«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2005-03-17 | #48, 2005-03-18 | #49, 2005-03-19


ԱՆՋԱՏՎԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

Խմբագրությանն էին դիմել զոհված ազատամարտիկների կանայքՙ դժգոհելով, որ «Արմենտելն» անջատել է հեռախոսները եւ 2004-2005 թթ. համար վճարած 50 տոկոսի փոխարեն պարտավորեցնում է վճարել ամբողջ վարձավճարը: Դժգոհող կանայք պնդում էին, որ դեռ 2005 թ. հունվար ամսին իրենք «Արմենտելի» համապատասխան ծառայություններին ներկայացրել են սոցիալական կարգի նոր փաստաթղթեր, որոնց հիման վրա մինչեւ մարտ նրանք վճարել են հեռախոսի ամսական վարձի 50 տոկոսը, եւ որ իրենց ժամանակին չեն տեղեկացրել, թե այլեւս զեղչերը են գործում: Հեռախոսի բաժանորդները քաջատեղյակ են, որ եթե նախորդ ամսվա վարձը չի վճարվում մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, ապա հեռախոսն անջատում են: Մնում է զարմանալ, թե ինչպես է «Արմենտելի» ծառայությունից վրիպել 14 ամսվա վարձի գանձումն ու նոր միայն մարտ ամսից պահանջում են վճարել նախորդ տարվա վարձավճարի 50 տոկոսը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար փորձեցինք կապվել «Արմենտելի» տեղական կապի ծառայությունների վարչության պետ Գեւորգ Արաբյանի հետ: Դա չհաջողվեց մեզ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանից տեղեկացանք, որ «նման բողոքներ նախարարությունը նույնպես ստացել է, ու այժմ այդ հարցը ՀՀ պաշտպանության նախարարության հետ քննարկման փուլում է, որպեսզի կարողանանք բոլոր կատեգորիաներին օգնենք»: Իսկ թե ինչո՞ւ է կառավարության այդ որոշումը միայն հիմա հասել «Արմենտելին»ՙ մնում է հանելուկ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4