«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2005-03-10 | #43, 2005-03-11 | #44, 2005-03-12


ԿԱՍՊԱՐՈՎՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Լինարեսում ավարտվեց շախմատի 20-րդ կարգի մրցաշարը 7 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Ավարտական տուրում բուլղարացի Վեսելին Թոփալովին հաջողվեց 30-րդ քայլում հաղթել Գարի Կասպարովին եւ միավորներով հավասարվել նրան: Ճիշտ է, լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը գրավեց աշխարհի 13-րդ չեմպիոնը:

Մրցաշարի ավարտից հետո Գարի Կասպարովը հայտարարել է, որ ավարտում է պրոֆեսիոնալ շախմատիստի իր գործունեությունը: Պատճառը վերջին տարիներին իր վրա զգացած ահավոր ճնշումն է: Նա նշել է, որ շախմատ կխաղա, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Հնարավոր է, որ մասնակցի արագ շախմատի մրցաշարերին կամ միաժամանակյա խաղի սեանսներին: Ապրիլի 13-ին կլրանա Կասպարովի 42-ամյակը: 30 տարի նա խաղացել է շախմատ, վերջին 20 տարիներին գլխավորել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման ցուցակը: Լինարեսում նա տարավ 5 հաղթանակ, 6-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտությունՙ վաստակելով 8 միավոր: Նույնքան միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Վեսելին Թոփալովը: 3-րդ տեղում Անանդն է, որն ավարտական տուրում պարտվեց Ադամսին: Հնդիկ գրոսմայստերն ունի 6,5 միավոր: Լեկո-Վալյեխո պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Լեկոն 6 միավորով գրավեց 4-րդ տեղը: Հաջորդ տեղերում են Ադամսըՙ 5,5, Վալյեխոն, Կասիմջանովըՙ 4-ական:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4