«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ԽԵԼՈՔ ՄՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏ ԹԱՓ ՏՎՈՂ ՉԻ ԼԻՆԻ

Համոզված է Գալուստ Սահակյանը

Կիրգիզիա հասած եւ իշխանափոխությամբ պսակված հեղափոխության սինդրոմը Հայաստան չի հասել, քանի որ նորաստեղծ պետություն ենք եւ հեղափոխություններ կազմակերպող աշխարհի հզորների համար խնդիրներ չենք առաջացնում, երեկ կայացած խորհրդարանական ավանդական ճեպազրույցում համոզմունք հայտնեց Գալուստ Սահակյանը: Լեւոն Մկրտչյանի գնահատմամբ էլ Կիրգիզիայի իրողությունները ոչ այլ ինչ են, քան թալանով ուղեկցվող անարխիայի դրսեւորումներ: Վիկտոր Դալլաքյանն ուղղակի համոզված է, որ ժողովրդի բաժակը լցվելու դեպքում նմանօրինակ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն Հայաստանում ընդդիմությունը նախընտրում է խաղաղ ճանապարհով եւ առանց դրսի միջամտության իշխանափոխության հասնել, չնայած գիտի, որ գործ ունի զինված բանդայի պարագլխի հետ: Գուրգեն Արսենյանն էլ զերծ մնաց կիրգիզական իրողությունը գնահատելուց տեղեկացված չլինելու պատճառով: Պարզապես փաստեց, որ դրանք մեզ մոտ տեղ չեն գտնում թեկուզ հենց այն պատճառով, որ մեր երկրում հայեր են ապրում:

Հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության հարցում համակարծիք էին բոլոր բանախոսները, ովքեր հույս հայտնեցին, որ ՌԴ նախագահի աշխատանքային այցը հնարավորինս կօգտագործվի կարեւոր հարցերի քննարկման համար: Սակայն Դալլաքյանի համոզմամբ, հայաստանյան ապօրինի իշխանությունների քաղաքականության արդյունքում երկու երկրների հարաբերությունները վերածվել են վասալայինի: Լեւոն Մկրտչյանը կարեւորելով ՌԴ նախագահի այցը Հայաստան, այն դուրս համարեց որակավորման դաշտից եւ ընդգծեց, որ ընդհանրապես յուրաքանչյուր օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարի այցը Հայաստան կամ տարածաշրջան կարող է ունենալ դրական ազդեցություն տարածաշրջանային զարգացումների վրա:

Վրաստան կատարելիք ԱՄՆ նախագահի այցը Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, քաղաքական գնահատականն է տվյալ երկրում իշխանության եկած ժողովրդավարական ուժերի գործունեության եւ կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում:

Գալուստ Սահակյանի կարծիքով, նշված այցն ուղղված է կովկասյան տան ստեղծմանը, եւ դա պետք է արվի համարժեք զարգացման մոտեցմամբ, ինչն, ըստ նրա, կարեւոր է երեք պետությունների համար էլ: Կարեւորելով նաեւ կառուցվելիք տան թագավորի ով լինելըՙ Սահակյանը հույս հայտնեց, որ այցը մեզ համար էլ դրական մոտեցումներ կպարունակի:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպելու «ՕԵԿ» ծրագիրը, Սամվել Բալասանյանի պնդմամբ, միտված է մինչ ընտրությունները եղած բոլոր հարցերի պարզաբանմանն ու ընտրությունների հանգիստ ընթացքի ապահովմանը: Մինչդեռ Գալուստ Սահակյանն ասում է, որ ՀՀԿ-ն համամիտ է բոլոր կուսակցությունների նախաձեռնություններին, սակայն կոալիցիոն կուսակցությունները կոնսուլտացիաների կարիք չունեն եւ երկու տարի առաջ արդեն ստորագրել են համաձայնեցված փաստաթուղթ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4