«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2005-03-04 | #40, 2005-03-05 | #41, 2005-03-08


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Պոյկովսկում ավարտին է մոտենում Անատոլի Կարպովի անվան մրցանակի համար անցկացվող շախմատի մրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարում երկիշխանություն է: 5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են մոլդովացի Վիորել Բոլոգանն ու ֆրանսիացի Էթիեն Բաքրոն: Նրանցից կեսական միավորով հետ են մնում Ալեքսեյ Դրեեւն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Հենց այս շախմատիստների միջեւ էլ կընթանա պայքարը հաղթողի կոչման համար:

Ցավոք, անհաջող է հանդես գալիս Ռաֆայել Վահանյանը, որին այդպես էլ չի հաջողվում ճաշակել հաղթանակի քաղցրությունը: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը կարճատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կնքեց Օնիշչուկի հետ: Հաջորդ տուրում նրա մրցակիցը մրցաշարի առաջատար Բոլոգանն էր: Վահանյանին չհաջողվեց հակախաղ գտնել մրցակցի հարձակման դեմ եւ 53-րդ քայլին հանձնվեց: Դա Վահանյանի առաջին պարտությունն էր: Ինչպես երեւում է, անհաջողությունն ընկճել էր Ռաֆայելին եւ 8-րդ տուրում մրցաշարի հետնապահ Սադվակասովի հետ պարտիայում նա տրամադրված չէր պայքարի: Արդեն 10-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

8-րդ տուրում կայացավ Բաքրո-Բոլոգան վճռորոշ պարտիան: Ֆրանսիացի գրոսմայստերը շատ լավ անցկացրեց ողջ պարտիան, մեթոդաբար ճնշում գործադրեց մրցակցի դիրքերի վրա, որը ստիպված էր ընդունել իր անդրանիկ պարտությունը: Այս հաղթանակի շնորհիվ Բաքրոն միավորներով հավասարվեց Բոլոգանին: Դրեեւն էլ պարտության մատնելով Օնիշչուկին, հնարավորություն ստացավ պայքարելու գլխավոր մրցանակի համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4