Կենտրոնական բանկի նախագահն ընտրվում է 7 տարին մեկ անգամ, այնպես որ երեկ Տիգրան Սարգսյանի վերահաստատումը հանրապետության գլխավոր ֆինանսիստի պաշտոնում արտակարգ իրադարձություն կարելի է համարել խորհրդարանի համար:
Կենտրոնական բանկի նախագահին վերընտրելու համար փակ գաղտնի քվեարկություն անցկացվեց, որ ավելի շատ բաց ու թափանցիկ կարելի էր անվանել: Առանց քվեախցիկ մտնելու պատգամավորների մեծամասնությունը հենց տեղում ամրագրում էր իր դիրքորոշումը քվեաթերթիկի վրա եւ գցում անթափանց փայտե արկղի մեջ: Երբ փորձեցինք հիշեցնել նրանց, որ քվեարկությունը գաղտնի պիտի ընթանա, պատասխանեցին, որ ընտրողի իրավունքն է փակ քվեարկության ժամանակ բաց ընթացակարգով քվեարկելը: Այդ կարծիքին չէր, սակայն, անկախ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: Նա հայտարարեց, որ նման կարգ գոյություն չունի:
Ինչեւէ, տեսականորեն փակ, գործնականում բաց քվեարկությանը մասնակցեց 131 պատգամավորներից 92-ը: 86 կողմ, 4 դեմով (2 քվեաթերթ անվավեր էր ճանաչվել) եւս 7 տարի ժամկետով վերահաստատվեցին գործող նախագահի լիազորությունները ԿԲ-ի ղեկավարի պաշտոնում:
Անփոխարինելիները
Մինչ ԱԺ միջանցքում ընթանում էր ԿԲ նախագահի քվեարկությունը, «Արդարություն» խմբակցության անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մամուլի ասուլիս հրավիրեց: Գործնականում բոյկոտի մեջ գտնվող ընդդիմությունը, այնուամենայնիվ, իր պարտքն է համարում ժամանակ առ ժամանակ հրապարակավ քննադատել իշխանությանը:
«Ներկայացնելով Տիգրան Սարգսյանի թեկնածությունըՙ հանրապետության նախագահն ապտակեց երկրի բոլոր տնտեսագետներին ու ֆինանսիստներին», հայտարարեց նա: Ընդդիմադիրը կարծում է, որ հենց ԿԲ նախագահի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե նրանից բացի ներկայացվեին էլի մեկ, երկու թեկնածուներ եւ նրանց հետ համեմատության դաշտում հիմնավորվեր Տիգրան Սարգսյանի առավելությունը:
«Երկրում ստեղծվել է անփոխարինելիության մշակույթ: Իրենց պաշտոններում անփոխարինելի են համարվում նախագահը, վարչապետը, նախարարները»: Ընդունելով հանդերձ Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները, Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ նա բազմաթիվ վրիպումներ ու թերացումներ է թույլ տվել: Մասնավորապես հիշատակվեց ոսկու պահուստային պաշարների վաճառքը: «Ոչ մի երկիր չեք գտնի, որ հրաժարվի իր ոսկու պաշարներից: Մեզ մոտ այն ներկայացվեց իբրեւ հաջող գործարք: Մինչդեռ ոսկու գներն աճեցին: Երբ մենք ունենք ցնցումների ենթակա արժույթ, ոսկին եղել եւ մնում է վճարման ամենահուսալի միջոցը»:
Դուրս եկավ «Ազգային միաբանությունից»
«ԱՄ» խմբակցության ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը երեկ գրավոր հայտարարություն էր ներկայացրել խմբակցությունից իր դուրս գալու մասին: Դրդապատճառների վերաբերյալ նա ոչինչ չուզեց ասել: Նապոլեոն Ազիզյանը «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ է: Նապոլեոն Ազիզյանը սերտ հարաբերությունների մեջ է «Ժողպատգամավոր» խմբի հետ: Այնպես որ, ըստ շրջանցիկ լուրերի, նա կամ կհամալրի այս խմբի շարքերը, կամ էլ «Նիգ Ապարանն» այլ պլաններ ունի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ