Կպարտադրվի՞ Քոչարյանին ստորագրել մի քանի շրջաններից զորքերը դուրս բերելու փաստաթուղթ, իսկ Ալիեւինՙ հրաժարվել Ղարաբաղից եւ Լաչինի միջանցքից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Վարշավայում: Լեհաստանի մայրաքաղաքում մայիսի 16-17-ը նախատեսված է Եվրոխորհրդի անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթաժողովը:
Շաբաթ օրվա համարում «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի արտգործնախարարը դիտավորյալ չի մեկնել Պրահա, որտեղ մարտի 2-ին նախատեսված էր Ադրբեջանի իր գործընկերոջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ղեկավարի հետ հանդիպումը:
«Ազգի» խմբագրությունը եւս ստացել էր տեղեկություն, որ մայիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Համաձայն մեզ հասած տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանին առաջարկվելու է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող մի քանի շրջաններից զինուժը դուրս բերել:
Մեզ եւս տեղեկություններ էին հասել, որ Վարդան Օսկանյանը խուսափել է մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք մեկնելուց: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը երեկ մեզ փոխանցեց, որ նախարար Օսկանյանը Հասարակածային Գվինեա մեկնելուց առաջ էր հիվանդ, վերադարձից հետո հիվանդությունը քիչ ավելի բարդացավ: Նախարարը հիվանդ էր թոքաբորբով: Բժիշկները նրան կտրականապես արգելել էին մեկնել Պրահա: Միայն մեկ-երկու ժամով են նրան թույլ տալիս դուրս գալ աշխատանքի: Գասպարյանը նշեց, որ նախարար Օսկանյանը հիվանդության պատճառով հետաձգել է իր այցելությունները Փարիզ, Դանիա, Շվեդիա եւ ԱՄՆ:
Երեկ դիվանագիտական վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Վարշավայում, սակայն անհավանական է, որ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, քանի որ հակամարտության կողմերը դեռեւս ակնհայտորեն հեռու են կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրելուց:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, փետրվարի 24-ին Բրատիսլավայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը լուծման ուղղությամբ առաջ տանելու հարցը եւ համաձայնություն է կայացել լուծման ինչ-որ տարբերակի շուրջը:
Մարտի 25-26-ը երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահը: Ճիշտ է, Վլադիմիր Պուտինը Երեւան է ժամանելու Հայաստանում Ռուսաստանի տարվա բացմանը մասնակցելու, սակայն սա կարող է լինել նրա այցի երեւացող մասը:
Վերջին ամիսներին ղարաբաղյան կարգավորման հարցում հակամարտության կողմերը որոշակի լավատեսություն են արտահայտում: Ուրբաթ օրն Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն անդրադառնալով պրահյան բանակցություններինՙ ասել է. «Մենք միացել ենք բանակցային գործընթացներին հակամարտությանը լուծում տալու նպատակով: Ադրբեջանը ցանկանում է համապատասխան ձեւով եւ փուլ առ փուլ բարեկամական հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ»:
Փետրվարի 14-ին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ասել էր, որ Մինսկի խմբի վերջին ակտիվացումը կարող է տալ իր արդյունքները: «Մենք գտնում ենք, որ Մինսկի խմբի գործունեությունը չպետք է ելնի այն սկզբունքից, որ «դուք պայմանավորվեք, իսկ մենք կհաստատենք»: Եթե կարողանայինք պայմանավորվել, ապա կանեինք դա: ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է հենց այն պատճառով, որ կողմերը չկարողացան համաձայնության գալ»:
Հունվարի առաջին օրերին Ադրբեջանի նախագահն անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտնում է «նոր, պոզիտիվ փուլ»: «Անշուշտ, ես չեմ ցանկանում ասել, որ գործընթացն արդեն ստացել է իր լուծումը: Բանակցություններն ընթանում են, եւ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դրանք ընթանան մեզ համար շահավետ հունով», ասել էր Ալիեւը:
Համանախագահներն իրենց հերթին եւս որոշակի լավատեսություն են հայտնում: Այսպես, Յուրի Մերզլյակովը վերջերս նկատել էր, որ պրահյան բանակցություններում Հայաստանը համաձայնել է որոշ փոխզիջումների եւ «այժմ հերթն Ադրբեջանինն է»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը փետրվարի 19-ին ամերիկահայության հետ հանդիպմանն ասել էր. «Բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին, քանի որ դա աղետալի քայլ կլինի»:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նախքան ԵԱՀԿ փստահավաք առաքելության զեկույցի պատրաստումը, նշել էր, որ «Երեւանը եւ Ստեփանակերտը գրավյալ տարածքների բնակեցման քաղաքականություն չեն վարում» եւ «միակ բացառությունը Լաչինն է, որի վերաբերյալ կարելի է ասել, որ բնակեցմանն աջակցում եւ հովանավորում են»:
Հայաստանի պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների համաձայն, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Լաչինի միջանցքը պետք է ունենա այն կարգավիճակը, որն ունենալու է Լեռնային Ղարաբաղը: Անցնող դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում Վարդան Օսկանյանն ասաց, որ Երեւանը կկարողանա ամրագրել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հասնել միջազգային ճանաչման, մյուս կողմից հավելելով, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը ժամանակային առումով կարող է չլինել անմիջական:
Չպետք է բացառել, որ պրահյան գործընթացի մի որոշակի փուլում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ստորագրել կարգավորման միջանկյալ պայմանագիր, ըստ որիՙ ղարաբաղյան ուժերը դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական առնվազն 5 շրջաններից, փոխարենը Բաքուն համաձայնի Ղարաբաղի կառավարումը Հայաստանին հանձնելուն:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացին քաջատեղյակ դիվանագետները հավաստիացնում են, որ պրահյան գործընթացում Մինսկի խումբը կողմերին գրավոր որեւէ առաջարկ չի ներկայացրել եւ, փաստորեն, սեղանի վրա շարունակում է մնալ փարիզ-քիվեսթյան պայմանավորվածությունը, որի էությունը հետեւյալն էՙ Հայաստանը եւ Ղարաբաղը զիջում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, որի դիմաց Ադրբեջանը համաձայնում է Ղարաբաղը Հայաստանին միացնելուն:
Հանգուցյալ Հեյդար Ալիեւը շատ մոտ էր իր ստորագրությունը դնելու քիվեսթյան պայմանագրի տակ, սակայն վերջին պահին հրաժարվեց: Պատրա՞ստ է արդյոք նման քայլի գնալու Իլհամ Ալիեւը, որն, ի տարբերություն հայր Ալիեւի, երկրում չունի ժողովրդական աջակցություն: Պատրա՞ստ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը մի քանի շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու առաջարկին դրական պատասխանելու: