Վլադիմիր Պուտինը մարտի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Երեւանում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մարտի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Հայաստանի իր գործընկերոջ, Էջմիածնում հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախագահներ Քոչարյանն ու Պուտինն, ըստ «Մեդիամաքսի», ներկա կլինեն նաեւ հանդիսավոր համերգին, որով կնշանավորվի «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական մեկնարկը:
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ այցի ընթացքում կքննարկվեն բազմաբնույթ հարցեր, սակայն Պուտինի Երեւան այցելության գլխավոր նպատակը հետեւյալն է. «Ռուսաստանի նախագահը եղել է Ադրբեջանում, պետք է գա նաեւ Հայաստան: Մոսկվայում բացվել է Ադրբեջանի տարին, պետք է լինի Ռուսաստանի տարի Հայաստանում»:
«Ազգին» տված հարցազրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ասել էր, որ «հազիվ թե արժե որեւէ խոշոր լուծում ակնկալել Պուտինի Հայաստան այցելությունից»: Անդրադառնալով պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված հայկական մի շարք ձեռնարկությունների գործարկման խնդրին, Աբրահամյանը նշել էր. «Ռուսաստանի իշխանությունների համար այդ ձեռնարկությունների աշխատանքն առաջնային չէ: Ռուսաստանի համար դրանց գործարկումը կարող էր ունենալ ավելի շուտ քաղաքական նշանակություն, որը ցույց կտա, որ Հայաստանն առաջնային է ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրի առնչությամբ «Ազգի» հետ հարցազրույցում ասաց հետեւյալը. «Այնպիսի ձեռնարկություններ (նկատի չունեմ էներգետիկ ոլորտը), որոնք Ռուսաստանին փոխանցվեցին պարտքի դիմաց, նման ձեռնարկությունները Ռուսաստանում փլուզվում են: Ոչ միայն պարտքի դիմաց տալ, այլ այնպես անել, որ այդ ձեռնարկությունների վրա գումարներ ծախսվեն, եւ Ռուսաստանն այդ փողերն ուղղեր ոչ թե իր տնտեսությանն, այլ ուրիշի, դժվար է: Այդ գործարքի իմաստը կարող է լինել քաղաքական»:
Պուտինի իշխանության գալով ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է: Մեկուկես տարում Իլհամ Ալիեւը չորս անգամ այցելել է Մոսկվա: Մի քանի օր առաջ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում կատարում է կայունացնող դեր: Սա այն դեպքում, երբ ադրբեջանցի պաշտոնյաները մինչեւ վերջերս Ռուսաստանին մեղադրում էին հենց նրանում, որ Մոսկվան իբր տարածաշրջանում ապակայունացնող գործոն է:
Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվա-Բաքու հարաբերություններում ակնհայտ մերձեցումը: Իսկանդարյանը կարծում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը չի նշանակում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: «Փաստորեն կա սառը պատերազմ հայ-ադրբեջանական հարաբերություններում, Ղարաբաղի չլուծված խնդիր, եւ դրսի յուրաքանչյուր ուժ այս հանգամանքը պետք է հաշվի առնի: Առաջին հերթին Ադրբեջանի ակնկալիքներն Արեւմուտքից չտվեցին այն պտուղները, որոնք ակնկալում էր Բաքուն: Դրա պատճառն այն չէ, որ կա Հայաստան, այլ որովհետեւ ոչ մի Արեւմուտք չկարողացավ ստիպել Հայաստանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Երկրորդՙ հարեւանի հետ պետք է ունենալ բնական հարաբերություններ, եւ Ռուսաստանը կարող է Ադրբեջանի վրա ազդել չափազանց լրջորեն: Հարավ-հյուսիս առանցքն անցնում է Ադրբեջանով: Պատկերացնել, որ գնացքները կարող էին անցնել Աբխազիայով եւ Կարսով, այսօր հնարավոր չէ»:
Ղարաբաղյան կարգավորման հարցում Պուտինի նշանավոր բանաձեւը, թե «չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ», Իսկանդարյանն այսպիսին է բացատրում. «Դա նշանակում է, որ ղարաբաղյան խնդիրը չունի լուծում, նկատի ունեմ Պուտինի տեսակետը: Հետեւաբար Ռուսաստանն ուզում է, որ իրավիճակը մնա այնպես, ինչպիսին կա: Եթե Արեւմուտքը փորձում է իրավիճակը փոխել, ապա Ռուսաստանը փորձում է սառեցնել: ԼՂ հարցում ներկա իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին»:
Ակնհայտորեն վերջին տարիներին Հայաստանը խորացնում է հարաբերությունները Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ: Իսկանդարյանը լուրջ է վերաբերվում Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության փոխլրացման սկզբունքին: Նա նշում է, որ Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ուժն է, բայց «նվազող», մինչդեռ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կշիռը ավելանում է: Քաղաքագետի կարծիքով, մյուս կողմից, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը պետք է հաշվի առնվեն: «Չեմ կարծում, որ իրավիճակը կարող է արմատապես փոխվել, քանի դեռ չի բացվել հայ-թուրքական սահմանը»:
Կարելի՞ է ենթադրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի բխում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանն այս հարցում կարո՞ղ է օգտագործել «վետոյի իրավունքը»: Իսկանդարյանն այս հարցին հակված է տալ «այո» պատասխան. «Իրան-Հայաստան գազատարի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խանգարում է, ձգձգում, փորձում այնպես անել, որ այդ գազատարը շահավետ լինի նաեւ իր համար, մասնակցել շինարարությանը: Հայկական դիվանագիտությունն այդ խողովակաշարի լոբբիինգով Մոսկվայում եւ Վաշինգտոնում զբաղվեց 12-13 տարի»:
Հայաստանի նախկին արտգործնախարարներից մեկը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «հայ-ռուսական հարաբերություններ չկան, դրանք վերջացել են 1998 թ.»: Քաղաքագետ Իսկանդարյանը համաձայն չէ այդ տեսակետին. «Մարդը կամ կուսակցությունը գալով իշխանության կա՛մ առաջնորդվում է իր երկրի շահերով, փորձում է առաջ տանել դրանք, կա՛մ արագ դադարում է իշխանություն լինելուց»: