«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2005-03-22 | #51, 2005-03-23 | #52, 2005-03-25


ԱՍՈՐԱԿԱՆ ԾԱԳՄԱՄԲ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ

Երբեմնի մեծ ու փառավոր ժողովրդիՙ ասորիների մի հյուլեն էլ Ռազմիկ Խոսրոեւն է, ժամանակակից հայոց թատրոնի շնորհալի անուններից մեկը, որն իր մայրենին ապրեցնող թատրոն չգտնելով, հայոց մեծ բեմ է եկել ու հոգու մեջ անթեղած ասորերենը խլացնելով, շուրթերին ծաղկող հայերենով դերեր է խաղում: 1969-ին նա եկավ Սունդուկյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիա, եկավ վախվորված ու անհանգիստ: Վարդան Աճեմյանն ու Մհեր Մկրտչյանը հավանեցին մեծ ու արտահայտիչ աչքերով, ինքնատիպ ձայն ու գեղեցիկ արտաքին ունեցող պատանուն, որի մեջ պրկված ուժ եւ հաստատակամություն կար:

Ստուդիան ավարտելուց հետո Ռազմիկ Խոսրոեւը կարող էր մնալ Սունդուկյանի անվան թատրոնում, մանավանդ որ Վարդան Աճեմյանը հավանում էր նրան, սակայն հասկացավ, որ մոտ 80 դերասան ունեցող թատերախմբում ինքնահաստատումը շուտ չի գալու, որ երկար, շատ երկար է սպասելու իր դերերին: Մայր թատրոնում շատերն էին տարիներ շարունակ սպասում եւ սպասումՙ հաճախ ստվերելով իրենց ստեղծագործական կարողությունները, անդարձ կորցնելով հրաշալի տարիները: Ռազմիկ Խոսրոեւը ցանկացավ ինքնադրսեւորվել եւ ինքնահաստատվել, ցանկացավ փորձարկել իր կարողությունները, գնալ դեպի նյութի հաղթահարումը, այդ պատճառով էլ մեկնեց Կիրովական (այժմՙ Վանաձոր) եւ դարձավ Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասան: Վանաձորի թատրոնը երիտասարդ դերասանների կարիք ուներ, շքեղ ավագանու կողքին չափազանց քիչ էին երիտասարդները, իսկ հենց նոր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնած Վահե Շահվերդյանը ցանկանում էր երիտասարդացնել թատրոնը, խաղացանկը կառուցել երիտասարդական հետաքրքրությունների եւ երիտասարդ ուժերի վրա: Նրա առաջին իսկ բեմադրության (Ն. Դումբաձե, «Մի վշտանա, մայրիկ») մեջ Ռազմիկ Խոսրոեւին դրվագային մի դեր բաժին ընկավ, բայց դա ընդամենը սկիզբն էր: Կարճ ժամանակ անց նա խաղաց Լեոնիդ (Վ. Ռոզով, «Երջանկություն որոնելիս»), Ժ. Կուրահեպ (Չ. Դիկկենս, «Դավիթ Կոպպերֆիլդ»), նշանակալի դերեր, որոնք աստիճանաբար հստակեցրին նրա դերասանական նկարագիրը, ցայտուն եւ ընդգծված դարձրեցին արտահայտչամիջոցները: Ռազմիկ Խոսրոեւը նախապատվությունը տվեց հոգեբանական գրոտեսկին, բեմատիպարի վարքագծի ընդգծված թատերական արտահայտմանը, երբեմն ֆանտաստիկ-ծաղրապատկերային արտահայտչականությունը: Դերասանը չէր ընդունում կիսատոները, չէր գնում դեպի լակոնիզմը, այլ գնում էր դեպի ցայտուն, հաճախ նաեւՙ արտաքին-էֆեկտիվ արտահայտչաձեւերի ընդգծումները: Սրանք արդեն խաղարկման ուրույն միտումներ էին, որոնք էլ հաստատում էին այն միտքը, որ Ռազմիկ Խոսրոեւը երբեք չէր հեռանում խաղի պայմանականությունից, վախթանգովյան մեթոդից: Որքան էլ ձգտեր դեպի վերամարմնավորումը, հոգեբանական մանրամասների մշակումները, այնուամենայնիվ, նա միշտ մնում էր խաղի սահմաններում, ընդգծված թատերայնության տիրույթներում:

Մոտ 40 դեր խաղաց Ռազմիկ Խոսրոեւը Վանաձորի թատրոնում, չխորշեց դրվագային դերերից, քանզի դրանց կողքին նա խաղում էր գլխավոր դերերՙ ավարտուն կենսագրություն եւ ընդգծված բնավորություն ունեցող դերեր: «Այդպիսիներից մեկը Մաուրիսիոն էրՙ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի բեմադրության մեջ (բեմադրիչՙ Մ. Կուտոյան): Պիեսի դիպաշարը կառուցված էր այս կերպարի շուրջը, չնայած նա հայտնվում էր պատմության ավարտին մոտ, հայտնվում էր եւ ողբերգական հանգուցալուծում բերում: Այս կերպարի չափազանց հետաքրքրական անձնավորում արդեն եղել էր մեր թատրոնում, Բաբկեն Ներսիսյանի կատարումը դարձել էր դասական արժեք: Ռազմիկ Խոսրոեւի Մաուրիսիոն որոշակի ընդհանրություններ ուներ Ներսիսյանի հերոսի հետ, սակայն դերասանը հեռացել էր ավանդական չարագործի կերպար-դիմակից եւ ճակատային լուծումներից: Որքան էլ արգահատելի եւ անընդունելի է Մաուրիսիո-Խոսրոեւի պահվածքն, այնուամենայնիվ, ինչ-որ թաքցված կարեկցանք էր ծնվում նրա հանդեպ, քանզի այս մարդը եւս տառապել էր ու տանջվել, այս մարդը վտարվել էր հայրական տնիցՙ իր մեջ կուտակված ատելության պատճառ տեսնելով վիրավորվածությունը: Տիրական ու ամբարտավան կեցվածք ուներ Խոսրոեւ-Մաուրիսիոն, կարծես գթասրտության նշույլ անգամ չկար նրա մեջ, սակայն Տատիկի (Լենա Փաշինյան) հետ խոսելիս մի պահ ձայնը խզվում էր, ասես հուզմունքն ու կարոտը դեմ էին առնում կոկորդին... Հաջորդ պահին նա նորից նույն Մաուրիսիոն էրՙ բիրտ ու վայրենի, մարդկային զգացմունքներից եւ հույզերից հեռու: Գույների հարուստ համադրության էր ներկայացնում այս կատարման մեջ Ռազմիկ Խոսրոեւը, ապացուցում, որ ինքը հասել է ուրույն վարպետացման, ստեղծագործական կարողությունների լիահունչ դրսեւորման:

Մաուրիսիոյի դերակատարումն ինքնահատուկ խթան էր դերասանի համար, նաեւ վկայությունն այն բանի, որ ավարտվել էր երիտասարդությունն, ու եկել էր վարպետության ժամանակը: Եկել էր ընդգծված անհատականություններ բեմ բերելու ժամանակը: Վառ բնութագրականությամբ է դերասանը խաղում Վյուգինՙ Ա. Աբդուլինի «Տասներեքերորդ նախագահը» (բեմ.ՙ Վ. Շահվերդյան) բեմադրության մեջՙ հենց այստեղ հասնելով հոգեբանական գրոտեսկի ցցուն արտահայտության: Մեծ տառապանքին միահյուսված էր կերպարի վառ բնութագրականությունը, որը տեղ-տեղ ձգտում էր դեպի կոմիկականությունըՙ գրավիչ ու կենդանի դարձնելով բեմատիպարը: Վանաձորյան գործունեության բարձրակետը Ռազմիկ Խոսրոեւի համար դարձավ Ռիչարդըՙ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (բեմ.ՙ Վ. Շահվերդյան) քրոնիկի բեմադրության մեջ: Ռ. Խոսրոեւը հայոց թատրոնում շեքսպիրյան այս բարդ եւ ինքնատիպ կերպարի առաջին մարմնավորողը դարձավ: Դերասանը փորձել էր ե՛ւ հավատարիմ մնալ թատրոնում հաստատված շեքսպիրյան դերասանական ավանդույթներին, ե՛ւ հեռանալ դրանցիցՙ ստեղծելով պայմանական-թատերայինից դեպի խորը հոգեբանականություն ձգտող բեմատիպար: Բեմադրության սիմվոլիկ-պայմանական սկզբունքն ուրույն արտացոլում էր գտել Խոսրոեւի կատարման մեջ, նրան տարել դեպի բրեխթյան թատրոնի գեղագիտությունըՙ մի կատարման տիրույթում զուգակցելով հոգեբանական եւ էպիկական թատրոնների սկզբունքները: Ողբերգական կիրքն ու պաթոսը համադրվում էին խրոնիկ-խաղացկուն ոճավորումներին, ռիթմական տարակերպումներին: Ռազմիկ Խոսրոեւը յուրատիպորեն արձագանքել էր այն նորացումներին, որոնք շեքսպիրյանի տարածք էր բերել Խորեն Աբրահամյանը:

Վանաձորի թատրոնում Ռազմիկ Խոսրոեւը խաղաց Ալ. Շիրվանզադեի, Գ. Սունդուկյանի, Ա. Օստրովսկու, Մ. Լերմոնտովի, Ա. Յուժին-Սումբատովի, Ա. Չեխովի, Մուրացանի պիեսների բեմադրություններում, արդեն հիշատակված դերերի կողքին ստեղծեց Գոգոլի (Ն. Դումբաձե, «Մեղադրական եզրակացություն») ավարտուն, ամբողջական եւ գունեղ կերպարը, ապա 1996-ին եկավ Սունդուկյանի անվան թատրոն: Մոտ քառորդ դար նա աշխատեց Հ. Աբելյանի անվան թատրոնում, դարձավ այս թատրոնի զորեղ անհատականություններից մեկը եւ իր առաջին հանգրվան վերադարձավ ավարտուն ստեղծագործական դիմանկարով, թատրոնում եւ կինոյում ստեղծած մի շարք ուշագրավ աշխատանքներով: Եվ մայր թատրոնում առաջին իսկ դերակատարմամբ (Համտունՙ «Ռուզան») հավաստեց, որ թատրոն է եկել ինքնատիպ դերասանական անհատականությունը, որն այսօր արդեն հաստատել է իր տեղն ազգային ակադեմիականում: Այսօր արդեն Ռազմիկ Խոսրոեւը լայն վրձնահարումների, ուրույն արտահայտչականության դերասան է, որին վստահաբար կարելի է դասել վարպետների շարքը:

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան եւ գեղարվեստական ղեկավարի օգնական, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության դասախոս Ռազմիկ Խոսրոեւը նաեւ Հայաստանում ապրող ասորիների միության նախագահն է, Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ: Նա ավարտում է իր իսկ հեղինակած «Ասորուհին» պիեսի բեմադրական աշխատանքներըՙ առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծելով ասորական ներկայացում, որը նվիրված է ցեղասպանությանը: Ընդհանուր շատ բան է տեսել Ռազմիկ Խոսրոեւը հայ եւ ասորի ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության մեջ, միավորել է մեր ճակատագրերը, ընդհանրացրել դրանք (ի դեպ, Ռազմիկ Խոսրոեւի դուստրըՙ պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոեւան, աշխարհում առաջիններից մեկն է գիտական աշխատություն ստեղծել ասորիների ցեղասպանության մասին):

...Ամեն անգամ նրան տեսնելիս շուրթերս ինքնաբերաբար շարժվում են, մրմունջի եւ աղոթքի պեսՙ հիշողությանս պատերին զարնվում են մեծ բանաստեղծուհու տողերը... Բարձրաձայնում եմ բանաստեղծության տողերը, ցավի ու ափսոսանքի պահեր ապրում, ապա նաեւ ուրախանում, որ Ասորեստան ու Նինվե կորցրած ժողովրդի զավակներն այսօր կան ու այլ մշակույթների ծառայելով էլՙ չեն հեռանում իրենց ճշմարիտ ակունքներից:

Ասորական ծագմամբ հայ դերասան Ռազմիկ Խոսրոեւը փշուր-փշուր եղած ու տերողորմյայի հատիկների պես ցիրուցան դարձած երբեմնի մեծ ժողովրդի ակունքներն ապրեցնող մի հյուլե է:

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ, Թատերագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4