«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2005-03-01 | #37, 2005-03-02 | #38, 2005-03-03


ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՇԱՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Եվրոմիությունում սկսվել է հակածխախոտային լայն արշավ, որն ընդգրկում է մինչեւ 2008 թ. ընկած ժամանակաշրջանը: Ենթադրվում է այդ ժամանակամիջոցում ծախսել 72 մլն եվրո: Նախորդ համանման արշավի ընթացքում 3 տարում ծախսվել էր 18 մլն եվրո:

Եվրոհանձնաժողովի առողջապահության հարցերի պատասխանատու Մարկոս Կիպրիանուն հայտարարել է, որ նախաձեռնության նպատակն է Եվրոպայում կրճատել ծխողների թիվը եւ կանխել ամեն տարի ծխախոտի օգտագործումից առաջացող հարյուր հազարավոր մահերը:

Կիպրիանուի խոսքերով, ծխախոտն ամեն տարի սպանում է 650 հազար եվրոպացիների: Թեեւ շատ երկրներում ներկայումս ծխողների թիվը նվազում է, բայց բազմաթիվ երիտասարդներ եւ ջահել կանայք դարձյալ դառնում են ծխախոտի զոհեր:

BBC-ի տվյալներով, ներկայումս Եվրոմիությունում ծխողների միջին տարիքն իջել է 13-ի, որն անչափ վտանգավոր միտում է: Կիպրիանուն, որն անցյալում ծխող է եղել, այսօր պայքար է ծավալել, որպեսզի ԵՄ երկրները պետական մակարդակով արգելեն հասարակական վայրերում ծխելը:

Հակածխախոտային արշավի ընթացքում ԵՄ անդամ 25 երկրներում հեռուստատեսությամբ կգովազդվի երիտասարդության առողջ (անծխախոտ) ապրելակերպը, հաղորդումներ կհեռարձակվեն ծխելը թողնելու եղանակների վերաբերյալ եւ այլն: Այս տարվա հուլիսից ԵՄ բոլոր երկրները կարգելեն ծխախոտի գովազդը ռադիոյով, ինտերնետում եւ տպագիր հրատարակություններում: Ծխախոտի հեռուստագովազդը Եվրոմիությունում արգելված է 1989 թվականից:

Երեկվանից Հայաստանում սկսեց գործել հակածխախոտային նոր օրենքը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4