«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2005-03-22 | #51, 2005-03-23 | #52, 2005-03-25


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

«Հանրապետականի» խաղադաշտը մաքրվում է ձյունից

Մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Երեւանում կհյուրընկալի Անդորրայի հավաքականին: Ընտրական առաջին խմբում հանդես եկող մեր հավաքականն անչափ անհաջող ելույթներ է ունենում: Մեր ֆուտբոլիստներն անցկացրած 5 հանդիպումներում վաստակել են ընդամենը 1 միավորՙ նոյեմբերին ոչ-ոքի (1-1) ավարտելով խաղը ռումինացիների հետ: Անդորրայի հավաքականի հետ հանդիպումը մեր ընտրանու վերջին հնարավորությունն է որոշ չափով շտկելու մրցաշարային անմխիթար վիճակը: Սակայն մրցակցին հաղթելն անչափ դժվար կլինի: Վերջին շրջանում Անդորրայի հավաքականը զգալի առաջընթաց է ապրել:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից սկսել է նախապատրաստությունն ընտրական առաջիկա մրցախաղին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Ապուլա Բետե («Փյունիկ»), Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Կռիլյա Սովետով» Ռուսաստան), Վալերի Ալեքսանյան («Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Մետալուգ» Ուկրաինա), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Համլետ Մխիթարյան (ՄՊԶՕ Բելառուս), Ռոմիկ Խաչատրյան (ՕՖԻ Հունաստան), Կարեն Ալեքսանյան («Զիմբրու» Մոլդովա), Ռաֆայել Նազարյան, Դավիթ Գրիգորյան («Եսիլ Բոգատիր» Ղազախստան), Արտավազդ Քարամյան («Ռապիդ» Բ. Ռումինիա), Ռոմեո Ջենեբյան («Բանանց»), Արմեն Շահգելդյան (ԱՀԸԴ Լիբանան), Արամ Ոսկանյան («Եսիլ Բոգատիր» Ղազախստան), Արման Քարամյան («Ռապիդ» Բ. Ռումինիա), Արա Հակոբյան («Ստալ» Ուկրաինա) եւ Գալուստ Պետրոսյան («Զիմբրու» Մոլդովա):

Ինչպես հայտնի է, գյումրեցիներ Հարություն Վարդանյանն ու Արթուր Պետրոսյանը, ինչպես նաեւ էդգար Մանուչարյանը, վնասվածք ունեն, ուստի չեն հրավիրվել հավաքի: Բացակայում է Անդրեյ Մովսիսյանը, որը մասնակցել էր Քուվեյթի հավաքականի հետ հանդիպմանը: Երեւում է Կազոնին դժգոհ է նրա խաղից, որը քուվեյթցիների հետ հանդիպման ժամանակ գոլային մի քանի պահեր չէր օգտագործել: Իսկ ահա Ալբերտ Սարգսյանն, ըստ ՀՖՖ մամուլի ծառայության, հրաժարվել է հավաքին մասնակցելուց եւ չի ժամանել Երեւան:

Ցավոք, եղանակային անբարենպաստ պայմանները մարզումներն անցկացնելու հարցում բավական դժվարություններ են առաջացրել: Այս օրերին բավական ծանրաբեռնված են նաեւ «Հանրապետական» մարզադաշտի աշխատակիցները, որոնք նախապատրաստում են խաղադաշտը խաղինՙ մաքրելով ձյունից: Հուսանք, որ եղանակը բարեհաճ կգտնվի եւ մարտի 26-ին Հայաստան-Անդորրա մրցախաղը կանցկացվի նորմալ պայմաններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4