«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2005-03-10 | #43, 2005-03-11 | #44, 2005-03-12


ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

Տիրայր արքեպ. Տեր-Հովհաննիսյանի անտիպ հուշերը Ալեքսանդր Մանթաշյանի մասին

Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանի (1842-1911) անունն ու գործը լայնորեն հայտնի են հայ իրականությանը: Երեսուն տարի շարունակ նա գործուն մասնակցություն է ունեցել բարեգործական շարժմանը` լինելով ոչ միայն Կովկասի Հայոց բարեգործական ընկերության նախագահը, այլ նաեւ նրա ամենաբեղմնավոր ներկայացուցիչը: Նրա նվիրատվություններով են կառուցվել Թիֆլիսի առեւտրական դպրոցը, Ներսիսյան դպրոցի նոր շենքը, ռեալական դպրոցը, Երեւանի համերգային փոքր դահլիճը, Փարիզի Մայր եկեղեցին, Ս. Էջմիածնի Վեհարանի նոր շենքը, վերանորոգվել Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցին` «Վանքի ժամը», Ս. Էջմիածնի Մայր տաճարը: Զգալի հատկացումներ է կատարել նաեւ Գեւորգյան ճեմարանին: Նրա նյութական եւ բարոյական լայն աջակցությունն են վայելել հայ մտքի եւ գիտության բազմաթիվ ներկայացուցիչներ` գրողներ, հրապարակախոսներ, երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, բժիշկներ, իրավաբաններ, հոգեւորականներ, գյուղական պարզ ու համեստ վարժապետներ, մշակութային, կրթական ու հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, թատերական եւ երաժշտական խմբեր եւ այլն: Մեկ միլիոն ռուբլի է կտակել բարեգործական ամենատարբեր հաստատությունների: XX դարի սկզբներին տարեկան 200 երիտասարդներ Մանթաշյանի նշանակած թոշակով բարձրագույն կրթություն են ստացել Ռուսաստանի եւ Եվրոպայի զանազան ուսումնական հաստատություններում: Մանթաշյանի թոշակառուներից են եղել Ն. Ադոնցը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Գեւորգ Զ Չորեքչյանը, Հ.Դանիելյանը, Գ. Երիցյանը, Ա. եւ Կ. Խատիսյանները, Կոմիտասը, Հ. Մանանդյանը, Տ.Նալբանդյանը, Ա.Շահմուրադյանը, Ստ. Շահումյանը, Ք. Պետրոսյանը, Լ. Սարգսյանը, Սիամանթոն, Ս. Տեր-Գաբրիելյանը, Կ. Տեր-Մկրտչյանը եւ շատ ուրիշներ:

Իրոք, ճիշտ է նկատված, որ Մանթաշյանը միշտ օգնության է հասել ուր եւ ում հարկ է եղել: Երիցս իրավացի էր հոգելույս Մատթեոս Բ Իզմիրլյան կաթողիկոսը, երբ գրում է. «Մանթաշյանը ազգային բարերարների մեջ ընդմիշտ առաջինն է»:

Ա. Մանթաշյանի մասին սույն հուշերի հեղինակը հայոց եկեղեցու նշանավոր դեմքերից Տիրայր արքեպ. Տեր-Հովհաննիսյանն է (Տիգրան Մելիք-Մուշկամբարյան, 1867-1956): Տիրայր սրբազանը Գեւորգյան ճեմարանի շրջանավարտներից է (1888): Եղել է Ղարաբաղի թեմական դպրոցի տեսուչ, Բեսարաբիայի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, Ս.Պետերբուրգի եւ Մոսկվայի հայկական եկեղեցիների տեսուչ, Մայր աթոռի դիվանապետ, Սինոդի անդամ, Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ (1921-1928): Հուշերը նվիրված են ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին (1871-1942): Գրվել է վերջինիս մահվան տպավորության ներքո, հավանաբար 1942 թ. ամռանը, սակայն մնացել է անավարտ:

Ն.Ադոնցին նվիրված այդ հուշերից ներքոբերված հատվածները տպագրում ենք նույնությամբՙ ուղղագրական ու կետադրական անհրաժեշտ միջամտություններով: Տեքստում շեղ փակագծերում կատարված հավելումները պատկանում են մեզ: Շնորհակալություն ենք հայտնում Հր. Բայրամյանին, Պ. Բեդիրյանին եւ Ա.Պետրոսյանինՙ բնագրի վերծանությանը օժանդակելու համար:

ՊԵՏՐ ՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պատմ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նիկողայոս Ադոնցը 1894 թ. Թիֆլիսի գիմնազիան հաջողությամբ ավարտելուց հետո ցանկանում էր համալսարան մտնել: Բայց զգաց, որ յուր առաջ ծառացած է մի շատ ավելի ծանր հարց, որի հաջող լուծումից էր կախված յուր ապագան, յուր երազանքների իրագործումը եւ կյանքի վերջնական նպատակին հասնելու միջոցներ գտնելը:

Այդ հարցըՙ թոշակ ունենալու խնդիրն էր: Մի հարց, որ այդ օրերին չունեւոր տան զավակների համար դյուրությամբ չէր վճռվում: Անցել էին ճեմարանի կյանքիՙ ամեն ինչ ընձեռող շրջանի օրերը, երբ ուսանողը եւ ոչ մի հոգ չուներ, ամեն ինչ պատրաստ ձեռքի տակ: Թիֆլիսի մեջ Ադոնցի համար այդ անցյալը գեղեցիկ հուշ էր եւ հիշելը իսկ ցավ էր, որովհետեւ «թուք պիտի կուլ տար»: Եվ այդ բոլորի հետ հարկավոր էր թոշակ գտնել: Որտեղի՞ց: Ինչպե՞ս: Ո՞վ էր ճանաչում նրան, որ վստահեր: Կովկասյան հայության համար դա այն շրջանն էր, որ մեծ ու փոքր հարուստները, ընկերությունները, հաստատությունները տարված էին մի կարեւոր գաղափարով` սերունդ պատրաստել, վաղվա մարդը, հասարակական գործիչը, ուսուցիչը, քահանան` կրթված, գիտությամբ զինված եւ գալիք կյանքի պայքարին պիտանի եւ ունակ:

Բաքվի եւ Թիֆլիսի հայ հարուստներն ամենքն եւս ունեին թոշակավոր ուսանողներ արտասահմանի եւ ռուսական համալսարանների մեջ: Ամոթ էր եւ փոքրություն, երբ աչքի ընկնող հայ հարուստը յուր թոշակավոր ուսանողը կամ ուսանողները չունենար: Եվ այդ անձերը, որոնք բախտի բերումով հարստացած, սակայն մեծագույն մասով իրենք ուսումից եւ կրթությունից զուրկ էին, գիտեին, հավատում էին եւ խորապես համոզված հոգիներ էին, թե դրամը միջոց է միայն շուրջը մշակույթ տարածելու համար, եւ այդ մշակույթի վաղվա դրոշակակիրները յուրյանց շուրջը վխտացող ուսման ծարավով տարված հայ ուսանողությունն էր: Գիտեին նաեւ, որ ոմանք «փուչ դուրս կգան», շատերը «մարդ չեն դառնա», ոմանք եւս «afferist կուլին», բայց եթե «հարյուրից մեկն» իսկ պիտանի լիներ, էն էլ «խոմ ուփրո /էլ ավելի/ լավ կուլի»:

Այդպիսի մտածողների մեջ ամենից ականավորը հայ առեւտրական աշխարհի մեջ հայտնի ե՛ւ սրտով ե՛ւ գրպանով հարուստ Աղեքսանդր Հ.Մանթաշյանն էր: Ինքը միայն չէր հայ երկնակամարի համաստեղության մեջ: Այդ աստեղատան մյուս փայլուն աստղերից էին Առաքել-ապեր Ծատուրյանը, Ավետիք Բալ. Ղուկասյանը, Թումանյան եղբայրները, Մ. Դոլուխանյանը, Նաբաթյան եղբայրները, Միքայել Հ. Արամյանը, Առաքելյան եղբայրները, Ժամհարյան եղբայրները, Գ. Լիանոզովը, Համբ. Մելիքյանը եւ այլն: Բայց այդ բոլորի մեջ առաջին տեղն էր բռնում Աղ. Մանթաշյանը` գիտակցական ըմբռնումի բարերարը ամեն շրջանի, միջավայրի, պետքի եւ կարեւորության ժամանակ:

Աղ. Մանթաշյանը բարեգործ էր, բարերար, նպաստող, տվող, բայց այն տեղի ու նպատակի համար, որին հավատում էր, որի մեջ համոզված էր անհատաբար եւ կամ որեւէ անձի ազդեցությամբ, որի նկատմամբ խոր եւ անխախտ հավատք ուներ` թե նրա առաջարկն ու առաջարկած անձը կարեւոր են եւ պիտանի ազգի ու եկեղեցու համար: Մանթաշյանը թեեւ մեծահարուտ էր եւ միջոցները լայն ու առատ, սակայն «հումպետս դրամ ծախսելու, դրամը քամուն տալու»-ն ո՛չ հավատում էր եւ ո՛չ էլ գործադրում: Հազարներ չխնայող այդ անձը, հաճախ կոպեկների հետեւից էր ընկած, շատ հեռու լինելով «կոպեկանոց մարդ» լինելուց:

Այդ շրջանում ես պաշտոնավարում էի Ս.Պետերբուրգում, եւ, իրերի բերումով, աշխատում էի օգտակար լինել հայ կարոտյալ ուսանողությանը: Եվ մի օր Թիֆլիսից ստացա Ադոնցի հուսակտուր նամակը, որի մեջ արտահայտել էր յուր ջերմ ըղձանքըՙ միջնորդել Աղ. Մանթաշյանին, որ յուր թոշակավոր սաների շարքի մեջ առներ իրեն: Մանթաշյանի հետ հանդիպած էի մի երկու անգամ, սակայն կասկածելով, որ մի «վարդապետի» միջնորդությունը կարող էր կարեւոր դեղահաբ չլիներ Ադոնցին յուր հիվանդությունից փրկելու համար, դիմեցի Աբգար Հովհաննիսյանինՙ խնդրելով նրա ազդեցությունը Մանթաշյանի վրա, որի մասին կասկած չունեի: Այդ միջնորդությունը հաջողեց եւ 1894 թ. աշնանը Ադոնցն իբր Մանթաշյանի թոշակառու-սան մեկնեց Պետերբուրգՙ մտնելու Կայսերական համալսարանի Արեւելյան լեզուների գիտությանց բաժինը, արձանագրվելով Նիկողայոս Գ. Ադոնց (յուր Տեր-Ավետիքյան ազգանունից հրաժարվելով, գիմնազիական յուր վկայականն եւս ստացավ այդ անունով, որով եւ հայտնի դարձավ ապագային ամբողջ գիտական աշխարհում):

Այդ օրերի Պետերբուրգի հայ ուսանողությունը, ընդհանուր առումով, աղքատ էր: Միջին թոշակըՙ սովորականը, քսան եւ հինգ ռուբլի էր, որով պիտի ապրեին եւ ուսանեին, այսինքնՙ բնակարանի վարձ, ուտելիք, հագուստ, լվացք, ուսմանՙ համալսարանի լսարանների մուտքի վարձ, որ բավական սուղ էր, գրքերի եւ տպագիր դասախոսությունների գնում, երթեւեկի վճար, այդ բոլորն այնպես էին կլանում ուսանողի քսան եւ հինգ ռուբլին, որ ամիսը չվերջացած աչքը դուրսն էր, թե որտեղից «ճանկեր» մի քանի ռուբլիՙ պարտքերը վճարելու, որից ամենածանր, ճնշողն էր սենյակի վարձը: Ոմանք 2-3-4 հոգիներով մի սենյակ էին վարձումՙ վարձագինը պակաս վճարելու նպատակով, սակայն այս պայմանը միշտ էլ խանգարում էր նոցա ուսման, առաջադիմության ընթացքը, որովհետեւ միմյանց էին խանգարում ուսանելու պահերին, աղմկում, ուշ տուն դառնում: Եվ այն ուսանողները, որոնց համար ուսման գործն էական էր եւ անպայման պահանջ ակնկալում էին ունենալ առանձին սենյակ, որոնցից մեկն էր եւ Ադոնցը, որ խաղաղ աշխատության յուրյանց ժամերը խանգարողներ չլինեին: Եվ այս վերջին պահանջը Ադոնցի համար անհրաժեշտ պայման էր, որ յուր հետ էր բերած յուր սկզբնական Habitary-ից /օրրան/` ճեմարանից, եւ որը մինչեւ յուր կյանքի վերջն եւս մնաց անհրաժեշտություն յուր հաջողության: Այսպիսի պայմանների մեջ ապրել ամսական քսան եւ հինգ ռուբլի գումարովՙ անհնար էր, որի անմիջական ազդեցության հետեւանքը պիտի լիներ ծյուրում /հյուծախտ, բարկացավ/ եւ թոքախտ:

Ուսանողների մեջ կային ոմանք, որ ստանում էին ամսական երեսուն ռուբլի: Դոքա երջանիկներն էին: Իսկ 35-40 ռուբլի ստացողներին մատների վրա կարելի էր համրել եւ նրանք ուսանողական օլիմպիական աստվածներն էինՙ հպարտ, անմերձենալի, իրենց շարժուձեւերով հայտարարելով Noli me tangereՙ «Մի՛ մերձենար յիս» /Ձեռք մի՛ տա, մի՛ դիպչիր ինձ/: Իսկապես ասած այդ գումարն եւս մեծ բան չէր: Դորանով հնարավոր չէր շռայլ լինել, բայց կարելի էր, գոնե կիսաքաղց վիճակից ազատ լինել, ամիսը մի անգամ, գոնե, թատրոնի երես տեսնել, շաբաթը մի անգամ բաղնիք այցելության գնալ, երկու ամիսը մի անգամ սափրիչին ներկայացնել գլուխը եւ հետն եւս անհրաժեշտ օժանդակ գրքեր, ձեռնարկներ գնելու վիճակի մեջ լինել: Ասում եմ այդ գումարըՙ 35-40 ռուբլին, մեծ բան չէր, որովհետեւ Գերմանիայի մեր վանական ուսանողները ստանում էին ամսական 75 ռուբլի թոշակ եւ միշտ էլ գանգատվում էին, թե «դրամը քիչ է»: Ճշմարիտն գերմանական գրքերը շատ ավելի սուղ էին, սակայն համարյա կրկնակի, եռակի թոշակ էին ստանում եւ դարձյալ «դրա՜մ, դրա՜մ» աղաղակում: Մերոնք եւս իրենց շռայլություն թույլատրել չէին կարող այդ դրամով, բայց համեմատությունը եւ տարբերությունը նախանձ էր շարժում:

Ուրիշների միջոցով վաղուց տեղեկացել էի, որ Ադոնցը նյութական խեղճ վիճակի մեջ է: Ցանկանում էի հանդիպել իրեն, սակայն հասցեն չգիտեի: Որոնումներս անպտուղ անցան: Մի օր, երբ ուսուցչապետ Նիկոլայ Յակովլեւիչ Մառին հանդիպեցի համալսարանի մեջ, հարցրի նրան.

- Ա՜, քիչ առաջ այստեղ էր,- ասաց,-ու՞ր գնաց չգիտեմ: Ի դեպ, ուշիմ, խոհուն, հետախույզ մտքի եւ պրպտող ուսանող է, գոհ եմ շատ: Միակ հայ ուսանողն է, որ մեծ ապագա է խոստանում: Կուղարկեմ Ձեզ մոտ անպայման:

Ի վերջո, երբ հանդիպեցի Ադոնցին, համոզվեցի, որ նրա առողջական եւ նյութական վիճակն, իրոք, հուսահատական է: Այս պայմանների մեջ կարեւորը դրական մի քայլ կատարելն էրՙ ազատել հյուծվող, ուժասպառ դարձող Ադոնցին վտանգից: Եկեղեցու խորհրդի բոլոր անդամների հետ մոտ, բարեկամական կապեր ու հարաբերություն ունենալով, յուրաքանչյուրի աջակցությունը խնդրեցի: Խոստացան, սակայն մեծագույն դժվարությունն այն էր, որ Ադոնցը թոշակ ուներՙ 25 ռուբլի ամսական, եւ, որ Մանթաշյանի թոշակառու էր: Բայց ի՞նչ արժեր այդ արտաքին գրավիչ պիտակը, երբ տղան ձեռքից գնալ կարող էր:

Հարկավոր էր, սակայն մի ճար գտնել, մի նոր դուռ բացել: Եվ այդ դուռն ինքնիրեն բացվեց:

Մի օր Ադոնցը վազեվազ բնակարանս եկավ եւ ուրախ-ուրախ հայտնեց, թե Աղեքսանդր Իվանիչը (Մանթաշյանը) եկած է եւ պիտի շուտով Փարիզ գնա: Եվ հարցական նշան դարձած, չորացած կանգնած մնաց սենյակի մեջ: Տարված էի խոհերով, թե ի՞նչպես անեմ, որ հաջողենք: Եվ ապա գլուխս բարձրացնելով, ժպտալով, թարթիչների շարժումով «այո» ասացի:

Երբեք պիտի չմոռանամ այն ներքին ինքնաբուխ զսպանակից մղված շարժումը, որ ունեցավ նա. փաթաթվեց ինձ, սկսեց համբուրել դեմքս եւ աջս: Մինչ այդ նրա վերաբերումը եղած էր զուսպ, հարգալի, առանց familarite՛-ի արտոնության, սակայն այդ րոպեն նրա կյանքի էական պահերից էր եւ ինքնամոռաց մտերմությամբ ողջագուրվեց:

- Կանե՞ք չէ: Գոնե ամսվան հինգ ռուբլի, որ չվազվզեմ այս ձյուն-ձմեռը քաղաքի մի ծայրից մյուսը:

Շաբաթ օր էր: Խոստացա, որ կիրակի օրը կաշխատեմ տեսակցություն ապահովել պ. Մանթաշյանի հետ եւ նրա աջակցությունը խնդրել թոշակի հավելման համար:

Հետեւյալ օրը կիրակի էր: Ադոնցը եկած էր եկեղեցի եւ պատահական հայացքների խաչաձեւման պահերին կամենում էր մի բան հասկացնել: Ի՞նչՙ չիմացա: Եկեղեցու մեջ չափազանց խստապահանջ այլոց նկատմամբ նույնքան եւ ավելի խստապահանջ էի իմ վերաբերությամբ, ինչ որ հուսահատեցնում էր Ադոնցին: «Հայր մեր»-ի ժամանակ, երբ դարձա ժողովրդինՙ քարոզելու համար, նկատեցի որ եկեղեցու հարավային հետեւի սյունի մոտ Եզյանի /Կարապետ Էզովի/ բնական ժառանգության տեղի մոտՙ ճիշտ Եզյանի կողքին, կանգնած է Մանթաշյանըՙ յուր հաղթ, վիթխարի մարմնով: Երկու Մասիսներՙ Մեծ եւ Փոքր, երկուսն եւս նույնքան պիտանի, որքան մեր հայրենի աշխարհի պարծանք լեռնակուտակ մեծություններըՙ մեկն յուր հարստության խոնարհ մեծությամբ, մյուսն յուր խելքի, մտավոր կարողության ուժի «դրամագլխով»: Մանթաշյանը յուր դրամագլուխն արժեվորում էր հայ աշխարհի մեջ հայության մշակույթին նոր թափ տալով, ինչպես օրինակ Ներսիսյան դպրոցի հովանավորությունըՙ նոր դպրոց շինելու խոստումով: Դպրոցի կառուցումից հետո վրացիներն օգտվեցինՙ գրավելով եւ իրենց համալսարանի շենքը դարձնելով այն: Այնուհետեւ Մանթաշյանը վերից-վար վերանորոգել է տվել Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցինՙ «Վանքի ժամը», ապաՙ Մայր աթոռի տաճարի վերանորոգությունը ապահովելու եւ նոր Վեհարան կառուցանելու խոստումով, հարկավոր թոշակառու սաներ ապահովելով եվրոպական եւ ռուսական համալսարանների մեջ եւ յուր բարերարի լայն քսակը միշտ էլ լայն բանալով, գիտակցորենՙ առանց արտաքին խթանումների , Փարիզի գեղեցկակերտ հայկական եկեղեցին կանգնեցնելով Ֆրանսիայի ոստանի աչքի ընկնող մի փողոցի վրա: Իսկ մյուսըՙ /Կարապետ Էզովը/ յուր հեռատես մտքի ազդեցությամբ կարող եղավ ազդել, համոզել եւ Սանասարյանի ոսկիներով իրագործել տալ հիմնարկությունը մի մեծ լուսավոր ջահիՙ Սանասարյան դպրոցի, Հայաստանի սրտի /Կարինի/ մեջ, մի մարդու ձեռքով, որ հարուստ էր, սակայն ոչ տեսիլների ապրումներով: Մի արժանիք, որ Եզյանի մեծարման իսկ կբավեր, եթե չթվենք նրա մյուս արժանիքները գրական աշխարհի եւ քաղաքական մարզի մեջ:

Հոգեպես ուրախ եղաՙ տեսնելով Մանթաշյանը եւ ինձ համար այդ պահին պարզվեց միայն, թե ինչու Ադոնցի աչքերը ֆոսֆորացած էին:

Պատարագից հետո հանդիպեցի Եզյանին եւ նրա թեւը մտած Մանթաշյանին: Եզյանը դառնալով նրան ասաց.

- Ծանոթացեք մեղ եղիտասաղդ վաղդապետի հետ, ողը...

Մանթաշյանը կտրելով նրա խոսքըՙ վրա բերեց.

- Վունց թե ծանոթացեք: Ուփրո նուր մեկէլանց պիտի ճանանչիմ: Վաղուց մեկմեկու լավ բարեկամներ ինք:

Եվ դառնալով ինձ.

- Է՜, վու՞նց իս, վու՞նց չիս. քեփդ րոգորա (քեֆդ ինչպես է): Վա՜ մոռացա, վուր քաղքի լիզու եմ խոսում ու էս մե բարեկամը վրացարեն չի գիդե: Է՞, խի չես գալի ինձ մուտ: Կանաս էս իրիգու գաս. ուփրո շատ պիտի ուրախ էլնիմ:

Խոստացա:

Երեկոյան այցելեցի իրեն, որ իջել էր Հայոց եկեղեցու ճիշտ հետեւ գտնվող «Եվրոպական հյուրանոց»-ում: Հենց այդ րոպեին էլ հյուրանոց վերադարձավ եւ ինքըՙ տրամադրությունը տեղը, ուրախ եւ զվարթ: Վերադառնում էր իշխան Օբոլենսկու տնից, ուր ճաշի էր հրավիրված, իսկ ուշ երեկոյան էլ մի այլ բարձրաստիճան պաշտոնյայի մոտՙ ընթրիքի: Անհարմար համարելով այցելության անպատեհ ժամը, կամեցա վերադառնալՙ մի այլ անգամ գալու խոստումով, բայց պնդեց, որ բարձրանանք իր հարկաբաժինը, հայտնելով, որ ժամը 11-ին են սպասում իրեն:

- Վա՜, թող մէ սհաթ էլ սպասեն, ի՞նչ կուլի:

Տրամադրությունը շատ լավ էր այդ երեկո: Կատակներ էր անում շարունակ:

- Էս մունդռիկները զարափաթ (կատակ) էլ չին հասկանում: Հա՛, մէ էն ասա, ինչի՞ չիս գալի: Քանի օր է էստեղ եմ, մէ անգամ էլ լայաղ չ՛արիր գաս տենասՙ վունց է Մանթաշովը, ապրում է, թե վուր ջահնդամների մեջն է թրեւ գալի:

Ընդհանուր խոսակցություններից հետո խոսքը դարձրի իր սանի ՙ Ադոնցի մասին եւ ասացի, որ շատ պիտի ցանկանար, գար իր շնորհակալությունը հայտնելու:

-Է՜, վու՞նց է, լա՞վ է սովորում, լա՞վ մարդ դուս կուգա իրմէ, թե՞ չաթուքեսանի /չարաճճիի/ մեկն էլ էն կուլի:

Ապահովացրի, որ յուր բոլոր թոշակառուների մեջ իրեն պատիվ բերող եւ ազգին պիտանի ուսանող է եւ շատ լավ ապագա է խոստանում եւ թե յուր արած ծախքերը նրա համար կորած չպիտի համարի:

- Վա՜, դուն էն ասաՙ բանի պետք խոմ չունի՞: Ձմեռ է, խոմ գիտաս, ցուրտ է, չմրսի ու սաթլջամ (կողատապ) չառնե, մեղք է: Ամեն ինչը դրու՞ստ է, թե...

Լռությունս նրան ավելի եւս հետաքրքրեց եւ անհանգիստ շարժումով հարցրեց.

- Դրուստ ասա, բան հո չունի, չունքի խիստ ափսոսալի բան կուլի վուր. Հեքիմ, դեղ, բալնիցա (հիվանդանոց), ինչ վուր հաջաթ (պետք) է, կարգադրի: Փուղի-մուղի մասին մի մտածի:

- Ալեքսանդր Իվանիչ, հիվանդ չէ, բայց կարող է պատահել, որ սնունդի պակասությունից նեղվի, շատ է զբնիլ (նիհարել): Ստացած գումարը քիչ է նրա համար, ծախսող չէ, թրեւ եկող չէ, բայց գրքերի շատ պետք ունի:

- Դե ասա, հեր օրհնած, ինչքա՞ն է պետք: Ինչքա՞ն է ստանումՙ երեսու՞ն, քառասու՞ն, հիսու՞ն:

- Ո՛չ, միայն քսան եւ հինգ, որ գիտեք շատ քիչ է: Եթե ավելացնել տայիք գոնե, տասն եւս, կարծեմ բավական կ՛լինի:

- Տասն ի՞նչ կ՛ոնէ, վա՜ գեթաղվա (սիրելիս): Ստեփա՛ն, Ստեփա՛ն, էստի եկ:

Կանչեց իր քարտուղարինՙ Ստեփանին, որ երբեք չէր բաժանվում նրանիցՙ տանը, ճանապարհորդության ժամանակ, գրասենյակում, թե այլուր:

Ստեփանը արագ-արագ ներս մտավ եւ հարցական նշան դարձած մեկ նրանՙ յուր տիրոջ, մեկ ինձ էր նայում:

- Ստեփա՛ն, գրե, որ էսօրենց դենը Ադոնցին, հո գիտես չէ՞ էն ուսանողին, ամսական ղրկեն:

- Ալեքսանդր Իվանիչ, նրա ամսականը անխափան գալիս է, արխային կացեք: Արդեն քսանհինգ ուղարկում են ամեն ամիս:

- Տո՛, մունդռիկ, քի վուր ամսական քսանհինգ տամ, ղաբուլ կանե՞ս (կհամաձայնես), քա՞նի քսանհինգ ես ստանում ու էլի...

- Ալեքսանդր Իվանիչ, բայց նա ուսանող է, դրանից ավելին հաջաթ (պետք ) չէ:

- Հաջաթ չէ՞, ապա ուտելը, ապա ուսումը, ապա գրքերը, ապա հագնիլը, ապա, ես ի՞նչ գիդեմ, ջահել չե՞ն...

Եվ դառնալով ինձ.

- Դուն էն ասա, հայր սուրբ ջան, ինչքա՞ն գրել տամ:

- Եթե կամենաք 10-15 ռուբլի եւս ավելացնել եւ քառասուն ռուբլի դարձնել թոշակը եւ հետո գրքերի գնման, համալսարանի ուսման վարձը առանձին հաշվել տալ...

- Խիստ լավ կուլի, խիստ լավ ես հրամայում:

- Ստեփա՛ն, այսուհետեւ Ադոնցին ամսական քառասունհինգ տալ կուտասՙ քառասունը հայր սուրբի խաթեր, հինգն էլ իմ խաթեր, ջահել են, խոմ գիդես:

- Ալեքսանդր Իվանիչ, շատ-շատ կուլի, էդքան փուղը ի՞նչ պետք օնէ, երեսունը ուփրո շատ է,- միջամտեց Ստեփանը:

Մանթաշյանի հսկայի մարմինը զսպանակվեց, ուղղվեց եւ աչքերը կայծեր ցանցնելով ասաց.

- Վա՜, օխերի /նզովյալ, անիծյալ/, քու հու՞ր փուղն եմ բախշում, թե՞ իմ փուղն եմ տալիս: Բեհեսաբ նամաղուլ մի անի ու գրի՛, ինչ վուր ասում եմ, չունքի (որովհետեւ) ես էդպես եմ նվախդ (հարմար) անում: Մուզդ (վճար) հո չե՞ս տալի, մուննաթի (խնդրի) հո չի՞ եկի էս մարդը մեզիդ (մեր հետ), էն տղի արդար հախն (տալիք) է տալ տալի: Հա՛, մուլափ տու (սպասիր), գրի՛ ու հիտիվեն էլ շուտա (շուտ-շուտ) հաշիվը կու տաս հայր սուրբին, ինչքան վուր ասե:

- Վա՛, մուրվաթ (գութ) ունեցի է՜, մունդռիկ: Ուսանող է: Ասես ուսանողը մարդ չէ, ուտել-հագնել զող (զվարճություն) չի ուզի: Դե՜, գնա, գենացվալե (քեզ մատաղ) ու մտահան չանեսՙ ինչ վուր ես ասի, ու ինչ վուր հայր սուրբն ասի:

Ստեփանը ելավ քիթը կախ, ոչ բարյացակամ հայացք նետելով ինձ վրա, բայց համոզված, որ այլեւս Ադոնցի ամսականը 45 ռուբլի է այսուհետեւ, մինչեւ ց՛նոր կարգադրություն: Ապա որոշեցինք, որ գրքերի գնման համար տարեկան վճարվի 150 ռուբլի, հետո տարեկան մի-մի ձեռք ձմեռվա եւ ամառվա զգեստ եւ քանի որ մանր-մունր պարտքեր եւս ունի, որ վճարել պետք է առանց հետաձգելու, ուստի պայմանավորվեցինք, որ թոշակը հաշվի տարվա սկզբից եւ սեպտեմբերից մինչեւ մարտ ամսի հետեւյալ պակասավոր ստացած 20-ական ռուբլիներն եւս վճարվի միանգամից եւ նրա դրությունն ապահովվի:

Շնորհակալ ու գոհունակ հեռացա /հրաժեշտ առա/ յուր հարկաբաժնի դռան առաջ այդ մեծ սիրտ, բարյացակամ Հայ մեծատնից, որի ըմբռնումն այս էր կյանքի մասին. «Փուղը վուր կա ձեռի կեղտ է. մէ բանի էլ հաջաթ չէ, բեռ դառնալեն զարթնի (բացի). փուղը վունց կու գա, էնենց էլ պիտի էրթա. ուփրո լավ չի՞ վուր բարի բանի վրա ծախսիս: Տու՜, տու (տուր), տալեմեն լավը չի կա»:

Բաժանվելու ժամանակ ձեռքս ամուր բռնելով.

- Աբա, դու՞, քի համա ինչքա՞ն պետք է: Ասա՛, մի քաշվի:

- Ոչինչ, ոչ մի բան:

- Լավ ես ասում, ուփրո լավ. աբա զո՞ւր է ասի մեր Սայաթ Նովեն, թե.

«Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե,

Աղքատ սիրե, ղոնաղ սիրե, յար սիրե»:

***

Հետեւյալ օրը Ստեփանը բերեց Ադոնցի հետեւյալ թոշակները (սեպտեմբեր-մարտ), բացի այդՙ հարյուր հիսուն ռուբլի գրքերի գնման գին, ձմեռվա նոր զգեստի վճարՙ հիսուն ռուբլի եւ Մանթաշյանի կողմից թատրոնի ծախք ՙ 60 ռուբլի, որ ամիսը երկու անգամ թատրոնից չզրկվի, ընդամենըՙ չորս հարյուր ռուբլի, մի անհատնում գանձ Ադոնցի համար:

Ալեքսանդր Իվանիչը մեր խոսակցության պահին ինձ carte blanche էր տված Ադոնցի ուսման կարեւոր պիտույքների համար որոշ ծախքեր եւս անել եւ հաշիվն իրեն ուղարկել եւ կամ գրասենյակ եւ կամ անխուսափելի Ստեփանին, որից աշխատում էի ամեն կերպ խուսափել: Ադոնցի առաջին հաշվեցուցակը աչքի անցնելուց հետո Ստեփանը պոռթկաց.

- Էս րա ա՞մբավի ա (էս ի՞նչ է), ի՞նչ խաբար է, այսինքնՙ այսպիսի անհաշիվ ծախքեր կարելի՞ է անել մի «մունդռիկ ստուտենդի համա»:

Ինձ ծանր էր այդ հանդիմանությունը լսել եւ հաշիվը Ստեփանի ձեռքից խլելով կամենում էի թողնել Մանթաշյանի հյուրանոցի հարկաբաժինը, երբ լսեցի Մանթաշյանի ձայնը.

- Մուլափ տու (սպասիր), գալիս եմ,- ասելով դուռը բացեց եւ զայրացած դիմեց Ստեփանին.

- Չոռ ու ցավ քո գջլած գլխին րա ա՞մբավի ա: Չի՞ս տեսնում հաշիվ է էլի, փուղը ղրկե ու խալխի ջափեն /աշխատանք/ գետին մի գցե: Դուն ի՞ս աշխատե էտ քու մանեթնիրը, թե յիս իմ քրտինք վեր ածի, վուր մուտ անիմ (ժողովեմ): Ասծու ֆանտանը (նավթի շատրվանը) խփել է, Մանթաշովն էլ իրավարի հարստացել ու հիմի մեր աղա-պարուն բատոնի (տեր) Ստեփանը չէ ուզում մէ քանի սեւ շաի ջանեմես դուս գջլե: Վա՜յ, քու մարդ ասողին ի՞նչ ասեմ...

Հաշիվը վճարվեցՙ Ստեփանի զայրույթը հասցնելով գագաթնակետին եւ հաշվի արդյունք գրքերն ու ուսումնական այլ պիտույքներ Ադոնցի սենյակի մեջ նոր հյուրեր դառնալով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4