«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ԿԻՐԳԻԶԻԱՅԻ «ԿԱԿԱՉՅԱ» ԱՌԱՋՆՈՐԴԸՙ ԿՈՒՐՄԱՆԲԵԿ ԲԱԿԻԵՎ

«Թավշյա» հեղափոխության դեմ Ասկար Ակաեւի պատվաստանյութը ժամկետանց էր

Ընդամենը մի քանի օր առաջ Կիրգիզիայի արդեն նախկին նախագահ Ասկար Ակաեւը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշում էր, որ ինքը գունավոր հեղափոխությունների դեմ մշակել է պատվաստանյութ: Ընդհանրապես Վրաստանում տեղի ունեցած «վարդյա» հեղափոխությունից հետո ԱՊՀ առաջնորդներից ամենաանհանգիստը հենց Ակաեւն էր, որը Կիրգիզիան ղեկավարում է 1990 թ.-ից: Տեղի-անտեղի Ակաեւը ամենակոշտ ձեւով քննադատում էր Միխայիլ Սաակաշվիլուն, իսկ վրացական հեղափոխությունից հետո անգամ գիրք գրեց, թե ինչ տեխնոլոգիաներով է Արեւմուտքը հեղաշրջումներ իրականացնում հետխորհրդային տարածքում:

Ակաեւն առանց որեւէ դիմադրության հեռացավ Բիշքեկի իր նստավայրից: Առայժմ հայտնի չէ նրա գտնվելու ճշգրիտ վայրը, սակայն փաստ է, որ նա այլեւս Կիրգիզիայի նախագահը չէ: Ըստ պետական «Կաբար» գործակալության, Ակաեւը երկրում կատարվածը որակել է «պետական հեղաշրջում»: «Նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին տարածված շշուկները կեղծ են: Իմՙ երկրի սահմաններից դուրս գտնվելը ժամանակավոր է», ասել է նա:

Երեկ երկրի խորհրդարանը, որի լիազորությունները վերականգնվել էին նախօրեին, ընդդիմության առաջնորդներից Կուրմանբեկ Բակիեւին հաստատել է վարչապետի պաշտոնում եւ նա կստանձնի երկրի նախագահի լիազորությունները մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Մարտի 24-ի ուշ երեկոյան երկրի ժամանակավոր նախագահ եւ վարչապետ էր նշանակվել խորհրդարանի նախագահ Իշենբայ Կադիրբեկովը, որը, սակայն, այդ պաշտոններում մնաց ընդամենը մի քանի ժամ:

Մինչ կիրգիզական ընդդիմությունը, որը չի կարելի համարել միասնական, գիշերվա ընթացքում որոշում էր, թե ինչպես է բաժանվելու Ակաեւից մնացած իշխանությունը, մայրաքաղաքի փողոցներում շարունակվել են ավազակային հարձակումներն ու կողոպուտը: Բիշքեկի խանութների մեծ մասը թալանվել եւ հրդեհվել է: Կուրմանբեկ Բակիեւն, ըստ ռուսական լրատվամիջոցների, արդեն ձեւավորում է նոր կառավարությունը: Ընդդիմության առաջնորդներից Ռոզա Օթումբաեւան նշանակվել է արտգործնախարար: Նախօրեին բանտից ազատված Ֆելիքս Կուլովը, որը եղել է Կիրգիզիայի փոխնախագահ եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, դեռեւս պաշտոն չի ստացել:

Եթե վրացական եւ ուկրաինական հեղափոխություններից հետո կասկած չկար, թե ով է դառնալու երկրի նախագահ, ապա Կիրգիզիայում իրավիճակը բարդ է: Ընդդիմությունը միասնական չէ, չունի ընդգծված վառ առաջնորդ: Մյուս կողմից ակնհայտ է, որ հենց Բակիեւը խաղաց գլխավոր դերը կիրգիզական «կակաչագույն» հեղափոխության իրականացման գործում: Բակիեւը իր հայրենի Ջալալաբադի մարզից սկսեց հեղափոխությունը, որը տարածվեց Օշում, Բատկենում, ապա եւ ամբողջ Կիրգիզիայում:

Ի դեպ, եթե համեմատելու լինենք Կիրգիզիայի իրադարձությունները Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, ապա կտեսնենք, որ ամենաէական տարբերությունը հենց այն էր, որ հեղափոխությունն սկսվեց ոչ թե մայրաքաղաքում, այլ գավառում: Բացի դրանից, հնարավոր չեղավ Կիրգիզիայում խուսափել արյունահեղությունից եւ զոհերից: Ըստ լրատվական գործակալությունների, առնվազն 15 մարդ է սպանվել եւ մի քանի հարյուրը վիրավորվել են Բիշքեկում:

Ուշագրավ է, որ ԱՊՀ տարածքում իշխանափոխություններ են կատարվում այնպիսի երկրներում, որտեղ շատ թե քիչ կան ժողովրդավարություն, ազատ մամուլ: Կիրգիզիան համարվում էր ժողովրդավարական միակ պետությունը Միջին Ասիայում: Արեւմտյան մամուլը Կիրգիզիան տարիներ շարունակ անվանում էր «ժողովրդավարության օազիս»: Ակնհայտ է նաեւ, որ Ասկար Ակաեւը 1995 եւ 2000 թթ. նախագահ է ընտրվել եւ այդ ընտրությունները համարվել են օրինական, թեեւ 2000 թ. ընտրությունները ԵԱՀԿ-ն համարեց միջազգային չափանիշներին չհամապատասխանող:

Ակաեւի պաշտոնավարության ժամկետն ավարտվելու էր այս տարվա աշնանը: Նա բազմիցս հավաստիացրել էր, որ ի տարբերություն միջինասիական մյուս պետությունների ղեկավարների, հանրաքվեի ճանապարհով չի երկարաձգի նախագահական իր լիազորությունները, ինչին, սակայն, ընդդիմությունը չէր հավատում:

Երեկ Երեւանում Ռուսաստանի նախագահն իր գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում նշեց, որ եթե Ասկար Ակաեւը ցանկություն հայտնի ժամանելու Ռուսաստան, ապա ռուսական իշխանությունները դեմ չեն լինի: Վլադիմիր Պուտինի համար, պարզվում է, Կիրգիզիայի իրադարձություններն անակնկալ չէին եւ դրանց պատճառը «իշխանությունների թուլությունն ու սոցիալ-տնտեսական կուտակված խնդիրներն էին»: Տպավորությունն այնպիսին էր, որ Պուտինն այնքան էլ չի ափսոսում Ակաեւի տապալումը:

«Մենք ակնկալում ենք, որ ընդդիմության առաջնորդները գիտակցելով իրենց պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ, որքան հնարավոր է կարճ ժամկետներում կվերահսկեն իրավիճակը: Այդ մարդիկ մեզ լավ ծանոթ են: Անցյալում աշխատելով Կիրգիզիայի կառավարման եւ իշխանական մարմիններում, տարիներ շարունակ ամեն կերպ օժանդակում էին Կիրգիզիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը», ասաց Պուտինը:

Այսօր քաղաքական վերլուծաբաններն սկսել են նշել ԱՊՀ տարածքում հաջորդ «գունավոր» հեղափոխության հնարավոր վայրը: Եթե հետեւենք տրամաբանությանը, ապա նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ Ադրբեջանում: 2005 թ. աշնանը մեր հարեւան հանրապետությունում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ եւ, ինչպես նկատում են Արեւմուտքում, դրանք փորձություն կլինեն Իլհամ Ալիեւի համար:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4