Տնօրենների ընտրությունն իրականացվում է ուժային միջավայրի թելադրանքով
Մի քանի օր առաջ խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողով էր զանգահարել Շիրակի մարզի գյուղերից մեկի մի ուսուցչուհի: Նա 15 տարի եղել է գյուղական դպրոցի տնօրենը, 20 տարվա մանկավարժական ստաժ ունի: Աշխատանքը կորցնելու վտանգ առաջացրել է, որքան էլ տարօրինակ է, նրա եւ գյուղապետի քաղաքական համոզմունքների տարբերությունը: Ուսուցչուհին հարում է մի կուսակցության, գյուղապետը` մեկ այլ: Նույնիսկ 8-ամյա կրթություն չունեցող գյուղապետը որոշել է, որ գյուղական դպրոցի տնօրեն պետք է դառնա իր քաղաքական կողմնորոշմանը մոտիկ մեկ այլ անձնավորություն: Իր այս «տեսակետը» նա «կամ ես, կամ նա»-ի գողական սկզբունքով պարտադրում է նաեւ մարզպետարանին, հավանաբար, ինքնավստահության բավարար պաշար ունենալով նախորդ ընտրություններից:
Աշնանը կմեկնարկեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս խորքի վրա հատկապես դպրոցները դարձել են տեղական ինքնակառավարման ու նրանց իշխանության պահապան թաղային հեղինակությունների համակ հետաքրքրության առարկա: «Քրեական բեսպրեդելը» գործողության մեծ դաշտ է գրավել նաեւ կրթական ասպարեզում:
Զարմանալի է, որ կրթության նախարարությունը շարունակում է անմասն մնալ այնպիսի կարեւոր գործընթացից, ինչպիսին է տնօրենների ընտրությունը: Ըստ գործող կարգի, տնօրեններին ընտրում է հատուկ խորհուրդը, որի կազմում միայն մարզպետարանների ու թաղապետարանների ներկայացուցիչներն ու ծնողներն են: Ոչ մասնակցության, ոչ ձայնի իրավունքով այս կարեւոր միջոցառմանը չեն մասնակցում կրթության մարզային վարչություններն ու նախարարությունը: Գործընթացը միանգամայն անվերահսկելի է դարձել:
Սովորաբար ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հանրակրթական դպրոցների շենքերն ընտրատեղամասերի են վերածվում:
Այս հանգամանքը ճակատագրական ներգործություն է ունեցել նաեւ դպրոցի տնօրենների ընտրության վրա: Այս հաստատություններում սեփական թեկնածուն ունենալու սկզբունքը, հատկապես երբ մի քանի ամիս է մնացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ոչ մի բանի առջեւ չի կանգնեցնում ոչ տեղական մանր ու մեծ իշխանավորներին, ոչ էլ նրանց հլու ու վայրենի կամակատար հեղինակություններին: Այս կամ այն դպրոցում սեփական մարդն ապահովելով, տեղական իշխանավորն արդեն վստահ է, որ ապագա ընտրություններում այս կամ այն տեղամասն իրենն է լինելու եւ միանգամայն կառավարելի:
«Համատարած բնույթ են ստացել նաեւ այն իրողությունները, երբ դպրոցական խորհրդի «որոշումով» մասնագիտական բարձր որակով, փորձառու տնօրենները դուրս են մղվում այս հաստատություններից», ասում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը:
Ապօրինաբար պաշտոն գրաված նոր տնօրենը, բնականաբար, գործում է նույն սկզբունքներով, որոնց շնորհիվ ինքը հայտնվել է այդտեղ, անարդար «վիրահատություններով» կատարելով, անառողջ ու անթույլատրելի մթնոլորտ ստեղծելով կոլեկտիվում: Բնականաբար, կրթական նպաստավոր միջավայրի հավանականության մասին ավելորդ է անգամ խոսելը:
Հանրակրթական դպրոցների տնօրենների կամայականության զոհ դարձած ուսուցիչների բողոքի հայցերը վերջին 2 տարվա ընթացքում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում դատական ատյաններում: Անարդար որոշումներով աշխատանքից ազատված ուսուցիչների թիվը հազարների է հասնում: Իրողությունը, կարելի է ասել, համատարած բնույթ է կրում:
Կրթական վիճակագիրների համար բավականին հետաքրքրական է ներկա պահին հանրակրթական դպրոցների տնօրենների որակական ցենզերի ուսումնասիրությունը, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, հասարակական ինչ շերտ են ներկայացնում: Հատկապես օպտիմալացման` ուսուցիչների համար ցավագին ընթացքով այս միջոցառման ընթացքում զանգվածային բողոքների թիրախը հենց նրանք դարձան իրենց ինքնիշխան ու ապօրինի որոշումներով:
Հեղինե Բիշարյանը մատնացույց է անում հանձնաժողովին ու իրեն հղված այս կամ նման բովանդակությամբ նամակ-բողոքների մի հսկայական կապոց: Բազմաթիվ բողոքներ են ստացվում Լոռու, Շիրակի գյուղերից, Արթիկից, Սպիտակից:
Սովորաբար իրողությունները հետազոտելու համար հատուկ պատվիրակություններ են մեկնում «դեպքի վայրերը», սակայն որպես կանոն, նրանց այցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն ընթացքով: Նույնիսկ այսպիսի ներկայացուցչական խմբերի միջամտությունը ոչնչով չի օգնում: Վանաձորի դպրոցներից մեկից դուրս մնաց մանկավարժական գիտությունների թեկնածու տնօրենը, որի մասին պատգամավորը տեղեկացրեց նույնիսկ ԱԺ հայտարարությունների ժամին:
Իհարկե, պատճառները խորքային են` պայմանավորված օրենսդիր մարմնի հեղինակության բացակայությամբ եւ դրա ներկայացուցիչների համեմատ առավել իրական իշխանություն ունենալու տեղական հեղինակությունների վստահությամբ:
«Ես կարծում եմ, որ վերահսկողական տեսչություններ պիտի ստեղծվեն նաեւ հանրակրթական համակարգում, ամենուր դրանք կան, բացի այս ոլորտից, եւ դպրոցները բարձիթողի վիճակում են հայտնվել: Աբսուրդ է, որ կրթության նախարարության ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով է մասնակցում դպրոցի տնօրենների ընտրություններին, ե՛ւ նախարարությունը, ե՛ւ կրթական վարչությունները իրենց ներկայացուցիչները պիտի ունենան այդ խորհուրդներում», ասում է Հեղինե Բիշարյանը:
Պատկերը կամբողջանա, եթե ասենք, որ կրթության նախարարությունը շատ հաճախ անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր տնօրինությանը ենթակա ոչ միայն քաղաքային, այլեւ գյուղական, ու առավել եւս հեռավոր գյուղերի դպրոցներում: Նույնիսկ նախարարի խոստովանությամբ, «լուրջ խնդիրներ կան տարբեր դպրոցներից ստացվող տեղեկատվությունների հետ, միասնական համակարգ այս ասպարեզում չկա»:
Վիճակը վատթար է նախադպրոցական կրթության բնագավառում: Այստեղ էլ գործում են նույն սկզբունքները, ինչ դպրոցների տնօրենների պարագայում: Հիշատակենք, որ նախադպրոցական կրթարանները եւս ընտրությունների օրերին ընտրատեղամասերի են վերածվում:
Անկախացման առաջին տարիներին ցածր աշխատավարձի, կադրերի պակասի պատճառով դպրոց ներխուժեցին կրթության համակարգի հետ կապ չունեցող հազարավոր մարդիկ: Խրախճանքը շարունակվում է նաեւ այսօր, այս անգամ տնօրենների մակարդակով:
Ուսուցման եվրոպական չափանիշներին ինտեգրվելով նմանակվեց նաեւ դպրոցների տնօրենների ընտրության այս կարգը, որ բնականաբար պիտի հակադրվեր այդ չափանիշներից շատ հեռու, այլ սովորություններով ու մտածելակերպով գործող միջավայրի մեխանիզմին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ