Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ Երեւանում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ երեկոյան աշխատանքային այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը պաշտոնապես կբացի «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական միջոցառումները: Սա Պուտինի չորրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահը Երեւան ժամանեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո (վարչապետի պաշտոնում), ապա 2001-ին պաշտոնական այցով հյուրընկալվեց Հայաստանում: 2002-ի գարնանը Պուտինը Երեւանում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովին:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահին եւ տիկնոջը դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ, Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այսօր նախատեսված է Պուտին-Քոչարյան առանձնազրույց: Ռուսաստանի նախագահին Մայր աթոռում կհյուրընկալի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական հիմնական գործընկերը: Երեւանն ու Մոսկվան ռազմատեխնիկական ոլորտում սերտորեն համագործակցում են երկկողմ եւ ՀԱՊԿ (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան) շրջանակներում, Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանները համատեղ վերահսկում են հայ եւ ռուս սահմանապահ զորքերը:
Հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերը դեռեւս բավականաչափ ամուր են, թեեւ երկու երկրների միջեւ չկան ընդհանուր սահմաններ, եւ Հայաստանը Ռուսաստանի հետ կապվում է երրորդ երկրիՙ Վրաստանի տարածքով: Վերջինս ունի լուրջ տարաձայնություններ Մոսկվայի հետ, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բավական է հիշել անցած աշնանը տեղի ունեցած Վերին Լարսի դեպքերը, երբ ռուս-վրացական սահմանի շրջափակումը ուղղակիորեն հարվածեց Հայաստանին:
2004 թ. հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 208 մլն դոլար: Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի գլխավոր առեւտրատնտեսական գործընկերը եղել եւ շարունակում է մնալ Ռուսաստանը: Մյուս կողմիցՙ ակնհայտորեն տարեցտարի նվազում է Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ: Այսպես, եթե 2001 թ. այդ տեսակարար կշիռը կազմել էր 19,2 տոկոս, ապա 2002-ինՙ 17,4, 2003-ինՙ 15,2, 2004-ինՙ 12,9:
Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսական մասնակցությամբ 589 համատեղ ձեռնարկություններ, որոնցից շուրջ 300-ն արդյունավետ գործում են: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ Իգոր Լեւիտինը «Նովոստի» գործակալությանն ասել է, որ այդ ընկերություններից առավել արդյունավետ գործում են «Արմենալը», «Սիբիր» ավիաընկերությունը (որին է պատկանում «Արմավիայի» բաժնետոմսերի 70 տոկոսը) եւ Նիժնի Նովգորոդի «Ռոսավիասպեցկոմպլեկտ» ընկերությունը, որը 2003 թ. ձեռք է բերել «Օրբիտայի» բաժնետոմսերի 100 տոկոսը:
Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը, Հայաստանում ռուսաստանյան ներդրումների ծավալները կարող էին լինել ավելի մեծ, եթե Մոսկվան գործի գցեր 2002 թ. «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ձեռք բերած հայկական ընկերությունները: Ռուսաստանը Հայաստանի պարտքի դիմաց ձեռք բերեց «Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը» (350 հազար դոլար), «Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն» (2,75 մլն), «Կառավարման ավտոմատացված համակարգեր ԳՀԻ-ն» (3,37 մլն), «Մարս» գործարանը (56,29 մլն) եւ Հրազդանի ՋԷԿ-ը (31 մլն):
Հայկական ձեռնարկությունները ստանալուց հետո ռուսական կողմը գրեթե ներդրումներ չի կատարել, ինչն առաջացնում է հայկական կողմի դժգոհությունը: Ռուսաստանը ճանաչող քաղաքագետները նշում են, որ Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների նման ընկերությունները Ռուսաստանում փլուզվում են եւ պետք չէ ակնկալել, որ Մոսկվան կվերականգնի եւ լուրջ ներդրումներ կանի հայկական ձեռնարկություններում: Մի քանի օր առաջ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ «Մարսի» արտադրության վերականգնման համար կպահանջվի 21 մլն դոլար:
Անցած տարի Սոչիում Ռուսաստանի նախագահը հրապարակավ դժգոհություն հայտնեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության ծավալներից: Դժգոհ է նաեւ Հայաստանը: Մասնավորապես ամռանը Մոսկվայում Վարդան Օսկանյանը մտահոգություն հայտնեց «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների պարապուրդի առիթով: Իսկ երբ փետրվարին Երեւանում էր Սերգեյ Լավրովը, դժգոհեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պատճառն այլ էր: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի հետ երկաթգծով կապվել Ադրբեջանի տարածքով, մինչդեռ Հայաստանի տարածքում գործում է երկաթգծային ենթակառուցվածք, որը կարող է միմյանց կապել տարածաշրջանի բոլոր երկրները:
Իրապես, Հայաստանով են անցնում Կարս-Գյումրի-Թբիլիսի, Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծերը, սակայն դրանք տարիներ շարունակ պարապուրդի են ենթարկվել հայտնի պատճառներով: Այնպես որ, որքան էլ ցանկանանք, հյուսիս-հարավ, այսինքնՙ Ռուսաստանը Պարսից ծոցին կապող առանցքը առայժմ չի կարող անցնել Հայաստանով: Պետք է հաշվի առնել նաեւ, որ ռուս-վրացական հարաբերությունների չկարգավորվածությունը եւս անհրապույր է դարձնում Ռուսաստանը Ծոցին կապող առանցքի անցկացումը Հայաստանով: