Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը հասարակական այնպիսի հնչեղություն է ստացել, որ պետական ղեկավարությունն անընդհատ փորձում է հանգստացնել խռովված մտքերը եւ ամրապնդել իրենց ժխտողական քաղաքականությունը:
Մարտի 22-ին փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կրկին է արծարծել Հայոց ցեղասպանության հարցը: «Անատոլու» կիսապաշտոնական գործակալության տեղեկացմամբ, Գյուլն իր կուսակիցներին հիշեցրել է, որ հայ եւ թուրք ժողովուրդները մոտավորապես 1000 տարի բնակվել են համատեղ եւ այդ ժամանակահատվածում փոխադարձաբար նպաստել են միմյանց մշակույթին եւ անվտանգությանը: «Հայերեն լեզուն եւ կրոնը պահպանվել եւ զարգացել են: Մեր հայ քաղաքացիները, որոնք առարկայորեն են նայում այս խնդրին, նաեւ բազմաթիվ պատմաբաններ տեսնում են այս փաստերը: Սակայն հակառակ դրան, Թուրքիայի դեմ առկա է թշնամանք», ասել է Գյուլը: Նրա կարծիքով, այդ թշնամանքը գալիս է հայկական սփյուռքիցՙ Մ. Նահանգներից ու Եվրոպայից: «Այդ վայրերում հայերն ապրում են բարեկեցիկ, սակայն լինելով փոքրամասնություն, ցանկանում են պահպանել իրենց ինքնագիտակցությունը եւ ուժը: Նրանց պետք են նման հարցերՙ շահարկելու համար: Նրանք հանցավոր են, որ չեն գնում Հայաստանՙ օգնելու իրենց եղբայրներին», ավելացրել է Գյուլը:
Թուրքիայի արտգործնախարարը նախատինքի բաժին է հանել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: «Նրանք զրպարտում են Թուրքիային: Մենք կոչ ենք անում այդ երկրներին ու խորհրդարաններինՙ եթե նման վերագրումներ եք անում, ապա կամ հաշիվ պետք է տաք դրանց համար եւ կամ ապացուցեք այդ վերագրումները», ասել է Գյուլը:
Վերջում, բացատրելով, որ ցեղասպանություն նշանակում է էթնիկական կամ կրոնական մի խմբավորման անդամների սպանություն, նրան ամբողջապես կամ մասնակիորեն վերացնելու դիտավորությամբ, Գյուլը հռետորական հարց է տվել. «Այդ դեպքում ինչո՞ւ հայկական եկեղեցիները դեռեւս գոյություն ունեն Թուրքիայում, ինչո՞ւ հայ քաղաքացիներ կան այս երկրում»: