«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԿԴԱՌՆԱ՞ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ

«Կենտրոն» կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Արտակ Մարուքյանի ասելով, Երեւանը կանաչ քաղաք դարձնելուն խանգարում է ոռոգման ջրի խնդիրը, որի համար այս տարի նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգի ստեղծման մոտ 52 մլն դրամ արժողության ծրագիրըՙ քաղաքապետարանի եւ «Կենտրոն» թաղապետարանի հովանավորությամբ: «Երեւաննախագիծ» ինստիտուտում արդեն պատվիրվել են ոռոգման համակարգի սխեմաները, վերանորոգման աշխատանքները կսկսվեն այս տարվա ապրիլից: «Նախկինում քաղաքի բոլոր այգիները եղել են քաղաքապետարանի ենթակայության տակ: Այժմ կարելի է ասել, ոռոգման համակարգ բոլորովին գոյություն չունի: Անցյալ տարի սկսեցինք Աբովյան պուրակի եւ գյուղակադեմիայի այգու կանաչապատումը: Ոռոգման խողովակաշարի բացակայության պատճառով անմխիթար է հատկապես Օղակաձեւ զբոսայգու 5-6-րդ հատվածների վիճակը» ասաց նա:

Քաղաքի կենտրոնական մի քանի հատվածների, այդ թվում Հանրապետության հրապարակի ծաղկապատումը կսկսվի մայիսի 20-ից:

Իսկ ինչո՞ւ ոչ գարնան սկզբից, հնարավոր չէ՞ օրեցօր գորշ քաղաք դարձող Երեւանի գոնե մի քանի հատվածներում ծաղիկներ տեսնել մարտից մինչեւ նոյեմբեր: ՓԲԸ-ի կանաչապատման եւ բարեկարգման բաժնի պետ Սամվել Աղաջանյանը հավելեց, որ դրա պատճառներից մեկը նյութական միջոցների սղությունն է: Մարտի 15-ից ապրիլի 15-ը Կենտրոն համայնքում կտնկվի մոտ 1480 ծառ, հիմնականում Մաշտոց, Ամիրյան, Տերյան, Թումանյան, Խանջյան եւ մյուս փողոցներում, որից հետո մոտ 13 հազար թուփ եւ 115 հազարից ավելի ծաղկի սածիլներ կտնկվեն Կենտրոնի տարբեր հատվածներում: Դրանց մեջ չի մտնում Վերնիսաժի այգին, որի բարեկարգման, կանաչապատման, աղբահանման ու այլ պարտականությունները դրված են սեփականատիրոջՙ «Հարություն Նավասարդյան» ՍՊԸ-ի վրա, սակայն արդեն քանի տարի այգում ոչ մի բարեկարգում չի կատարվում, մինչդեռ այնտեղ առեւտուր անողների թիվն անընդհատ ավելանում է:

Այգու վերինՙ Նալբանդյան փողոցի հատվածում երբեմն կարելի է տեսնել այնտեղ աշխատող «Կենտրոն» կանաչապատման աշխատողներին: Պրն Մարուքյանի ասելով, այգու այդ հատվածը, մինչեւ նախկին Ալավերդյան փողոցի (Հանրապետության) «քրչի շուկան» իրենց խնամքի տակ է. ուրբաթ եւ երկուշաբթի, այսինքնՙ տոնավաճառի նախորդ եւ հաջորդ օրերին իրենց բանվորներն այդ տարածքը մաքրում են:

Իսկ Աբովյան փողոցը, որն արդեն վերածվում է սրճարանային նոր գոտու, դեռ երկա՞ր է մնալու կանաչապատողների ուշադրությունից դուրս: «Այս տարի Կենտրոն թաղապետարանը նպատակ ունի քաղաքի այդ կարեւորագույն փողոցը դարձնել ցուցադրականՙ կանաչապատման ու մաքրության առումներով: Կհաջողվի՞ արդյոք Աբովյան պուրակից մինչեւ Հանրապետության հրապարակ ունենալ օրինակելի փողոց, մեծ մասամբ կախված է նաեւ սեփականատերերից, որովհետեւ նրանց գերակշիռ մասը զլանում է մաքրել իր խանութի, շինության տարածքը, ուր մնաց թե ծաղկապատման հարցով զբաղվի: Իր շրջապատը մաքուր պահելու կուլտուրա չունեցողից ինչպե՞ս կարելի է ավելին պահանջել», ասաց նա:

Քաղաքի գլխավորՙ Մաշտոցի պողոտայով «Կենտրոն» կանաչապատումը զբաղվում է 2004 թվականի գարնանից, այստեղ եւս ոռոգման ջրի բացակայությունը կանաչապատման համար լուրջ դժվարություններ է ստեղծում, նույն խնդիրը գոյություն ունի նաեւ Տիգրան Մեծի պողոտայում: Թե որքա՞ն կտեւի ոռոգման համակարգի վերանորոգումը, պրն Մարուքյանը կոնկրետ ժամկետ չնշեց, նրա հավաստմամբ, դա երկարատեւ աշխատանք է:

Անցած տարի, քաղաքապետարանի հանձնարարականով, իրենք վերահսկել են Օղակաձեւ զբոսայգու որոշ հատվածները, հաճախ խնամել նաեւ սեփականաշնորհվածները: Զարմանալի է, որ քաղաքապետարանը սեփականատերերի նկատմամբ բավական բարեհաճ է եւ ոչ մի տուգանք չի սահմանում պարտավորությունները չկատարողների նկատմամբ: Իբրեւ փայլուն ապացույց կարելի է բերել ինչպես Օղակաձեւ զբոսայգու որոշ հատվածների, այնպես էլ Վերնիսաժի այգու սեփականատերերին: Իհարկե, կան նաեւ բարեխիղճները, ինչպես օրինակ, «Կոնգրես» հյուրանոցի դիմացի այգու սեփականատերը, որի շնորհիվ անցած ամառ այդ տարածքը քաղաքի ծաղկաշատ մի քանի հատվածներից մեկն էր:

Փոխտնօրենը նշեց, որ 1 քմ կանաչ գազոն ունենալու եւ պահպանելու համար սեփականատերը պետք է վճարի մոտ 20 հազար դրամ: Ծաղկապատումն ավելի էժան է, սակայն դրա համար հարկավոր է ունենալ հոգատար ու իր գործը սիրող գյուղատնտես, ինչպես, օրինակ, Աբովյան պուրակի գյուղատնտես տիկին Ֆլորան, որի մասին «Ազգն» անցած տարի նյութ էր հրապարակել:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4