «Արարատը» մեծ ներուժ ունի եւ արժանի է ուժեղագույնների մրցավեճին մասնակցելու:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ