«Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրենն առայժմ խոստանում է միայն որակյալ կապ, զերծ մնալով սակագների առնչությամբ խոստումներից
Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի գործունեությանն ու մրցակցային դաշտի ձեւավորմանը անհամբերությամբ են սպասում կապի այս տեսակից օգտվողները կամ օգտվելու ցանկություն ունեցողները: Իսկ երկրորդ օպերատորն արդեն իր սարքավորումներն է ներկրում եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնում: Բնականաբար «Ղ-Տելեկոմի» առաջիկա գործունեության մանրամասները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, որոնց շուրջ էլ զրուցեցինք ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանի հետ:
- Ի՞նչ առնչություն ունեն «Ղարաբաղ-Տելեկոմն» ու «Ղ-Տելեկոմը»: Տիրապետող կարծիքն այն է, որ դրանք նույն ընկերությունն են:
- Դրանք բոլորովին տարբեր կազմակերպություններ են: «Ղ-Տելեկոմն» իրավունք ունի ծառայություն մատուցելու միայն Հայաստանում, իսկ «Ղարաբաղ-Տելեկոմը»ՙ միայն Լեռնային Ղարաբաղում:
- Այդ ընկերությունների սեփականատերը նույն մարդը չէ՞:
- Այստեղ եւս մեկ նրբություն կա: Լեռնային Ղարաբաղում գործող ընկերության սեփականատերը միայն Պիեռ Ֆաթուշն է, իսկ «Ղ-Տելեկոմում» նա միայն բաժնետերերից մեկն է: Մյուս բաժնետերերը նույնպես լիբանանցիներ են:
- Հայեր կա՞ն նրանց մեջ:
- Ոչ:
- Դուք միայն գործադիր տնօրե՞նն եք:
- Այո: Ես սեփականատեր չեմ:
- Ընկերությունն ի՞նչ ներդրումային ծրագիր է իրականացնելու Հայաստանում:
- Ներդրումային ծրագիր ունենք: Մանրամասներն առայժմ չեմ հայտնի, բայց կարող եմ ասել, որ պատրաստ ենք նախօրոք բավարարել հնարավոր պահանջարկն ամբողջությամբ:
- Առավելագույնը որքա՞ն բաժանորդ կարող է ունենալ ձեր ընկերությունը:
- Ապահովելու ենք ծածկույթն ամբողջ հանրապետության տարածքում, անկախ նրանիցՙ այնտեղ մեր բաժանորդները կան, թե՞ ոչ եւ ընդհանրապես բնակավայր կա, թե՞ ոչ: Բաժանորդների կոնկրետ թիվ չենք հայտարարում, բայց առավելագույնի հասնելու մեծ ցանկություն ունենք:
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր ընկերության գործելուց հետո «Արմենտելի» բաժանորդները տեղափոխվեն «Ղ-Տելեկոմ»:
- Մրցակցային շուկայում ամեն ինչ հնարավոր է: Հնարավոր է այնտեղից գան մեզ մոտ եւ հակառակը:
- Ես ցանկանում էի հարցնել, թե դուք սպառողների համար ավելի լավ պայմաններ կարո՞ղ եք խոստանալ:
- Կարող ենք խոստանալ լավագույն ժամանակակից ծառայություններ: Փոքր-ինչ սպասեք, սկսենք աշխատանքը, արդյունքը կտեսնեք: Հուսով եմ, որ կկարողանանք մեր խոստացածը կատարել:
- Ձեր ապագա բաժանորդները կարո՞ղ են ակնկալել որակյալ կապ եւ մատչելի սակագներ:
- Որակյալ կապՙ այո: Սակագների առնչությամբ չեմ կարող ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տալ: Մինչեւ «Արմենտելի» հետ լծորդման պայմանագիրը չստորագրենք եւ մինչեւ չիմանանք, թե ինչ հիմունքներով կպայմանավորվենք, չեմ կարող որոշակի բան ասել: Իսկ որակյալ կապը երաշխավորում ենք: Նախօրեին բերված սարքավորումներն ամբողջի միայն մի մասն են: Դրանք շարունակելու են գալ:
- Այսինքն չե՞նք ունենա այն վիճակը, երբ մի քանի զանգից հետո է հնարավոր լինում կապվել բաժանորդի հետ կամ խոսակցության ժամանակ կապն անընդհատ ընդհատվում է:
- Նման խնդիրներ չենք ունենա: Մեր ներկրածն «Ալկատել» ընկերության ժամանակակից նորագույն սարքավորումներ են:
- Տարածված կարծիք կա, որ «Ղարաբաղ-Տելեկոմում» կամ «Ղ-Տելեկոմում» Հայաստանի բարձրագույն իշխանությունները որոշակի մասնակցություն ունեն:
- Ասացի, որ դրանք տարբեր կազմակերպություններ են: Ասացի նաեւ, թե ովքեր են «Ղարաբաղ-Տելեկոմի» սեփականատերը եւ «Ղ-Տելեկոմի» սեփականատերերը: Նրանք լիբանանցիներ են: Հայաստանի ոչ մի իշխանավոր ոչ մի ընկերության մեջ մասնակցություն չունի:
- Վերադառնանք «Արմենտելի» հետ «Ղ-Տելեկոմի» բանակցություններին: Ինչպիսի՞ն է տրանսպորտի եւ կապի նախարարության դիրքորոշումն այդ առթիվ:
- Նախարարությունն այս ոլորտում կարգավորող մարմինն է: Մենք դիմել ենք նախարարություն եւ վստահ ենք, որ ձեռնարկում է անհրաժեշտ քայլերն այս վիճակից դուրս գալու համար:
- Այսինքն, նախարարի այն հայտարարությունը, որ այս տարվա մայիսից բջջային կապի երկրորդ օպերատորը կսկսի գործել, իրատեսական համարո՞ւմ եք:
- Հուսով ենք, որ այո կամ գուցե դրանից էլ շուտ կսկսենք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ