Մարտի 28-ին լրանում է ազգային- քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 55-ամյակը: Բուռն, քաղաքական իրադարձություններով լի էր նրա կարճատեւ երկրային կյանքը: Իր ակտիվ խառնվածքով, քաղաքական հստակ դիրքորոշմամբ եւ ասելիքով Աշոտ Նավասարդյանը մշտապես եղել է մեր պետության համար կարեւոր իրադարձությունների կիզակետում, պայքարել իր դավանած գաղափարների իրագործման համար: Դեռեւս տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջՙ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ): 1973-ից ԱՄԿ խորհրդի անդամ էր: Լինելով Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնության գաղափարակիրն ու Հայ դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ եւ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին: Այդ գործունեության համար 1969 թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկմանՙ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում եւ ճամբարներում: 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը եւ 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում: 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի ...
1990-ին հիմնադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գաղափարական ժառանգորդն է Ազգային միացյալ կուսակցության: Նույն թվականին ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին: Եղել է ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ:
1995-ից Ազգային Ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ:
1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ստացել ռազմավարի որակավորում: Ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին: