Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումները կհանգեն նաեւ Հայ առաքելական եկեղեցու` կրոնական մյուս կազմակերպությունների նկատմամբ առանձնաշնորհյալ դիրքի ապահովմանը: Քրիստոնեական եկեղեցու դերի ու դերակատարման վերաբերյալ առաջարկներ ներկայացրել են հենց իրենք` մայր եկեղեցու սպասավորները:
Մասնավորապես սահմանադրության` եկեղեցուն վերաբերող հատվածում նրանք առաջարկում են կիրառել «Էջմիածին կենտրոնով Հայ առաքելական քրիստոնեական եկեղեցի» անվանումն ամբողջութամբ, որով պետք է սահմանազատվի մյուս եկեղեցիներից:
«Այս առաջարկը նաեւ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ Հայ առաքելական եկեղեցին փաստորեն 2 մասի է բաժանված, այսպիսի ընդգծումով սահմանազատվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարած Հայ առաքելական եկեղեցին», մեկնաբանում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:
Հոգեւորականների հաջորդ սրբագրումը հետեւյալն է` եկեղեցու եւ պետության հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով: Դա նշանակում է, որ սահմանադրության մեջ հիմքեր են ստեղծվելու եկեղեցու մասին առանձին օրենք ընդունելու վերաբերյալ: Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ եկեղեցու եւ պետության հարաբերություններում առ այսօր ճշտված չեն բազմաթիվ գույքային հարցեր` որն է եկեղեցու, որը պետության սեփականությունը եւ այլն:
Այնուամենայնիվ, եկեղեցու պատմական դերի նոր արժեւորումը սահմանադրության մեջ այնքան էլ ծանրակշիռ չէ, եթե համեմատում ենք, օրինակ, Անգլիկան եկեղեցու հետ, ուր թագավորը հռչակվում է նաեւ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, իսկ գահերեցը համարվում է Քենտրբերիի արքեպիսկոպոսը:
Հայ եկեղեցուն անվերապահորեն գլխավոր դիրք հատկացնելու խնդիրը խիստ այժմեական է մեզ համար` նկատի առնելով աղանդների անզուսպ աճն ու նրանց ապազգային անվերահսկելի գործունեությունը:
Ի դեպ, մեզանում նույնիսկ աղանդների պաշտոնական սահմանումը չկա, եւ եկեղեցու մասին օրենքի ընդունումը բազմաթիվ խճճված ու խորացած խնդիրների պատասխան էլ պիտի տա:
Խղճի ազատության սկզբունքով ընդունելով բոլոր աղանդների գործունեությունը, մենք հայտնվել ենք բազմաթիվ վտանգավոր իրողությունների զարգացման սպառնալիքի առաջ: Թե կոնկրետ ինչով են զբաղվում զեռունի պես բազմացող կազմակերպությունները, ինչպիսի ավերներ են գործում մարդկանց կենցաղի ու հոգեբանության վրա, ոչ ոք լրջորեն չի հետազոտել: Մինչդեռ բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ նրանցից շատ շատերը վաղուց գործում են մեր օրենքների ու բարոյական նորմերի ավանդական շրջանակներից դուրս:
Օրենքը ոչ մի դրույթով չի սահմանափակում եւ արգելում այդ իրողությունների հավանականությունը: Ժամանակին, քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Հայաստանում եկեղեցական իրավունքով են կարգավորվել քրեական իրավունքի որոշ բնագավառներ եւ քաղաքացիական-իրավական, մասնավորապես ամուսնա-ընտանեկան հարաբերությունները:
Որոշ երկրներում եկեղեցական իրավունքը նախատեսել է նաեւ խստագույն պատիժներ օրինազանցների հանդեպ, որոնցից քաջ հայտնի է ինկվիզիցիան` կաթոլիկ եկեղեցու հավատաքննական կազմակերպությունը: Նա առավել դաժանություն է հանդես բերել իր հավատքի հակառակորդների, հերետիկոսների հանդեպ: Մեր ժամանակներում, երբ անընդմեջ փողհարվում է խղճի ազատության միջազգային սկզբունքը, նման իրողությունը հիշատակելը ծիծաղելի է թվում, բայց եկեղեցին, այնուամենայնիվ, որոշակի օրենքի մակարդակով որոշակի սահմանափակումներ պետք է հռչակի` իրեն ու նաեւ երկրի անվտանգությունը պաշտպանելու համար:
Կ. Դ.