Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վաշինգտոնի «Ժառանգություն» հիմնադրամի ավագ փորձագետ Արիել Քոհենը չի բացառում, որ Ռուսաստանն «աջակցելու է Հայաստանինՙ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման համար»: Նա ասել է, որ «Հարավային Կովկասում ընթանում է Ռուսաստանի համար շատ տհաճ գործընթաց»:
«Ոչ միայն կառավարության, այլեւ բնակչության արտաքին քաղաքական համակրանքները փոխվում են դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ: Հայաստանի բնակչության մեծամասնությունը, վերջերս անցկացված հարցումների համաձայն, հանդես է գալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերջինիս մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու օգտին: Դրանով իսկ Հայաստանը հետզհետե կորցնում է իր ռուսաստանամետ կողմնորոշումը: Այդ միտումին հակազդելու եւ չեզոքացնելու համար Ռուսաստանն օգտագործում է իր քաղաքականության մի քանի ուղղություններ: Առաջինըՙ նա աջակցում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: Երկրորդը (այն, ինչ կոչվում է soft power-«փափուկ ուժ»)ՙ ռուսական մշակույթն է: Այս տարին հռչակված է Հայաստանում Ռուսաստանի տարի, եւ նախագահներ Պուտինը եւ Քոչարյանն ամեն կերպ ցուցադրելու են ռուսական մշակույթի ազդեցությունը Հայաստանում: Երրորդ, հնարավոր ամենակարեւոր պահը Ռուսաստանի աջակցությունն է Հայաստանին Ղարաբաղի հարցում, որը հայերի համար կենսական կարեւորություն ունի», ասել է Արիել Քոհենը:
Ամերիկացի վերլուծաբանը կարծում է, որ «այժմ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը տարածաշրջանում վարում են շատ ավելի կոշտ խաղ, քան 2-3 տարի առաջ»: «Ընդ որում, Ռուսաստանի համար իրավիճակը բավականին բարդ է, քանի որ նա կցանկանար լավ հարաբերություններ ունենալ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, եւ այստեղ կրկին առաջ է գալիս Ղարաբաղի հարցը», նշել է նա:
«Եթե Ռուսաստանը վերջնական ընտրություն է կատարել եւ որոշել է «խաղալ» ԱՄՆ դեմ, ես հնարավոր եմ համարում, որ նա աջակցի Հայաստանին Ղարաբաղի հարցում իրավիճակի ապակայունացման իմաստովՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բացմանը խոչընդոտելու համար», ասել է Արիել Քոհենը: